Ջավախքը՝ հայ-վրացական բարեկամության կամուրջ, այլ ոչ թե հակամարտության գոտի

Ջավախքը՝  հայ-վրացական բարեկամության կամուրջ, այլ ոչ թե հակամարտության գոտի

«Ջավախքը  ոչ թե Վրաստանին փետրահան անելու  գործիք, այլ  շրջափակումը ճեղքելու միջոց  դարձնենք»  հոդվածում  ցանկացել եմ մատնանշել այն բավական իրական վտանգը, որ սպառնում է Հայաստանին և Ջավախքին: Բանն այն է, որ  ավարտին է մոտենում Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը: Այդ երկաթուղով  բեռները և ուղևորները Երևանից կկարողանան հասնել Եվրոպա շատ ավելի մատչելի սակագներով, քան այսօր  դա արվում է լաստանավերի միջոցով: Ադրբեջանին և Թուրքիային դա դուր չի գալիս՝ քանի որ անիմաստ է դառնում Գյումրի-Կարս երկաթուղին  փակ պահելը: Դա է պատճառը, որ Թուրքիայի ղեկավարներն օրերս առաջարկել են բացել Գյումրի-Կարս-ը՝ փոխարենը պահանջելով Արցախին պատկանող  հինգ  շրջանները: Իսկ եթե հայերը չխաբվեն, գործի կդրվի Ջավախքն ապակայունացնելու տարբերակը:



 



Բացի այդ,  Եվրամիությանն ասոցացվելու ցանկություն դեռևս հայտնող երեք պետություններից ամենադժվարը Վրաստանին հնազանդեցնելն է լինելու: Քանի որ այդ երկրի տնտեսական կապը Մաքսային Միության  երկրների հետ չնչին է և նրա քաղաքացիներն արդեն իսկ տեսել են արևմտյան քաղաքակրթության համը, օրինակ, կյանքն առանց կաշառատվության: Այստեղ նույնպես, Թբիլիսիին խեղճացնելու համար կարող է ընտրվել Ջավախքն ապակայունացնելու տարբերակը:



 



Հայաստանի թշնամիները, առաջին  հերթին՝ Ադրբեջանը, վրացիներին հայերի դեմ տրամադրելու համար անընդհատ բարձրաձայնում են 



 



«Ջավախքի խնդրի մասին»: Չակերտներ եմ դնում, քանի որ մեջբերում եմ ադրբեջանցիների խոսքը:   Եվ Ջավախքի խաղաքարտն օգտագործելու ամենամեծ ջատագովը պաշտոնական Բաքուն է: Պատահական չէ, որ «Ջավախքի խնդրի» մասին  ԵԽԽՎ վերջին նստաշրջանում բարձրաձայնեց հենց ադրբեջանցի պատգամավորը: Ինչին մեր երկրի նախագահը պատասխանեց, որ այդպիսի հարց  գոյություն չունի:



 



Ի պատիվ Վրաստանի իշխանությունների ասեմ, որ թեև նրանք օգտվում են Ադրբեջանի և Թուրքիայի ֆինանսական ներդրումներից, էժան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումից և այլ գայթակղիչ բաներից, սակայն մինչև օրս չեն ենթարկվել  պաշտոնական Բաքվի՝ Հայաստանին խեղճացնելու պահանջներին: Նրանք  չեն սահմանափակել  Վրաստանի տարածքով՝ այլ երկրների հետ Հայաստանի կապը: Ընդհակառակը, Սահակաշվիլին էժանացրեց  բեռների տարանցման սակագները, հեշտացրեց  սահմանահատման կանոնները,  կարգի հրավիրեց  հայկական ավտոմեքենաներից  կաշառք շորթող վրաց ոստիկաններին:  Սահակաշվիլին  նաև ընդունեց  իր համար շատ ռիսկային մի որոշում՝   կարգավիճակ շնորհեց  Հայ առաքելական  և  Վրաստանում գործող  այլ եկեղեցիներին: Դա, իմ կարծիքով, դարձավ ընտրություններում նրա պարտության   հիմնական պատճառներից մեկը: Որովհետև այդ որոշումը զայրացրեց վրաց Պատրիարքին, որը Վրաստանի ամենահեղինակավոր և սիրված անձնավորությունն  է:



 



Վերը նշված իմ մտահոգությունը զայրացրել է մեր իրականության մեջ գոյություն ունեցող ընկեր  փանջունիներին, որոնցից մեկը, Վահե Սարգսյանը, որոշել է չեզոքացնել այն:  Եվ  շարունակել հայերին վրացիների հետ գժտեցնելու ջանքերը՝ օգտագործելով Ջավախքի խաղաքարտը:



 



Վահե Սարգսյանը չի կարողացել հերքել իմ ասածը, այդ պատճառով էլ խեղաթյուրել է իմ ասածները՝ հետո պատասխանել է իր իսկ խեղաթյուրանքներին: Դրանում կարող է համոզվել րնթերցողը՝ համեմատելով իմ գրածն ու Վահե Սարգսյան «մեջբերածը»:



 



Հիմա անդրադառնանք ամենակարևորին:



 



Ի՞նչը կարող է ամենաշատը զայրացնել և հունից հանել հայերին: Իհարկե, թուրքերի հիշատակումը: Եվ Վահե Սարգսյանը դիմում է ԿԳԲ-ի կողմից սիրված այդ խաղաքարտին: Դրա,  օգնությամբ , օրինակ,  անցած դարի  60-ականներին հաջողվեց վարկաբեկել բելգիահայ սիրված երգիչ Մարկ Արյանին և ջնջել հայերի հիշողությունից  նրա անունը: Վահե Սարգսյանը գրում է. «Արդեն օրավուր թուրքանում է Ջավախքը»:



 



Եթե Վրաստանի իշխանությունները դրան կողմ լինեին, Ջավախքը վաղուց  արդեն թուրքացած կլիներ: Բացատրեմ: 1999-ին, երբ Վրաստանն անդամակցեց  Եվրախորհրդին, դա կատարվեց  պայմանով, որ Վրաստանը քաղաքացիություն շնորհի մեսխեթցի թուրքերին և վերաբնակեցնի նրանց  Սամցխե-Ջավախեթի  երկրամասում:  Որտեղից որ նրանք Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին  աքսորվել էին Միջին Ասիա: Ի պատիվ Վրաստանի իշխանությունների ասեմ, որ նրանք չենթարկվեցին Եվրախորհրդի պարտադրանքին: Բայց  եթե մերօրյա փանջունիները շարունակեն Ջավախքը հակամարտության գոտու վերածելու իրենց  ջանքերը, չի բացառվում, որ Վրաստանի նոր իշխանությունների համբերությունը հատնի:



 



Եվ նրանք որոշեն, որ թուրքերն ավելի նախընտրելի են ջավախահայերից: Ու կատարեն Եվրախորհրդի պարտադրանքը, որի ֆինանսական կողմը ապահովելու համար ԵԽ-ն խոստացել էր դոնոր-երկրների հավաք կազմակերպել: Երկու այդպիսի երկիր ինձ հիմա էլ է հայտնի՝ Ադրբեջան և Թուրքիա: Եթե Թբիլիսին համաձայնվի իրականացնել այդ ծրագիրը, նվազագույնը 250 հազար սուննի թուրքեր  կգան Ջավախք: Եվ կկարողանան  տներ գնել՝ դոնորների կողմից տրամադրված  մեծ գումարներով:  Այդ տների մի մասը կլինի Ջավախքում  բնակվող  հայերինը, որոնց թիվը՝  առավելագույնը 190 հազար է: Դրանից հետո Ջավախքի բնակչության 95%-ը հայեր չեն լինի, ինչպես որ այսօր է: Հայաստանն էլ կզրկվի արտասահմանի հետ   կապող իր միակ ճանապարհից, որը չի անցնում թուրքաբնակ տարածքներով:    



 



Չեմ կարող չանդրադառնալ ևս մեկ խեղաթյուրանքի՝  ես  ոչ թե «Վահան Տերյանի տոհմի ներկայացուցիչ եմ», այլ Վահան Տերյանի թոռն եմ: Ինչը   երբեք չեմ օգտագործել որպես գովազդ, փող վաստակելու, հաջողության հասնելու, կամ շրջապատի համակրանքը շահելու գործիք:  Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ մասնագիտությամբ ես մաթեմատիկոս եմ, այլ ոչ թե բանասեր:  Իսկ «Վահան Տերյանի տոհմի ներկայացուցիչ», երբեմն, չիմացողների մոտ նաև  որպես թոռ կամ այլ ազգական ներկայացողները, հենց այդ նպատակով են դա անում: Մինչդեռ, լավագույն դեպքում դրանք Տերյանի շա՜տ հեռավոր ազգականներ են կամ Գանձա գյուղի բնակիչներ: Ասեմ սակայն, որ դա այդքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, որ մարդն իրոք հասկանա, զգա և սիրի Տերյանին: Եվ լինի ազնիվ, ճշտախոս, անկեղծ ու հայրենասեր, ինչպիսին որ Վահան Տերյանն էր, որն իր կյանքն անմնացորդ նվիրեց իր ազգին:  Ինձ համար ազգական չեն այն մարդիկ, որոնք Գանձայի Վահան Տերյանի անվան դպրոցի կառուցման ժամանակ  երկու անգամ «կերան» շինարարության համար տրամադրված գումարները. առաջին անգամ Վրաստանի ԽՍՀ կողմից տրամադրված, իսկ երկրորդ անգամ՝ ամերիկահայերի կողմից հանգանակած գումարները:



 



Ինձ ավելի սրտամոտ է Վրաստանի նախագահ Սահակաշվիլին, որն իր կնոջից տեղեկանալով  Գանձայի Վահան Տերյանի անվան դպրոցի աշակերտների վիճակի մասին   անձամբ եկավ Գանձա: Նա  նախագահական իր ֆոնդից տրամադրեց միջոցներ և, այլևս, հույսը չդնելով տեղի շինարարների վրա, վրացի շինարարներին պատվիրեց մի քանի ամսվա ընթացքում կառուցել և կահավորել Վահան Տերյանի անվան դպրոցի նոր շենքը: Այլապես, 150 տարվա պատմություն ունեցող հին շենքն ամեն րոպե կարող էր փլվել աշակերտների գլխին (http://www.hraparak.am/news/view/37372.html):



 



Վահան Տերյանի ազգականներին, նաև ջավախահայերին ներկայացնող կազմակերպություններին հայտնեմ, եթե, չգիտեն: Վահան Տերյանի հայրական տունը, որտեղ գտնվում է նրա տուն-թանգարանը՝ աղետալի վիճակում է, թանգարանը՝ խղճուկ և ամոթալի վիճակում է: Այդ մասին օրերս աշխարհով մեկ բարձրաձայնել են նրա աշխատակիցները: Թանգարանի կողքին գտնվող իմ նախապապերի կողմից կառուցված եկեղեցին նույնպես աղետալի վիճակում էր: Բարեբախտաբար իմ օգնության կոչին արձագանքեց «Գագիկ Ծառուկյան՚» հիմնադրամը և եկեղեցին վերանորոգվեց:



 



Վահան Տերյանի անտիպ բազմաթիվ ձեռագրեր մինչ օրս չեն հրապարակվել, քանի որ Պավել Մակինցյանի դուստրը չի ցանկանում դա անել: Այդ մի սնդուկ ձեռագրերի մասին միայն ես եմ աղաղակում http://www.hraparak.am/105974/: Օրերս Տերյան փողոցի մի հատվածը վերանվանվեց և ստացավ Քոչինյան անվանումը,  ինչի մասին միայն ես բարձրաձայնեցի՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/90504: Վահան Տերյանի Կոմիտասի այգու Պանթեոնում գտնվող շիրմաքարի շուրջ իմ տնկած վարդենիները քոքահան են արվել և խոտ է ցանվել, ինչի մասին էլ միայն ես բարձրաձայնեցի՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/90729: Իսկ դուք՝ «Վահան Տերյան»  կենտրոն և այլն, Վահան Տերյանի անունն օգտագործելով միայն գումարներ եք հավաքում և ինքներդ ձեզ եք գովազդում: Նաև Տերյանական պոեզիայի օրն օգտագործում եք Վրաստանի իշխանություններին համոզելու համար, թե, իբր, ջավախահայերը անջատողականներ են: Այդ պատճառով էլ պաշտոնական Թբիլիսին սկսել է կասկածանքով վերաբերվել այդ տոնին: Մինչդեռ Վահան Տերյանը հայ-վրացական բարեկամության ջատագով էր և հատուկ վրացերեն էր սովորել, որպեսզի թարգմանություններ կատարի և այդ երկու ժողովուրդներին օգնի՝ իրար ավելի լավ ճանաչել:



 



Հետգրություն: Ափսոս, որ «Հրապարակի» խմբագրությունը խմբագրել է Վահե Սարգսյանի պատասխանը՝ հանելով այնտեղ զետեղված ցածրակարգ և մտավորականին անվայել արտահայտությունները: Այդպիսով, խմբագրությունը խմբագրել է նաև նրա կերպարը՝ դարձնելով այն ավելի բարեկիրթ: Ցանկացողները կարող են կարդալ այդ նամակի չխմբագրված տարբերակը, որը նա ուղարկել էր հայաստանյան շատ լրատվամիջոցների  http://ankakh.com/%D5%A3-%D5%A7%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82%D6%80%D5%BB/:



 



Գրիգոր Էմին-Տերյան