Ուրիշ որ երկրում...

Ուրիշ որ երկրում...

Ուրիշ որ երկրի պառլամենտի ղեկավարն է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա հսկայական շենք ունի՝ շքեղ հյուրանոցի տեսքով: Ուրիշ որ երկրի նախկին նախագահն է մի քանի միլիարդի ունեցվածք կուտակել եւ հսկայական բիզնես գործունեություն ծավալել՝ ավտոմեքենաների ներկրումից մինչեւ առողջապահության եւ կապի բնագավառ: Եվ որ երկրի նախագահն է պաշտոնաթողությունից հետո հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ թե դասախոսություններ կարդալու, մենագրություններ գրելու, հարցազրույցներ տալու, այլ վայրի կենդանիների որս անելու առիթով: Ուրիշ որ երկրում է հնարավոր, որ ծանր քրեական հանցագործության համար մեղադրված եւ պատիժը կրած անձը դառնա ամենահեռանկարային քաղաքական գործիչը, որի անունը շոշափվի երկրի երկրորդ, անգամ առաջին դեմքի պաշտոնի հավակնորդների ցանկում: Ուրիշ որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն են կասկածելի օֆշորային գոտիներին ու արտերկրյա բանկերին գումարներ փոխանցում եւ աղմկոտ սկանդալների կենտրոնում հայտնվում: Ուրիշ որ երկրի նախագահին են մեղադրում կազինոյում խաղալու եւ պարտվելու մեջ: Ուրիշ որ երկրի իշխանությունն է այսքան «հավատարիմ» խնամի-հարեւան-քավոր-սանիկ-զարմիկ ավանդական հասկացություններին ու կապերին: Ուրիշ որ երկրում են չորս տարի բանակցում մի միության մեջ մտնելու համար՝ փաստաթղթեր մշակում, ֆինանսներ ծախսում, գործուղումների մեկնում, ապա համաձայնագիր կնքում տրամագծորեն հակառակ կողմի հետ: Ուրիշ որ երկրի պատգամավորները կարող են իրենց «օրենսդիր» համարել, բայց 5 տարվա ընթացքում ոչ միայն օրենք չգրել, այլեւ չկարդալ ու միայն կոճակ սեղմել: Ուրիշ որ երկրից են այսքան բողոքում, այսպես գլխապատառ փախչում: Բայց եւ հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու: