Ձմեռվա սարսափը

Ձմեռվա սարսափը

Օդի ջերմաստիճանն իջել է, ձմեռը շուտով կթակի մեր դռները: Հազիվ օրվա հոգսը հոգացող մարդիկ այսօր զբաղված են բոլորովին այլ խնդիրներով: Նրանց ոչ քաղաքական խժդժությունները, պալատական ինտրիգները, Մաքսային թե Եվրամիություն դիլեման, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի փոփոխությունը, ոչ էլ Պուտինի՝ Հայաստան այցն են հետաքրքրում, այլ այն, թե ինչպես պետք է անցկացնեն այս ձմեռը, ինչով պետք է տաքացնեն բնակարանները, ինչպես պետք է կերակրեն ընտանիքը: Իրենց ապահով ու տաքուկ կաբինետներում  ծվարած պաշտոնյաները, պետության գանձարանը մտնող առնետներն ու արտոնյալ բիզնես ծավալող օլիգարխները դժվար թե ըմբռնեն, թե ինչ ասել է ձմեռ եւ ինչու է ձմեռն անկորուստ հաղթահարելու հոգսն այդքան սիրտ մաշող եւ շարքային քաղաքացուն հուսահատեցնող: Սա այն դեպքն է, երբ «կուշտը սովածին մանր է բրդում»:



 



Աղքատի եւ հարուստի ձմեռն էականորեն տարբերվում է իրարից: Առաջինի համար այն փափուկ ձյան սպասումով, Ամանորյա նվերներով ու տոնածառով լի տարվա գողտրիկ եղանակ է ընդամենը, երկրորդի համար հոգս ու ցավով, հիվանդություններով, ոսկորների միջից դուրս չեկող դողով մի արհավիրք: Հատկապես այս տարի՝ գազի գնի բարձրացումից հետո, մեր գյուղերում սարսափը մեծանում է եղանակի ցրտելուն զուգահեռ: Մարդիկ աղոթում են՝ գոնե տաք ձմեռ լինի: Առանց այն էլ դատարկված մեր գյուղերը հերթական ցուրտ ձմեռվանից հետո էլ ավելի կդատարկվեն, եւ ձմեռը մի կերպ հաղթահարած մարդկանց նոր քարավաններ կբռնեն օտարության ճամփեքը: Սակայն երբ հետեւում ես իշխանությունների գործողություններին, որոնք  գործազրկության նպաստն են կտրում, գազի գինը բարձրացնում, գործունեություն ծավալելու աննպաստ միջավայր ձեւավորում, հասկանալի է դառնում, որ պետությանն այս ամենը չի հուզում: