Արի կողքս՝ կմնաս թագավոր, չես գա՝ չես մնա

Արի կողքս՝ կմնաս թագավոր, չես գա՝ չես մնա

Հարցազրույց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ



 



-Պարոն Խաչատրյան, գազի վերաբերյալ խորհրդարանական լսումներին Դուք էլ էիք ներկա, ի՞նչ տվեցին Ձեզ այդ լսումները, եւ ինչպիսի՞ն է ԲՀԿ-ի դիրքորոշումը միջպետական այն պայմանագրերին, որոնք ընդդիմադիրների կողմից բնութագրվեցին կապիտուլյացիա:






- Ես իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում մի քանի էներգակիրների՝ եւ վերամշակող, եւ արդյունահանող գործարաններ եմ կառուցել, շատ լավ պատկերացնում եմ գազի որակի ոլորտը, սովետի քանդվելուց հետո եմ անգամ այդ բիզնեսով զբաղվել:



 



- Բայց նախարարը գազի հետ օդ խառնելու Ձեր կասկածներն իսպառ ցրեց՝ ասելով, որ այդ դեպքում պայթյուն կառաջանա:






- Ես էլ ասացի, որ դա ոչ տեխնիկական, ոչ տեխնոլոգիական որեւէ բարդույթ չի ներկայացնում եւ դա ընդունված, բացահայտ եւ հայտնի բան է բիզնեսում, ես ինժեներ եմ եւ շատ լավ գիտեմ այդ հարցերի մասին: Ես անգամ կարող եմ խորհուրդ տալ՝ «Որտեղ փնտրել կնոջը»՝ «Շեղշե լա ֆամ»:



 



- Իսկ նախարարը կարողացա՞վ Ձեզ համոզել, թե ինչպես է գոյացել գազի պարտքը:






- Իհարկե ոչ, անգամ իմ հարցին, որ մենք 15 տարի անընդմեջ ամբողջ համայնքներում գազիֆիկացիայի ծրագիր ենք իրականացրել՝ վարկերի հաշվին, եւ գուցե այդ գույքը պարտքի դիմաց բավարար էր, եւ պետք չէր այդ 20 տոկոս բաժնեմասը տալ «Գազպրոմին»: Ընդամենը բառեր եւ այլն:



 



- Հիմա ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն, չե՞ք մասնակցի այդ ակտի վավերացմանը:



 



- Առայժմ որոշում չկա, բայց կարծում եմ, որ դեմ կլինի: Իսկ դա, անշուշտ, կվավերացվի, եթե անգամ բերեն խորհրդարան եւ ասեն՝ «մածունը սեւ է», ապա պետք է հաստատեն:



 



- Իսկ ԲՀԿ-ում ի՞նչ վիճակ է, Ձեզ մոտ կարծես թե այնքան էլ միատարր չէ: Պրոռուսական ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանը, օրինակ, վերջին շրջանում եվրոպաներից տուն չի գալիս, հնարավո՞ր է, որ եվրոպական թեւը կուսակցությանը ձգի դեպի Եվրոպա:



 



- Հարցը կարծես թե մի փոքր չի արտացոլում ԲՀԿ-ում տիրող իրականությունը: Ես չգիտեմ, թե Օսկանյանն ինչ հանդիպումներ է արել, այսինքն գիտեմ այնքանով, որքանով տպել են մամուլում: Բայց ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն եվրոպական, համամարդկային արժեքների ջատագով է, միեւնույն ժամանակ, բայց… Մաքսային միություն, թե եվրատնտեսական ինտեգրում. այս հարցերում մենք չունենք ամբողջական պատկերը, որի դեպքում հասկանանք, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, թեպետ մենք մեր ազգային շահի կողմնակիցն ենք: Ոչ ոք այսօր այդ պարզաբանումները չի ներկայացրել, ամեն ինչ կատարվում է գաղտնի, ռուսի ասած՝ «չերեզ կալենա»: Էն Հանրապետական ուժն էլ երբեմն, որ նրանք ելույթ են ունենում ինչ-որ բան, մի օր առաջ մեկ այլ բան ասում, երկրորդ օրը վիզ դրած պաշտպանում, իրենք էլ, համոզված եղեք, ոչինչ չգիտեն: Ուզում եք փորձ անցկացրեք նրանց շրջանում եւ տվեք հարցեր. ոչ մեկ բացարձակ ոչնչից տեղյակ չէ:



 



- Ընդդիմադիր կուսակցություններն այդ դեպքում որտեղի՞ց գիտեն, թե Մաքսային մտնելու դեպքում կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը:






- Ես ինքնիշխանության դեմ լինելու հասկացողությանը մի փոքր վերապահումով եմ մոտենում: Ցանկացած միավորման դեպքում իրավասությունների ինչ-որ շրջանակ դու պարտավոր ես «դելեգիրովատ» անես, դնես ընդհանուրի սեղանին: Դա չէ գլխավորը: Որ չէինք գնալու եվրաինտեգրման, ես համոզված էի դրանում, որ ամբողջը ֆարս էր: Ո՞նց կարող է գնային, եվրաինտեգրում՝ կնշանակեր ընտրություններ՝ իր ամբողջ հետեւանքներով: Մինչդեռ իշխանությունը պահելու լավ ճանապարհը Եվրասիա գնալն է, բայց դա որքանով է պետք ժողովրդին, որքանով կօգնի նրան, ես չգիտեմ:






- Բա որ այդքան բան պարզ է՝ ինչո՞ւ չեք ընդվզում, ժողովրդին ոտքի հանում: Այսինքն՝ ԲՀԿ-ն ընդունո՞ւմ է այդ ամենը, համաձա՞յն է դրա հետ:






- Մեզ համար տնտեսական հաշվարկները պարզ չեն, քաղաքականը, ճիշտ է, մենք դեռ չենք վերլուծել կուսակցությունում, բայց ինձ համար պարզ է: Պետք է իշխանությունը պահելու համար գնալ այնտեղ, որտեղ պահում են, իսկ պահում են Ասիայում:



Եվրոպան է մեզ համար լավը, թե Ասիան տնտեսական առումով, ես մինչ այժմ որեւէ բացատրություն եւ վերլուծություն չեմ տեսել, չեմ կարդացել:



 



- Ես էլ դա եմ հարցնում՝ եթե քաղաքական մոտիվացիան պարզ է, ինչո՞ւ եք օգնում ձեր լռությամբ, որ իշխանությունն իր տեղը հարթի: Ինչո՞ւ ընդդիմադիրների հետ միասին չեք ընդվզում: ԲՀԿ-ն մինչ օրս անգամ պաշտոնական տեսակետ չի հայտնել ՄՄ-ի վերաբերյալ:






- Ես չեմ ասում, որ եթե մտնենք ՄՄ, ժողովրդի վիճակը կլավանա, բայց մենակ հացով չի, այլ՝ բանիվ: Միգուցե ինչ-որ ապրանքներ էժանանան, վիճակը բարելավվի, բայց կարեւորը քաղաքացիական հասարակության ձեւավորումն է, անկախ քաղաքացի ստեղծելն է այս երկրում:



 



- Ես էլ նույնն եմ ասում…






- Այսինքն՝ փոքր եւ միջին բիզնեսի ստեղծումն է, որն այսօր չի թույլատրվում, եւ որի մասին մենք բարձրաձայնում ենք: Քաղաքացին պետք է լինի ֆինանսապես անկախ իր շրջապատից, իր իշխանություններից, որպեսզի կարողանա որոշում կայացնի: Մենք այսօր կործանում ենք փոքր, միջին բիզնեսը, դիտավորյալ, որպեսզի չունենանք քաղաքացիական հասարակություն:



 



- Հասկացա կարծես… բայց ԲՀԿ-ում չէ՞ որ հենց  խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են հիմնականում։






- Խոշոր բիզնեսի եւ միջին բիզնեսի կայանալը բացարձակ միմյանց չհակասող բաներ են: Բարգավաճում են խոշորները կամ չեն բարգավաճում, բացարձակ դա ինձ չի հետաքրքրում, ժողովրդի կենսամակարդակը կարելի է բարձրացնել միայն այն դեպքում, երբ նրանք բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծում: Բայց կառավարությունը չի նպաստում փոքր եւ միջին բիզնեսին, որոնք ընտրություններին դերակատար կլինեն, Ձեզ հայտնի մարդը պարզ եւ հասկանալի ասաց. «Մնան ո՞ր ինչ անեն, հեղափոխությո՞ւն անեն»:



 



- Պարոն Խաչատրյան, ինչքա՞ն է հնարավոր այսպես մեջտեղում, անորոշ՝ ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն կարգավիճակում մնալ:






- Մենք իշխանություն չենք, իշխանությունը նա է, ով տնօրինում է բյուջեն, ատկատները, կաշառքները եւ խորհրդատվական ծախսերը:



 



- Այ, տեսեք, հիմա շատ հարցերում կաշկանդվում եք, ուղիղ պատասխանից խուսափում:






- Իմ կարծիքն արտահայտելու մեջ ես չեմ կաշկանդվում: Հիմա այլընտրանք կհամարեք, ընդդիմություն կհամարեք, թե նոր անուն կհորինեք մեզ:



 



- Իսկ Դուք ԲՀԿ-ն ընդդիմություն համարո՞ւմ եք:






- Ես ինձ համարում եմ ոչ իշխանություն: ԲՀԿ-ն ինքը ոչ իշխանություն է: Ժողովրդին հուզող ցանկացած հարցի դեպքում մենք նրա կողքին ենք: «Ընդդիմություն» հասկացողությունը ոմանց կողմից ծայրահեղությունների մեջ է դիտարկվում, մենք այլընտրանք ենք այն առումով, որ մենք էվոլյուցիոն գործընթացների կողմնակից ենք, միգուցե դա է տարբերությունը: Մենք հեղափոխական գործընթացների ջատագովը չենք, միգուցե մի քանի հոգի մարդ, որը պատասխանատու է միայն իր համար եւ բացարձակ ոչ ժողովրդի, կարող է դուրս գալ-գոռալ, բայց մենք պատասխանատու ենք շատ ավելի մեծ մասսայի համար, քան անգամ իշխանությունը, դա ցույց է տվել իրական ընտրությունը, ժողովրդի իրական կարծիքը: Հետեւաբար, մենք ծայրահեղ քայլերի դիմելու անհրաժեշտություն ոչ ունենք, ոչ էլ իրավունք:



 



- Եթե պատասխանատու եք, ինչո՞ւ Ձեր կես միլիոն էլեկտորատի համար չեք հստակեցնում ՄՄ-ի վերաբերյալ Ձեր դիրքորոշումը, նրանց անորոշության մեջ եք պահում:






- Դե, Մաքսայինի պահով մենք հաշվարկներ չունենք, մենք չենք տեսնում պայմանները, որոնք առաջարկել են այնտեղ մտնելու, ավելին՝ մենք չենք տեսել նաեւ այն պայմանները, որոնք առաջարկել են Ասոցացման համաձայնագրի մեջ մտնելու, խոսքս քաղաքական հատվածի մասին չէ, այլ՝ տնտեսական: Մենք ո՞նց կարող ենք կարծիք հայտնել չիմացածի:



 



- Քաղաքական մասը Ձեզ գոհացնո՞ւմ է:






- Մաքսայինը չունի քաղաքական մաս, այնտեղ չոր հաշվարկ է՝ արի կողքս՝ կմնաս թագավոր, չես գա՝ չես մնա:



 






Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]