Հին ձեռագրերի ու ռոք երաժշտության ներքո

Հին ձեռագրերի ու ռոք երաժշտության ներքո

ՀՀ կառավարությունը, փոխանակ իր էներգիան ու մտավոր կարողությունները կենտրոնացնի բարեփոխումներ անելու, երկրի կյանքում բեկում մտցնելու վրա, զբաղված է էպատաժային, ցուցադրական ակցիաներ կազմակերպելով: 



Օրինակ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը որոշել է տարեվերջյան մամուլի ասուլիսն անցկացնել Մատենադարանում: Թե ինչու՝  բացատրություն չկա: Մինչդեռ ԿԳՆ-ն հսկայածավալ սրահ ունի, որտեղ ասուլիսներ են հրավիրվում: Այս նորարարությունից փորձել է ետ չմնալ նաեւ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նա էլ որոշել է իր ոլորտում գրանցած գլխապտույտ հաջողությունները  ներկայացնել «Կոնգրես» հյուրանոցում, վերջում էլ բանկետ  է անելու:



 



Ի դեպ, այս նախարարը բազմիցս լրագրողներին հասցրել է այնպիսի վիճակի, որ հատկապես սուր հարցեր տալուց առաջ պետք է հոգեբանորեն պատրաստ լինեն ոչ ցանկալի հետեւանքներին: Օրինակ, անցած տարի, երբ ներկայացանք եւ հնչեցրինք հարցը, Կարապետյանը լույսի արագությամբ մտավ է սրահին կից իր աշխատասենյակ՝ դուռը տեղահան անելու ուժգնությամբ շրխկացնելով մեր դեմքին: Հաջորդ օրիգինալն արդարադատության նախարարն է՝ նա էլ որոշել է ոչ թե ասուլիս անել, այլ տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Եվ այդ հանդիպումը կայանալու է ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանին պատկանող «Մելոման» ակումբում:



 



Այս ակումբում է երբեմն լինում նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ թե ինչպես է տարին ամփոփելու կառավարության ղեկավարը՝ կիթառ, թե շրթհարմոն նվագելով, դեռ հայտնի չէ: Համոզված ենք, որ նա եւս ֆանտազիայով ետ չի մնա իր ենթակա նախարարներից:



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]