Նախագահը ցավակցել է Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

Նախագահը ցավակցել է Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ: Անվանի մտավորականի հարազատներին, գործընկերներին եւ արվեստի երկրպագուներին ուղղված Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Մեծ է բոլորիս վիշտը: Մենք կորցրինք մեծ դերասանի, մեծ մտավորականի եւ մեծ հայի: Սոս Սարգսյանի ներկայությունը մեր արվեստում եւ հասարակական կյանքում նշանակալի էր: Նա իր վարքով ու կեցվածքով մեզ բոլորիս դարձնում էր ավելի բարի, ավելի ազնիվ, ավելի լավը: Նրա խաղացած դերերը մի ամբողջ դարաշրջան են մեր թատրոնի եւ կինոյի պատմության մեջ: Խորին ցավակցությունն եմ հայտնում Սոս Սարգսյանի հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին, որոնք մեծ հաշվով մեր ողջ ժողովուրդն են: Սա անդառնալի եւ համազգային կորուստ է»: