Մամուլից վառվածը

Մամուլից վառվածը

Երկօրյա քննարկումից հետո խորհրդարանը երեկ քվեարկեց «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի հիմնական նպատակը սկզբնաղբյուրին պատշաճ հղում ապահովելն է: Հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներն այն ծավալով են արտատպում մեկ այլ լրատվամիջոցի հոդվածները, որ այլեւս ցանկություն չի լինում կարդալու սկզբնաղբյուրը: Օրինագծով նաեւ նախատեսվում է հեղինակային իրավունքի ոտնահարման համար սահմանել 100-200 հազար դրամ տույժ, որը կգանձվի դատական կարգով եւ փոխանցվի այն ԶԼՄ-ի բյուջե, որի հեղինակային իրավունքը խախտվել է: Սակայն տուժած ԶԼՄ-ն է որոշելու՝ դատի տալ իր հեղինակային իրավունքը խախտած ԶԼՄ-ին, թե ոչ, որեւէ երրորդ մարմին չի հսկելու այդ գործընթացը: Պարզ ասած՝ օրենքում փոփոխությունը միմիայն բխում է լրատվամիջոցների եւ հատկապես տպագիր մամուլի շահերից: Նախագծի քվեարկությունից պարզ դարձավ, որ մամուլից միակ «վառվածը» ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն է, ով դեմ է քվեարկել, որոշումն ընդունվել է 113 կողմով, առանց  ձեռնպահների: