Ծաղիկներ եւ ձվեր

Ծաղիկներ եւ ձվեր

Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության կազմը վերադառնում է Ստրասբուրգից: Առաջիկա օրերին դեռ կրքերը եռալու են, դեռ տարբեր մակարդակներում ու խմբերում «ռազբորկաներ» են գնալու: Ինչպես «խոստանում» են ոմանք, նախ, օդանավակայանում դիմավորելու արարողություն են կազմակերպելու. իշխանական «ակտիվը» որոշել է «ձվերով ու պոմիդորներով» դիմավորել օրվա «հերոսին»՝ Զարուհի Փոստանջյանին, իսկ ընդդիմադիր հատվածն ու Զարուհուն գնահատողները՝ ծաղիկներով ու ծափերով: Հետո կսկսվի մեղավորներ փնտրելու, բացատրություններ պահանջելու փուլը: Իշխանությունը բացատրություններ կպահանջի ՀՀԿ-ականներից, թե ինչպես թույլ տվեցին այդ բացթողումը, ինչպես կարողացավ «Ժառանգության» ներկայացուցիչը հասնել ամբիոնին ու նման հարց տալ ՀՀ նախագահին: Բայց ամենաթունդ վեճերը, ըստ իս, գնալու են «Ժառանգությունում», որտեղ եթե անգամ Զառայի մազերը «չփիտեն», ապա անպայման հաշիվ կպահանջեն. դա է վկայում «Ժառանգության» անդամների վերջին օրերի պահվածքը: Ամեն դեպքում, այս պատահարը մի բան ցուցանեց. Կուսակցություն կոչվող հանրույթը պետք է համախոհների համախմբում լինի, որոնք ոչ միայն իրար նման կմտածեն, այլեւ միմյանց հետ կհամաձայնեցնեն իրենց գործողությունները, եւ մեկը մյուսի քայլերի համար պատասխանատվություն կկրի: Եթե մարդկանց խումբն ընդամենը համախմբվել է մի անձի շուրջ՝ ԱԺ մանդատներ ստանալու համար: Եթե քաղաքական գործունեություն իրականացնելու փոխարեն զբաղված է քաղաքացիական, հասարակական խնդիրներ լուծելով: Եթե այդ խմբի մեջ հավաքված մարդիկ ամենահակասական հայացքների ու տեսակետների կրողն են՝ սկսած սոցիալիզմից, վերջացրած ֆաշիզմով ու ծայրահեղ լիբերալիզմով, ապա նման հակասական վիճակներն անխուսափելի են: