Բիսմարկը սրախողող է անում Շարմազանովին…

Բիսմարկը սրախողող է անում Շարմազանովին…

Լավ է, որ Շարմազանովը գեղամյանական ոգով Բիսմարկից ցիտատներ է անում, որովհետև իր խոսքն արդեն ոչ վստահություն է նեշնչում, ոչ էլ անգամ լսելու ցանկություն: Լավ է, բայց ափսոս, որ ինքը պատկերացնել անգամ չի կարող, որ աշխարհում եղել, կա ու կլինի բիսմարկյան քաղաքականությունը, բայց ՀՀԿ քաղաքականության մասին տեղյակ են միայն այդ քաղաքականության ձեռքին գերի ժողովուրդը:






ՀՀԿ գործադիր մարմնի դեկտեմբերի 5-ի նիստից հետո լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ կենսաթոշակային կուտակման օրենքը վերանայվի, Շարմազանովը պատասխանել է բիսմարկյան ցիտատով. «Բիսմարկն ասել է՝ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է »: Մամլո խոսնակը մոռանում է, որ ՀՀԿ-ի քաղաքականությունը արվեստ լինելուց այնքան է հեռու, ոնց որ եթե մեկը վոռը բացի ու ասի՝ արվեստ եմ ցուցադրում: Եվ եթե անգամ մեկ տարով հետաձգվի կենսաթոշակային կուտակման փորձարկումը, ապա դա կարվի ոչ թե ՀՀԿ-ի հնարավորի արվեստի շնորհիվ, այլ, որովհետև Ռուսաստանն էլ է մեկ տարով հետաձգել: Կրկնօրինակելու, կոպիա անելու, նմանակելու արվեստով են տառապում: Բիսմակն իր ժողովրդին դրել է կառավարության նույն հարթակի վրա, ասելով. « Մենք բոլորս ժողովուրդ ենք, նաև կառավարությունը»:






Դրանով նա ազգի միասնականությունն է նշել, յուրաքանչյուրի հավասարությունը: Մեր ժողովուրդը սեփական երկրի պատմության կայացման գործընթացից դուրս է մղված: Եվ քանի որ Շարմազանովն այդքան շատ է արժևորում Բիսմարկին, նրան եմ հրամցնում Բիսմարկի մի այլ խոսքը. «Ցանկացած քաղաքական բանակցությունների հիմքում ընկած է do ut des (լատ. «տալիս եմ, որ տաս») սկզբունքը, եթե անգամ, քաղաքավարությունից դրդված, այդ մասին չեն խոսում»: Տալիս եմ որ տաս՝ Շարմազանով, ինչի՞ համար ողջ Հայաստանը սրան ու նրան տվիք ու դեռ շարունակում ենք առանց ժողովրդի իմացության տալ ու տալ, որ ձմեռվա կեսին փո՞ղ չունենանք՝ չսառելու՞:






Ավելին, եթե բիսմարկյան քաղաքականությունը պատկերացնեիք, կիմանայիք, թե Հայաստանն օտարներին ինչու՞ է այդքան պետք: Բիսմարկը 1861 թվականին մի նամակում գրում է. «Լեհերին խփեք այնպես, որ նրանք կորցնեն ապրելու ցանկությունը: Ես ցավակցում եմ նրանց` ողբալի վիճակի համար, սակայն եթե մենք ցանկանում ենք ապրել, ապա մեզ այլ բան չի մնում, քան բնաջնջել նրանց»: Սա՞ էլ ոչինչ չի հուշում գերտերությունների հետ շփման ընթացքում: Ի՞նչ վիճակում ենք այսօր, մտածե՞լ եք՝ արտագաղթ, սով, դժգոհություն, ու միայն գորշություն: Եվ դուք ՀՀԿ-ի քաղաքականությունը հնարավորի արվե՞ստ եք համարում… Մնում է զարմանալ, որ Բիսմարկն իր ցիտատներով սրախողող է անում Շարմազանովին, բայց նա էլի ցիտում է…






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ