Միշտ կարմիր, մեկ-մեկ էլ՝ կանաչ ճանապարհ

Միշտ կարմիր, մեկ-մեկ էլ՝ կանաչ ճանապարհ

Երբ Երեւանի զանգվածային սեղանիկներն անհետացան, ունեցանք մասնագիտացված փողոցներ, ասենք, խորովածի՝ Պռոշյան, դագաղի՝ Նար-Դոս, էժան աշխատուժի՝ կրկեսի շրջապատը: Ձեւավորվել են նաեւ էլիտար թաղամասեր ու էլիտար փողոցներ, որոնցից առանձնանում է «Նաբերեժնին», որի խրախճանքները, ծնունդները, հարսանիքներն ամփոփվում են գիշերային համազարկերով, որոնք տեւում են 10-30 րոպե եւ հատկապես Աջափնյակում թուրքի հարձակման կամ երկրաշարժի տպավորություն թողնում: Եվ այսպես` ամեն երեկո: Ամեն երեկո համազարկերից արթնանում ու սրտաճմլիկ լացում են թաղամասի մանուկները, հիմքերից ցնցվում են բազմաբնակարան վթարային շենքերը, միանում ու խայտաբղետ աղմկում են ավտոմեքենաների անվտանգության ազդանշանները, ու Աջափնյակը շուրջ կես ժամ վերածվում է կատարյալ գժանոցի: Այսպես, քեֆ անողներն ամեն երեկո, կարծես մտածված, ծիծաղում են սոված եւ անհույս բնակիչների վրա, հերթական անգամ նրանց մղում հայրենիքից դուրս բախտ ու ճակատագիր որոնելու մտորումներին: Եվ այս շարունակվող զավեշտի համար ոչ ոք պատասխանատու չէ: Մի խոսքով, Կիեւյան կամուրջն էլ մենաշնորհային է, այն էլ՝ կրկնակի: Ցերեկներն այնտեղից նետվում են հուսալքվածները, երեկոները համազարկերն ազդարարում են հերթական կերած-խմածի ծնունդը, կնունքը կամ հարսանիքը:



Առհասարակ, Աջափնյակում մենաշնորհային բաներ ավելի շատ կան, քան քաղաքի այլ թաղամասերում: Օրինակ՝ վթարային 4-5 հարկանի շենքերը, որոնց մեջ ապրելը, առավել եւս՝ քնելը, հերոսություն է, մանավանդ այն շենքերը, որոնց ավերածությունները տեսանելի են բոլոր կողմերից: Սակայն դրանցում տեղադրված են նաեւ խանութներ, դեղատներ, ու մարդիկ ազատ ելումուտ են անում՝ թքած ունենալով ցանկացած վտանգի վրա: Այս թաղամասում անհեթեթ մահերի շատ պատճառներ կան: Ասենք՝ ավտովթարները, որոնք ավելի անհեթեթ են դառնում, երբ դրանց նպաստում ենք նաեւ մենք: Այս թաղամասում ոչ մի անցում գծանշված չէ, լուսարձակներն աշխատում են ընդմիջումներով, ասֆալտը տարիներով քանդված է, մանավանդ նրբանցքներում եւ զբոսաշրջիկների պահանջարկ չունեցող վայրերում: Քաղաքապետարանը միայն Երեւանի կենտրոնինն է եւ միայն կենտրոնի փողոցներն է նորոգում ու գծանշում:



Արդեն մեկ շաբաթ է՝ Շինարարների եւ Էստոնական փողոցների խաչմերուկի լուսարձակները կարմիր ու կանաչ են վառվում՝ ստիպելով վարորդներին եւ անցորդներին հույսը դնել բախտի եւ Աստծո վրա ու խաչակնքելով հատել խաչմերուկը: Մեկ շաբաթում այստեղ ավտոմեքենաների մի քանի բախումներ են եղել, անիվների տակից հրաշքով մազապուրծ են եղել մարդիկ՝ հատկապես երեխաներ, սակայն խաչմերուկին շարունակում է կարմիրը մշտապես վառվել, հետո նոր՝ կանաչը, որը նկատել են թե՛ պետավտոտեսուչները, թե՛ ոստիկանները ¥Մաշտոցի ոստիկանության բաժինն այստեղից մի քանի քայլ հեռավորության վրա է), թե՛ թաղի ղեկավարությունը, սակայն դրանով զբաղվելու ժամանակ ոչ ոք չունի, որովհետեւ դրա վրա ծախսվող փողը եկամտաբեր չէ, ինչպես տեսախցիկների կամ կարմիր գծանշումների վրա ծախսվողը: Այս թաղամասն առանձնանում է նաեւ նրանով, որ անտեր է, անղեկավար ու բարձիթողի, որովհետեւ ավելի բարեկարգ մայրաքաղաք կարգախոսի համար նախատեսված պաստառները սպառվել են քաղաքապետի ընտրության գիշերը:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ