Գրողների՞, թե՞ գրամոլների միություն...

Գրողների՞, թե՞ գրամոլների միություն...

1962թ. աշնանը Երեւանում ընթանում էր ԽՍՀՄ շախմատի հերթական չեմպիոնատը, որի փակման արարողությանը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի արտասանած ճառը` իր բացառիկ տխմարությամբ, մտավ պատմություն: Նա մասնավորապես ասաց, թե ինչո՞ւ պիտի մեկ չեմպիոն լինի, թող բոլոր քսան մասնակիցներն էլ չեմպիոն դառնան մեկ չեմպիոնատի ընթացքում, ասաց եւ իր պատմական ճառն ավարտեց` քաջալերելով վերջին` քսաներորդ տեղը գրաված Խոդոսին. «ԺպՐջՈռ, ղՏՊՏր!»:



 



Անցել է ավելի քան կես դար, եւ բազմաչեմպիոնության հանճարեղ գաղափարը մեջտեղ է հանում ՀԳՄ անդամ Հովիկ Հովեյանը, մեկ այլ` գրականության ասպարեզում: «Հրապարակ»-ի այս տարվա հոկտեմբերի 9-ի համարում նա հանդես է եկել ընդարձակ մի հարցազրույցով, որը, այսպես ասած, նրա տեսլականն է, թե ինչպիսին պիտի լինի գրականությունը, ՀԳՄ-ն, եւ թե ինքն այդ խորիմաստ գաղափարներն ինչպես պիտի կյանքի կոչի` առաջիկա համագումարում գրական կազմակերպության ղեկն իր ձեռքն առնելուց հետո:



Շիտակն ասած, «Հրապարակ»-ն արջի ծառայություն է մատուցել հարցազրուցվողին, այն իմաստով, որ Հովեյանի ընդդիմախոսները եւ այդ ապերախտ պաշտոնի մրցակիցները կարող են հանգիստ լինել: Ավելին, պիտի շռայլ մաղարիչ անեն խմբագրությանը` այդպիսի ինքնաձաղկող, ինքնամերկացնող, ինքնաոչնչացնող նյութ տպագրելու համար: Ինչպիսի կատաղի քննադատական էլ տպելու լինեին, միեւնույն է, չէին կարողանա այդպես խայտառակել հարցազրուցվողին, ինչպես ինքն է արել իրեն` սեփական ձեռքով:



Մի բան է, երբ մրցակիցն է ասում, թե հարգելի ՀԳՄ անդամ, դուք արժանի չեք այդ պաշտոնին, կատարելապես ուրիշ, երբ անդամն ինքն է իր բերանով բարձրաձայնում մտքեր, որոնք, մեղմ ասած, հիմնավորապես ոչնչացնում են նրան: Ուստի իմաստ չունի հանգամանալից անդրադառնալ այդ հարցազրույցին, քանզի այն պարունակում է իր իսկ ժխտումը, բավական է կարդալ առողջ բանականության լույսի ներքո:



Սակայն չենք կարող լռության մատնել նրա հիմնադրույթներից մեկը, որն այսօր ոչ միայն ավելի ու ավելի հաճախակի է ասվում, այլեւ դառնում է գործելակերպ եւ նույնիսկ քաղաքականություն տաղանդների հանդեպ: Հ. Հովեյանը հայտարարում է, թե չկան առանձնաշնորհյալ գրողներ, ինչպեսեւ` «առաջատար գրողներ»: Չակերտները մերը չեն, իրենն են: Ամեն գնով նախագահական աթոռին ձգտող հավակնորդը կյանքը շփոթում է գրականության հետ: Այո, իսկապես, կյանքում առանձնաշնորհյալներ չպիտի լինեն, քանզի բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ:



 



 



Մինչդեռ գրականությունը եւ արվեստն ուրիշ օրենքներով են առաջնորդվում եւ իրենց էությամբ, փաստորեն, հակասահմանադրական են: Իրավունքն այնտեղ ուժեղինն է, տաղանդով, հմայքով, գիտելիքներով, արտիստիզմով ու ստեղծագործական խիզախումով ուժեղինը: Այդ պատճառով էլ նրանք առանձնաշնորհյալ են, բառ, որի հիմքը ՇՆՈՐՀՆ է, Աստծո, բնության պարգեւը, ուստի նրանք ԱՌԱՋԱՏԱՐ լինելուց զատ ուրիշ ելք չունեն` առանց չակերտի եւ առանց գռեհիկ հեգնանքի: Իսկ մյուս բոլորը, որոնց հանդեպ Աստված այդքան առատաձեռն չի եղել, պիտի ձգտեն այդ եզակիներին հավասարվել եւ այդ ձգտումով իսկ կարողանան գերազանցել իրենք իրենց: Պատմությունը բազմաթիվ օրինակներ է բերում:



 



 



Եթե հավատանք Հ. Հովեյանին, ապա Զոիլոսը եւ Հոմերոսը, տգետ աբեղաները եւ Մովսես Խորենացին, Սալյերին ու Մոցարտը, Մոճոռյանը եւ Թումանյանը, Ենովք Արմենը եւ Մեծարենցը, իսկական գրողը եւ երդվյալ գրամոլը, վերջապես, առաջին տեղ գրաված Կորչնոյը եւ վերջին տեղին արժանացած Խոդոսը հավասարարժեք են, եթե իսկապես հավատանք նրան, ապա գրող, նկարիչ, դերասան, երաժիշտ ու բեմադրիչ լինելու համար տաղանդը բնավ պարտադիր չէ, եւ որ «ամեն մի խոհարար կարող է երկիր ղեկավարել», ինչպես Վլադիմիր Իլյիչն էր ասում, իսկ այսօր այդ «փառահեղ» ավանդներն է ուզում շարունակել Հովեյանը:



Եվ այս մտայնությա՞մբ էր նա ղեկավարում ՀՀ մշակույթի նախարարությունը եւ այս «սկզբունքնե՞րն» է ուզում կիրառել նա ՀԳՄ-ում, եթե, Աստված մի՛ արասցե, հանկարծ, ողբերգական մի թյուրիմացությամբ, նախագահ «ընտրվի»:



Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ