Սահմանադրությունը մի խախտեք

Սահմանադրությունը մի խախտեք

Ինչ-որ երիտասարդական կազմակերպություն իր առջեւ նպատակ է դրել պայքարել աղանդների դեմ եւ մեր էլեկտրոնային փոստը հեղեղում է նամակներով, ասուլիսներ տալիս, հայտարարություններ անում՝ բացահայտելով «ժողովրդի թշնամիներին»: Թողնենք մի կողմ, թե այս երիտասարդներն ինչու են իրենց վրա վերցրել նման «ազգափրկիչ» գործունեություն, եւ ով է նրանց ստիպում զբաղվել մի գործով, որից ակնհայտորեն վատ հոտ է փչում:



Դառնանք այն փաստին, որ Հայ առաքելական եկեղեցուն դավանել-չդավանելը մարդու անհատական ընտրության հարց է: Եթե պետությունն ընդունել է «Խղճի ազատության մասին» օրենքը, թույլ է տվել, որ տարբեր կրոնական կազմակերպություններ գրանցվեն եւ գործունեություն ծավալեն իր տարածքում, կնշանակի հավատքի, դավանանքի, տարբեր կազմակերպություններին հարելու ազատություն է սահմանված մեզանում: Իսկ նրանք, ովքեր խախտում են օրենքը՝ կրոնական անհանդուրժողականություն են քարոզում, հետապնդում են այլ կրոնական դավանանք ունեցող անձանց, պետք է պատժվեն:



 



Ընդ որում՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հասկանում եմ, որ սա դուր չի գա Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա որոշ հավատացյալներին, որոնք ամեն կերպ փորձում են Հայաստանում պետական եկեղեցու կարգավիճակ տալ Սբ. Էջմիածնին եւ նրա համար հատուկ մենաշնորհյալ պայմաններ ստեղծել, բայց օրենքը, կարծեմ, մենք չենք ընդունել: Այն ընդունված է եւ ենթակա է կատարման: Իսկ պարապությունից, թե ինչ-որ շահագրգռություններից ակտիվացած երիտասարդներին, ովքեր զբաղված են սրա-նրա դեմքը բացահայտելով, շոու-բիզնեսի այս կամ այն աստղի եկեղեցական համակրանքներն ու կրոնական հայացքները դատափետելով, պետք է հասկացնել, որ դրանով Սահմանադրությունն եք ոտնահարում եւ մարդու ազատությունների դեմ ոտնձգություն կատարում: Դադարեցրեք: