Շարմազանով. ՀՀ նախկին նախագահներն էլ են ՌԴ նախագահի հետ ռուսերեն խոսել (տեսանյութ)

Շարմազանով. ՀՀ նախկին նախագահներն էլ են ՌԴ նախագահի հետ ռուսերեն խոսել (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում թե՛ Պուտինի, թե՛ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները լրատվամիջոցները ստիպված եղան թարգմանել հեռուստադիտողների համար, քանի որ դրանք հնչեցին միայն ռուսերեն և առանց թարգմանության։



 



Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքը փաստում է՝ «Հայաստանը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է», մեկ այլ հոդվածով ավելացնում է, որ «Համագումարներում, ժողովներում, պաշտոնական և հանրային այլ միջոցառումների ժամանակ պետք է ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն թարգմանություն»։



 



Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում է հիշեցնել ոչ վաղ անցյալը, ասում է՝ Հայաստանի նախորդ նախագահներն էլ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներին այդպես են վարվել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:



 



«Օրենքի խախտու՞մ է, թե՞ ոչ» հարցին Էդուարդ Շարմազանովը հստակ չպատասխանեց՝ նշելով, որ իրավաբան չէ, բացի այդ չի կարծում, որ Հայաստանում հայոց լեզվին որևէ վտանգ է սպառնում։



 



«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը առանց իրավաբանի մեկնաբանությունն էլ լսելու վստահ է՝ օրենքը խախտվել է։



 



«Դա վերաբերմունք էր սեփական երկրի ինքնիշխանության հանդեպ, դա ինքնիշխանության ընկալման մակարդակի ցուցիչ է։ Ինչպես վերաբերում են ինքնիշխանությանը, այնպես էլ կամաց- կամաց հանձնում են ինքնիշխանության հատվածները դրսի ուժերին, տվյալ դեպքում Ռուսաստանին։ Կարող է առանձնազրույցի ժամանակ, որպեսզի թարգմանիչ չլինի, խոչընդոտի, եթե երկու կողմն էլ մի լեզվի տիրապետում են, նույնիսկ երրորդ լեզու կարող է լինել, բայց պաշտոնական, հանրային մասը լրիվ այլ հատված է, որը շատ կարևոր է և խորհրդանշական»,- ասում է Խուրշուդյանը։



 



Մանրամասները՝ «Ազատություն» TV-ի ռեպորտաժում: