Ամեն մարդ՝ իրա դարդին

Ամեն մարդ՝  իրա դարդին

ՇՇԿՌՄՈՒՆՔ



Ըստ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Մաքսային միությունը Հայաստանի համար նորանոր հեռանկարներ կբացի: Է՛, Դիմա, Դիմա… Բա մեկն էլ չլինե՞ր՝ Մաքսային միության համար հեռանկարներ բացեր:



 



ԱԴԵԿՎԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԻԶԻՍ



Դատելով ԱԺ-ում տեղի ունեցած դռնփակ նիստից հետո արտգործնախարար Նալբանդյանի՝ լրագրողների շրջանում արած հայտարարություններից, կարելի է մտածել, որ մենք Եվրոպային ստիպելու ենք խորացնել իր կապերը Մաքսային միության անդամ Հայաստանի հետ: Հավատարիմ մնալով Նալբանդյանի ոճին՝ ընդգծենք. այո, եզան տակ լավ թաքնված հորթը երկու կովի կաթ կուտի:



 



ՇՄԱՅՍԻ ՄՈՏ՝ ԻՆՉՊԵՍ ՀՀԿ-Ի ՄՈՏ



ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանն ուղղակի երջանիկ է, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: ՀՀԿ-ականի այդ դիրքորոշումը հետաքրքիր է այն տեսանկյունից, որ նա ու մյուս ՀՀԿ-ականները դարձյալ երջանիկ էին լինելու, եթե Սերժ Սարգսյանը որոշեր գնալ դեպի Եվրամիություն:



 



ԲԱՐՈՎ ՄԱՇԵՔ,



ՀԱԶԱՐԸ ՄԱՇԵՔ…



ՀՀ ոստիկանության զգեստապահարանը հարստացավ նոր նմուշով: Ըստ որոշ աղբյուրների՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը որոշել է իր աղավնյակներին օրվա տարբեր ժամերին փողոց հանել տվյալ ժամին հարմար զգեստով: Վերջին նորույթը, ասում են՝ «երեկոյան» ոճի մեջ է: Սպասվում են նաեւ համազգեստի «պարահանդեսային», «թատերական», «խաշի», «կնունքի» հավաքածուներ: Ոստիկանության՝ հասարակության հետ կապերի վարչությունից կտրականապես հերքեցին այն լուրերը, թե իբր ոստիկանապետը բոլորին հրահանգել է միանման ներքնաշորեր կրել, թեեւ չբացառեցին, որ հաջորդ տարի, ամռանը, մեր ոստիկանները փողոց դուրս գան շորտիկով՝ ինչպես Հնդկաստանում:



 



ԱՄԵՆԱԼԱՎԸ ԴՈՒ ԵՍ



Երեւանի բոլոր ժամանակների ամենալավ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ակտիվիստներից պրծում չունի: Եղած-չեղած մի վարչության պետ պիտի փոխի, որ գլուխն ազատի ցուցարարներից, բայց ոչ մի կերպ չի գնում այդ քայլին: Բանից քաջատեղյակ մարդիկ ասում են՝ այդ վարչության պետին ի՞նքն ա նշանակել, որ հիմա էլ ազատի: Այ, այ, այ, ստացվում է, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլեւ վարչության պետն է բոլոր ժամանակների ամենալավը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ