ՀՀԿ-ի սիրտը պարել էր ուզում

ՀՀԿ-ի սիրտը պարել էր ուզում

 ԱԺ քառօրյայի երրորդ օրը, որպես կանոն, իշխանություն-ընդդիմություն առճակատման օրն է:  Երկրում տիրող կոռուպցիայի, արտագաղթի, տնտեսական անկման, սոցիալական ծանր վիճակի պատասխանատու  կառավարությունն այդ օրը ԱԺ բարձր ամբիոնից պատասխան է տալիս իր արած-չարածի համար: Բայց այս հաշվետվությունը, որը կոչվում է հարցուպատասխան,  տրվում է այն դեպքում, երբ ընդդիմությունն իսկապես ընդդիմություն է եւ սրտացավ  երկրի ու ժողովրդի համար:  Երեկ ԱԺ-ում այնպիսի տպավորություն էր, որ մեր քաղաքական դաշտը ոչնչացել է, արտագաղթել են նաեւ երբեմնի կոկորդ պատռող ընդդիմադիր այրերը: Ընդդիմությունը նոր ասելիք չուներ, չուներ հարձակման նոր թիրախներ եւ հարց էր տալիս զուտ հարցուպատասխանի ժամանակը լմնցնելու համար:



 



 Լեւոն Զուրաբյանն ու Լյուդմիլա Սարգսյանը ձայնի տեմբրով էին փորձում ցույց տալ, որ իրենք հակադիր ճամբարում են, սակայն սա էլ  կախված է դաշնակից ԲՀԿ-ի մարտավարությունից: Զուրաբյանը երեկ հին մեռելներն էր քանդում, օֆշորային սկանդալն էր հիշել, ինչպես նաեւ Ֆլեշի Բարսեղի նկատմամբ իշխանությունների բարեհաճությունը: Անհատ ընդդիմադիրներն էլ, ամեն մեկը կառավարության հետ ունեցած բարեկամության չափով էր դրսեւորվում: Ընդհանուր առմամբ, պասիվ ու ճահճացած մթնոլորտ էր:  Արդեն  քայքայված «Ժառանգությունը» ֆրակցիայի ներսում խնդիրներ ունի, դրսի  հետ սիրտ ու հավես չունի: Դեռ հարցուպատասխանը չսկսած՝  ակտիվ հարձակվողներից մեկը՝ Ռուբիկ Հակոբյանը, ակնոցն աչքին դուրս եկավ  խորհրդարանից ու ճեմելով անցավ Բաղրամյան պողոտան: Այդ ընթացքում տարատեսակ հանցագործությունների մեջ մեղադրվող կառավարությունը  սլանում էր խորհրդարան:  Զարուհի Փոստանջյանը թեեւ որեւէ հարց չտվեց, սակայն մինչեւ վերջ սպառնալից հայացքով հետեւեց տաղտուկ դիալոգներին: Դե, հարցուպատասխանից ժամեր առաջ նա  գուժել էր, որ ԱԺ նախագահությունը, «Ժառանգությանը» հանելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, ավտորիտար որոշում է կայացրել: «Ձեզ սպասվում են դժվարին օրեր, սա ձեզ չի ներվելու»,- սպառնացել էր Զարուհի Փոստանջյանը, ով այս օրերին շրջում է ոստիկաններով:  Մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ դժվարին օրեր ասելով՝ նկատի է ունեցել այն, որ տարբեր ուղղություններով բողոք-նամակներ է ուղարկելու, մինչեւ որ հունվարին ԵԽԽՎ-ն չհաստատի հայաստանյան պատվիրակության լիազորությունները: Իսկ  ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձեց նախահարձակ լինել, թե նախագահին հասցեագրված հարցն ընդամենը առիթ էր եւս մեկ անգամ վերանայելու ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը, քանի որ  նախնական պայմանավորվածություն է եղել, որ ռոտացիա է լինելու, իսկ ՕԵԿ-ը նախկինում ներկայացված չէր, հիմա ռոտացիայի շրջանակում ընդգրկվելու է:



 



 Իսկ Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  եթե նույնիսկ ռոտացիա պետք է իրականացվեր, ապա միայն ընդդիմությանն ընդդիմությամբ փոխարինելով, մինչդեռ որոշվել է ընդդիմության ձայնը փոխարինել իշխանություն ներկայացնող ֆրակցիայի ձայնով: Իսկ ՕԵԿ-ը ոչ թե ձայն է, այլ իշխանությանը  ձայնակցողը: «Ժառանգությանը» ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելն ուշագրավ է հատկապես Հայաստանի՝  Մաքսային միությանն անդամագրման ֆոնին: Չմոռանանք, որ անդամագրման ակտիվ գործընթացին դեմ է արտահայտվել  միայն «Ժառանգությունը», իսկ այսօր դուրս է մնում ԵԽԽՎ-ում  Հայաստանի արտաքին գործընթացների վերաբերյալ հարցադրումներ հնչեցնելու հնարավորությունից: Փոստանջյանի հավաստմամբ, այս նոր փոփոխությամբ բազմակարծությունն ապահովված չէ, ինչը նշանակում է, որ հունվարին ԵԽԽՎ-ն չի հաստատելու Հայաստանի պատվիրակության լիազորությունները, քանի դեռ ապահովված չէ բազմակարծությունը: Իսկ մեր իշխանությունը ոչ միայն այս մասին չի անհանգստանում, այլեւ բուռն ծափերով է ողջունում ԵԽԽՎ պահանջներին հակասող ԱԺ նախագահության որոշումը. երբ Զարուհին հայտարարեց  իրենց ֆրակցիային պատվիրակության կազմից հանելու մասին, ՀՀԿ-ականներն արձագանքեցին բուռն ծափերով:  Նիստի վերջում երբ հարցրինք, թե ինչն էր այդքան ոգեւորել նժդեհականներին, եւ ինչու էին ծափ տալիս, ֆրակցիայի մտքի տիտան Գալուստ Գրիգորիչը հերթական անգամ փայլատակեց. «Ուզում էինք, որ նա պարեր, էն էլ չպարեց»: 



 



Գայանե Սարիբեկյան



[email protected]