Սերն աթարին էլ է կպչում

Սերն աթարին էլ է  կպչում

2008 թվի ապրիլից արտաքին գործերի նախարար աշխատող Էդվարդ Նալբանդյանը կարող է դառնալ ամենաերկարակյաց նախարարը, եթե գերազանցի Վարդան Օսկանյանի սահմանած ռեկորդը, ով 10 տարի՝ 1998-2008-ը, զբաղեցրեց մեր երկրի համար կարեւոր այս պաշտոնը: Բայց, ինչպես Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը եւս շատ բան չունի հպարտանալու՝ արտաքին քաղաքական մեծ նվաճումներ նրանց պաշտոնավարման օրոք չեն գրանցվել: Ավելին՝ Էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնավարման 5-ից ավելի տարիների ընթացքում 2 մեծ գործընթացի է մասնակցել՝ երկուսն էլ ավարտվել են խայտառակ ձախողմամբ: Առաջինը, անշուշտ, «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր՝ հայ-թուրքական անփառունակ արձանագրությունների ստորագրման տեսքով, որից մեր պատմության մեջ մնացին նախարարի թշերին թփթփացնելու կադրերը: Մյուսը Եվրամիության հետ մոտ քառամյա բանակցություններն էին, որոնք ավարտվեցին Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնելով եւ մեր արտաքին քաղաքական կուրսն ամբողջությամբ դեպի հյուսիս ուղղելով: Այս երկու ձախողումը նման են խոշոր ճակատամարտեր տանուլ տալուն, երբ զորավարը, ով պարտվել է, հսկայական ֆինանսական ու մարդկային կորուստներ կրել, շարունակի զորքն առաջնորդել՝ այնպես, կարծես ոչինչ չի եղել: Բայց ուր էր թե սրանք լոկալ ճակատամարտեր լինեին եւ կորուստներն էլ՝ վերականգնվող: Երկու գործընթացներում էլ մենք ունենք լրջագույն նահանջ նախնական վիճակից. հիմա ոչ հայ-թուրքական հարաբերություններն են «մինչֆուտբոլային» մակարդակին, ոչ ԵՄ-ի հետ բանակցությունները: Ցանկացած երկրում այսպիսի խոշոր «ճակատամարտեր» տանուլ տված «զորավարին» վաղուց էին պաշտոնաթող արել, կամ ինքն էր հեռացել: Բայց մենք եզակի երկիր ենք, որտեղ պաշտոն ստանում եւ կորցնում են բացառապես սիրո հողի վրա: Նախագահի սիրո: