ՓՈՔՐ ՄԱՐՏԻ ՄԵԿ` ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ

ՓՈՔՐ ՄԱՐՏԻ ՄԵԿ` ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԴԵՄ

Քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում առողջության համար վտանգավոր է դառնում: Դեռեւս օգոստոսի 26-ին քաղաքապետարանի առաջ նստացույց անող երիտասարդները ոստիկաններին զգուշացնում էին, որ իրենց մոտից հեռախոսներ են գողանում, ոսկյա իրեր, որ սեւ մեքենաներով իրենց անծանոթներ են մոտենում, հայհոյում եւ սպառնում, թե կվնասեն իրենց եւ ընտանիքներին: Ոստիկանները ձեւական պատասխաններ էին տալիս` բաժին էին հրավիրում, գրավոր դիմում պահանջում, հրաժարվում էին հերթապահություն սահմանել քաղաքապետարանի շենքի մոտ: Ոստիկանների հանցավոր անգործությունը, որի վերջը դարանակալ հարձակումներն էին ակտիվիստների դեմ, գոտեպնդեց հանցագործներին եւ կասկածներ սերմանեց, որ ակտիվիստների ծեծը հենց Վովա Գասպարյանի հնարամտության արդյունքն է: 



 



ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՐՈՀԻ ՎԱՐՊԵՏ



Հենց ոստիկանապետն է հոգեբանական գրոհների թիվ մեկ մասնագետը մեզանում: Ձեւերը փոխվում են ըստ հանգամանքների` ելնելով պատմական պահի առանձնահատկությունից: Օրինակ, 2011 թվականի նոյեմբերին, երբ Գասպարյանը դեռ պաշտպանության փոխնախարար էր, հայտնվեց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, ծանր վիրավոր զինծառայող Մանվել Հազրոյանի մահճի մոտ, որին կասկածում էին սպանության մեջ: Տղայի հիվանդասենյակից փոխնախարարը դուրս է եկել «հանցագործությունը բացահայտված է» բառերով, իսկ զինվորը շուտով խոստովանեց, որ «չաթլախ» բառը լսելով եւ կարծելով, թե իրեն է ուղղված, գնդացրից կրակ է բացել ընկերների ուղղությամբ: Այդ պահից սկսած` Հազրոյանը գրեթե դադարեց խոսել անգամ հոր հետ, իսկ հետագայում, երբ արդեն ցմահ դատապարտյալ էր, կախվեց բանտախցում: Այս տարվա ապրիլի 9-ին ոստիկանապետ Գասպարյանն Աստվածաշնչի զորությունն օգտագործեց, եւ Րաֆֆու հետ աղոթեց Սերժ Սարգսյանի եւ իր իսկ հրամանով մարդկանց շանսատակ անող ոստիկանների հոգու փրկության համար: Աստվածաշունչը որպես հոգեբանական ներազդեցության միջոց օգտագործելը վատ միտք չէր: Փաստ է, որ այս զարմանալի միջադեպից հետո Րաֆֆու վարկանիշը կտրուկ ընկավ, իսկ Վովայինը՝ Սերժ Սարգսյանի մոտ, հակառակը, օդ թռավ: Հետագայում ոչ ոք չկարողացավ ապացուցել, որ սա ոչ թե աղոթք էր, այլ պսիխոլինգվիստիկ հնարք` Սուրբ գրքից վերցված տեքստային էլեմենտով: Նույնն այսօր է: Որքան էլ կասկածեն, որ ակտիվիստներին ծեծել տվողը հենց ոստիկանությունն ու ոստիկանապետն են, իշխանությունների հովանավորությամբ, ուղղակի ապացույցներ չկան:



 



 ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ. «ԴՈՒԽԸ ՉԳՑԵՔ»



Երկու օր առաջ վերաքննիչ դատարանում, որտեղ լսվում է պագոնավորների հետ բախումների մեծ փորձ ունեցող քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը, նրանից հաջողացրինք մեկնաբանություն վերցնել ոստիկանների դարանակալ հարձակումների վերաբերյալ: «Հաշվի առնելով վերջին 5 տարիները, համարյա վստահ եմ, որ սա քաղաքի վարչության պետ Կարապետյան Աշոտի գործելաոճն է` խմբեր ստեղծել, ակտիվիստների վրա հարձակումներ կազմակերպել: Մանր բաների մասնագետ է Կարապետյան Աշոտը: Նա շատ լավ կհասկանա, թե ես ինչ նկատի ունեմ եւ ինչ հիմքեր ունեմ սա պնդելու: Իսկ Գասպարյանը նրա փորձն է կիրառում: Ֆիզիկական ճնշման միջոցով փորձում են վախեցնել, լռեցնել բոլորին, ովքեր ուզում են երկրում իրավիճակ փոխել: Բայց զգուշացնում եմ, որ սա դատապարտված փորձ է: Պատվիրատուն ու կատարողը հայտնի են: Վովա ու Աշոտ, հետո չասեք` Տիկոն գիտեր ու չասեց»,- ասաց Տիգրան Առաքելյանն ու խնդրեց փոխանցել ազատության մեջ գտնվող ակտիվիստներին, որ գլուխները բարձր պահեն, «դուխները» չգցեն:



 



ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՏՆԱՀԵՏՔ ՉԵՆ ՎԵՐՑՐԵԼ



Սեպտեմբերի 5-ին Կողբացու վրա գտնվող շենքի բակում ծեծված Հայկակ Արշամյանը վստահ է, որ հետաքննությունը զուտ «պրոտոկոլային բնույթի» է: Արշամյանը ծեծվել է իր մեքենայից դուրս գալուց հետո, ավտոտնակի մոտ, իսկ նրա ընկերը` Սուրեն Սաղաթելյանը, չի էլ հասցրել դուրս գալ մեքենայից: Նրա դեմքին հարվածել են մեքենայի դռնով, որին պետք է որ կենսաբանական հետքեր լինեն եւ մատնահետքեր: Մեկ շաբաթ է անցել, բայց Հայկակ Արշամյանի մեքենան, որն ավտոտնակում է, որեւէ փորձաքննության չի ենթարկվել: «Երկուշաբթի պետք է գային, որ զննեին մեքենան, չեկան: Ինձ չեն էլ ասել` քշեմ, թե մնա կանգնած»,- ասում է Արշամյանը: Միջադեպի նյութերով զբաղվող հետաքննիչ Անդրանիկ Այվազյանը, սակայն, վստահեցնում է, որ զգուշացրել է Արշամյանին, որ ավտոմեքենան չշահագործի, եւ որ այն փորձաքննության ենթարկելու համար դեռ համապատասխան փաստաթղթերը պատրաստ չեն: «Դրա համար որոշում կկայացվի, որ համապատասխան մասնագետը փորձաքննության գա: Հիմա սպասում ենք որոշման պատասխանին»,- ասաց նա: Նաեւ հայտնեց, որ պահանջվել են ՊԵԿ շենքը հսկող տեսախցիկների, ինչպես նաեւ ակտիվիստների` մինչեւ դեպքի վայր ճանապարհին գտնվող ՃՈ տեսադիտման սարքերի ժապավենները: Հարցին, թե արդյոք հետքերը չե՞ն փչանում, եւ ինչո՞ւ է այսքան ձգձգվում թղթաբանությունը, նա պատասխանեց. «Եթե նյութեր են նախապատրաստվում, փաստական ապացույցներ են ձեռք բերում, իսկ ապացույցների հիմքերն էլ թղթերն են, չէ՞, հանդիսանում: Չէ՞ որ ես չեմ կարող զանգահարեմ, բանավոր ինչ-որ մեկից պահանջեմ, որ մասնագետ ուղարկի: Թղթով պետք է ցույց տալ, որ մասնագետ է ներգրավված նյութերին, որը որ մատնահետք է վերցնում կամ իրեղեն ապացույցների հետ գործողություններ է կատարում»: Մենք չցանկացանք բացատրել քննիչին, որ նման դեպքերում գոյություն ունեն անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց թվում նաեւ փորձանմուշներ վերցնելն է դեպքի վայրից, քանի որ դիլետանտ ենք: Նախընտրեցինք հավատալ նրա խոստմանը, որ քրեական գործ անպայման հարուցվելու է: «Կարող է գործ հարուցվի, բայց ես ոչ մի ակնկալիք ոստիկանությունից չունեմ, որովհետեւ նախկին տարիների փորձը ցույց է տալիս, որ նման հանցագործությունները չեն բացահայտվում: Ազատ խոսքի կամ հայացքների ազատ արտահայտման դեմ մի բացահայտված հանցագործության օրինակ բերեք, ես էլ կասեմ` այո, հույս ունեմ, որ կբացահայտվի»,- ասում է Հայկակ Արշամյանը: 



ՀԳ - 2008 թվականի մարտի 1-ին նույնպես կային տեսաձայնագրություններ, որոնց վրա երեւում էին կրակող ոստիկանները: Հայտնի են հրամաններ արձակողները, կան փամփուշտները: Տեսապատկերներում լավ երեւում են տեղը, վայրն ու զանգվածային ահաբեկչության ժամը, բայց մինչ օրս իրավապահները չեն բացահայտել մարդասպաններին: Ակտիվիստների դեմ կազմակերպված ահաբեկչությունը, ի տարբերություն Մարտի մեկի դեպքերի, պարտիզանական բնույթի է, բայց նպատակը նույնն է՝ վախ սերմանել, փողոցից տուն ուղարկել բողոքող քաղաքացուն:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ