ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ճանապարհները բաժանվեցին

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի ճանապարհները բաժանվեցին

Երկարամյա սիրախաղից հետո երեկ ԲՀԿ-ն ՀԱԿ-ին ակնարկեց մոտալուտ ապահարզանի մասին, հասկացրեց, որ ամենալուրջ պահերին կարող է անհավատարիմ լինել ու «քցել» զուգընկերոջը:



 



Տիգրան Սարգսյանի եւ նրա ղեկավարած կառավարությանն իրենց ոխերիմ թշնամին հայտարարած ԲՀԿ-ականները երեկ  նահանջեցին վերջինների դեմ ռեալ վտանգավոր գրոհից:



ԲՀԿ-ն, փաստորեն, «պայքարի» ավելի անշառ ճանապարհն է գերադասում, ինչպես, օրինակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թեման է:



 



Ոչ վտանգավոր այս պայքարում ԲՀԿ-ին նույնիսկ չի խանգարում այն հանգամանքը, որ իրենք նախկինում կողմ են արտահայտվել այդ համակարգի ներդրմանը, իսկ այսօր, սրերն առած, ընկել են կառավարության եւ նրա ներկայացրած նախագծի «ջանին»՝ առաջին հերթին իրենց դնելով ծիծաղելի վիճակներում: Բայց Կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը, որը վերաբերում էր կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին, ԲՀԿ-ի համար կարող էր գլխացավանք դառնալ:



 



Նույնիսկ այն դեպքում, երբ  ԲՀԿ-ի քվեարկությունը չէր փրկելու հարցապնդումը ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնության «դեմ»-երից, եւ քվեարկությամբ ընդամենը բարոյական եւ քաղաքական աջակցություն կհայտնեին իրենց հավատարիմ գործընկեր ՀԱԿ-ին:



 



Մինչդեռ գործարարների հավաքատեղի այս կուսակցության վրա այդ ձեւական քվեարկությունն անգամ կարող էր շատ ծանր նստել, քանզի կոմպրոմատների սիրահար իշխանությունները կարող էին դրանից հետո ԲՀԿ-ականների դեմ հատ առ հատ դնել իրենց բիզնեսների կոռուպցիոն դրվագները: Հավանաբար, հենց այս նկատառումով եւ շառ ու փորձանքից հեռու մնալու համար ԲՀԿ-ն բոյկոտեց այդ նախագծի քվեարկությունը՝ բոլորովին չհիմնավորված պատճառաբանություն բերելով: Իշխող մեծամասնությունն էլ երեկ մերժեց Կոնգրեսի ներկայացրած հարցապնդումը դատախազություն ուղարկելու եւ ՀՀ կառավարությանը մինչեւ ՀՀ Ազգային ժողովի հաջորդ նստաշրջանը մշակել եւ ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն քաղաքականության անհետաձգելի միջոցառումների ծրագիր առաջարկելու նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «եթե մեծամասնությունը մերժի առաջարկը, դա կնշանակի, որ կոռուպցիայի գլխավոր հովանավորը քաղաքական մեծամասնությունն է»:



 



ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին:



 



«Եթե «ձեր կառավարությունը» ասելու փոխարեն ասեիք «երկրի կառավարությունը», գուցե մտածեինք»,- հեգնեց նա: Նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 10 պատգամավոր՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից, դեմ` 62-ը: ԲՀԿ խմբակցությունը չքվեարկեց: «Որոշ ձեւակերպումների վերաբերյալ ունենք վերապահում, չնայած, ընդհանուր առմամբ, համամիտ ենք գնահատականներին: Կոնգրեսի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն ունենք` հետագայում աշխատել այս փաստաթղթի վրա»,- որոշումը փորձեց բացատրել խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:



 



Թե որ հարցերում է անհամաձայնությունը, այդպես էլ կոնկրետ չասվեց: ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն անգամ անմեղորեն իրենց անտեղյակությունն էին հայտնում հարցի վերաբերյալ, ՀԱԿ-ականները՝  նույնպես, նույնիսկ Զուրաբյանի «գծի» մեջ գտնվող Արամ Մանուկյանը մեզ խորհուրդ տվեց Զուրաբյանից ճշտել դա: Զուրաբյանը քվեարկությունից հետո այլեւս չվերադարձավ նիստերի դահլիճ եւ ողջ օրը մնաց անհասանելի: ԲՀԿ-ում եւս մեզ ուղղորդում էին հայտարարությունն անողի վրա, միակ քիչ թե շատ «տեղեկացվածը» Միքայել Մելքումյանն էր, որից փորձեցինք պարզել չքվեարկելու պատճառները:



 



- Պարոն Մելքումյան, տեղյա՞կ եք, թե կոնկրետ որ հարցերում Ձեր կուսակցությունը վերապահում ունի ՀԱԿ ներկայացրած հարցապնդմանը:






- Դուք այդ հարցն ուղղեք տիկին Զոհրաբյանին:



 



- Դուք տեղյա՞կ չեք:






- Ես ասում եմ՝ եթե ինքն է ասել, ապա հարցն իրեն ուղղեք:



 



 - Փաստորեն Դուք տեղյակ չեք:






- Չէ, իհարկե տեղյակ եմ, ո՞նց կարող էի տեղյակ չլինել: …Կային շատ հստակ անհամաձայնություններ հասցեականության, ձեւակերպումների: Այսինքն, մենք ոչ թե ասում ենք՝ ձեռնպահ ենք, կողմ ենք կամ դեմ ենք, այլ ասեցինք, որ ընդհանրապես այս պահին դա պատեհ չի, դրա համար չմասնակցեցինք:



 



- Հասցեականության վերաբերյալ հատկապես ո՞ր ոլորտի կամ պաշտոնյայի դեմ ուղղված մեղադրանքն էիք համարում հանիրավի:






- Չէ, ես անուններ չեմ ասի, ոչ, ես ասեցի՝ մենք համարում ենք, որ այս պահին իր շեշտադրումներով, հասցեականությամբ դա ընդունելի չի:



 









- Ներողություն, բայց մեր հարկային համակարգն աշխատում է, չէ՞: Հստակ իր վարչարարությամբ: Ձեր ասածից բխում է, որ մեր հարկային համակարգն արդյունավետ չի աշխատում:



 



- Հիմա ուզում եք ասել, որ Դուք, Ձեր ղեկավարը հատկապես եւ բոլոր ԲՀԿ-ական գործարարները նորմալ հարկերը վճարո՞ւմ եք, Ձեզ էլ այդ հարցում են մեղադրում:






- Բացարձակ չեմ կիսում:



 



ՀԳ - Նշենք, որ այս հարցապնդման մեջ խոսվում է բյուջեի ծախսերի եւ եկամուտների թալանի, վարչապետի օֆշորային սկանդալի, «Արմավիայի»՝ բյուջե չվճարած հարկերի, պետգնումների գործընթացում չարաշահումների, ավտոկայանատեղիների ու արագաչափերի հետ կապված կոռուպցիոն երեւույթների, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, նախագահի մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանի գործունեության, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների, Արմեն Գեւորգյանի, Աղվան Հովսեփյանի, Տարոն Մարգարյանի, Գագիկ Խաչատրյանի հայտարարագրերում առկա հակասությունների մասին:



 



 



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ



[email protected]