ՕԼԻԳԱՐԽԻ ՏՂԱՆ` ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՒ ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԴԵՄ

ՕԼԻԳԱՐԽԻ ՏՂԱՆ` ՀԱՇՄԱՆԴԱՄ ՈՒ ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋ ԴԵՄ

2007 թվականին աշխարհի 80 պետությունների հետ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ում ստորագրեց Հաշմանդամ մարդկանց իրավունքների կոնվենցիան: Այն նպատակ ունի խթանել հաշմանդամների լիիրավ պաշտպանությունը, նպաստել հասարակությանը նրանց ինտեգրմանն ու հավասար մասնակցությանը սոցիալական գործընթացներին: Սա` ըստ պաշտոնական փաստաթղթի: Իսկ հայ իրականության մեջ, որին շատ հաճախ առնչվում են հաշմանդամություն ունեցողները, գործնականում ամեն ինչ այլ է:



Եթե մայրաքաղաքում հաշմանդամության խնդիրներն ինչ-որ իմաստով կարելի է լուծման գործընթացում տեսնել, ապա նույնը չէ մարզերում: Մասնավորապես`    հեռավոր:



Եղեգնաձորցի Աշխեն Մարգարյանն արդեն քանի տարի պետական դռները թակելով է զբաղված: Հիվանդության պատճառով ոտքից զրկված 48-ամյա կինը ոչ պետության խնամքի կարիքն ունի, ոչ նյութական ու ֆինանսական օգնություն է խնդրում, ոչ էլ անգործ նստած` հաշմանդամության 16 հազար դրամ թոշակն է «վայելում»: Կյանքի դառն ու դժվարին ճանապարհ անցած կինը, որ ֆիզիկական կորստից առավել հոգեբանական մեծ հարված ստացավ իրեն դավաճանած ամուսնուց` վերջինիս կողմից կոշտ պիտակավորման արժանանալով, կյանքը զրոյից սկսելու ուժ գտավ եւ ինքնուրույն ոտքի կանգնեց: Նա ապրում է Եղեգնաձորի Սեւակի 9-րդ շենքի 3-րդ հարկում, իսկ մեկ հարկ ներքեւ փոքրիկ սենյակ է վարձակալել ու հրուշակեղենի արտադրամաս հիմնել: Փոքրաթիվ աշխատակազմով, որոնց մեջ նույնպես հաշմանդամներ կան, պատվերով տորթեր ու այլ անուշեղեններ է պատրաստում: Տնից արտադրամաս «ճանապարհը» հաշմանդամ կինն անցնում է գրեթե սողեսող, բայց արդեն համակերպվել է, չի տրտնջում, չի բողոքում, մանավանդ, որ վճռականորեն է տրամադրվել` ապացուցելու, որ ինքնուրույն էլ գլուխ կհանի կյանքից, միայն թե խանգարողներ չլինեն: Իսկ խանգարողների պակաս հաշմանդամ կինը չունի:



Նրա արտադրամասին կից մի դատարկ տարածք կա` 43,15 քմ ընդհանուր մակերեսով: Արտադրության ծավալներն ընդլայնելու եւ մի քանի հաշմանդամների եւս աշխատանքով ապահովելու նպատակով տիկին Աշխենը տարածքի բարելավման խնդրի առաջ է կանգնած: Իսկ քանի որ հարեւանությամբ գտնվող դատարկ տարածքն իզուր առնետաբնի է վերածվում, Վայոց Ձորի մարզպետին խնդրել է այն վարձակալությամբ իրեն տրամադրել: Բայց պարզվում է, որ տարածքը ոչ թե մարզային, այլ պետական ենթակայություն ունի. գտնվում է Պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում: Նույն խնդրանքով հաշմանդամ կինը դիմել է Պետգույքի կառավարման վարչություն: Այստեղից պատասխանել են, որ նշված դատարկ տարածքն ու շենքի նկուղային մասում գտնվող շուրջ 600 քմ ընդհանուր մակերեսով տարածքը միեւնույն փաթեթում են, որոնք առաջիկայում կդրվեն աճուրդի: Նշվել էր նաեւ աճուրդի մեկնարկային գինը` 22 մլն 600 հազար դրամ: Պետական պաշտոնյաները, լավ իմանալով, որ գործ ունեն միայնակ ու հաշմանդամության թոշակ ստացող կնոջ հետ, ցինիկաբար առաջարկել էին մասնակցել աճուրդին: «Առանց վատ զգալու, հաշմանդամիս առաջարկում են իմ 16 հազար դրամով միլիոնանոց աճուրդին մասնակցեմ: Ես գիտեմ, որ նկուղն ու 2-րդ հարկի տարածքը միտումնավոր են մի փաթեթում ներառել. հաշմանդամիս համար արհեստականորեն բարդություն են ստեղծել, որ հրաժարվեմ այն վարձակալելու  մտքից»,- ասաց Աշխեն Մարգարյանը: Իսկ թե ում է պետք հաշմանդամի առաջ խոչընդոտներ առաջացնելը, տիկին Աշխենն ասաց. «Մեր մոտ մի օլիգարխ կա` նրա տղային: Ինքն է ուզում գնել այդ տարածքը, բայց ոչ 22,6000 միլիոնով: Աճուրդի անցկացման ձեւերը լավ գիտի. չվաճառվելու դեպքում ամիսը մեկ գինը կնվազի, եւ երբ հասցնի իր ուզած գնին, կառնի»:



Պաշտոնյաների աննրբանկատ վերաբերմունքից վիրավորված, տեղաշարժման խնդիրներով կինը դիմել է նաեւ առաջին տիկնոջը: Լավ իմանալով, որ նման հարցերն առաջին տիկնոջ իրավասություններից դուրս են, Աշխենն այնուամենայնիվ, խիզախել է գնալ այդ քայլին` զուտ մարդկայնորեն աջակցություն ստանալու հույսով: Բայց այստեղ էլ է սխալվել:



Խեղված ճակատագրով ու հաշմված մարմնով կինը հիմա էլ փորձում է մամուլի միջոցով խնդիրը լսելի դարձնել հաշմանդամների շահերից հանդես եկող հասարակական կազմակերպություններին, որոնց գործուն միջամտությունն իր կյանքում երբեք չի զգացել:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ