Գրիգորիչը չորով է դնում հարցը

Գրիգորիչը չորով է դնում հարցը

«Այս օրինագիծը պետք է անցնի»,- իր ելույթն այսպես չորով է ավարտել Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ-ում տեղի ունեցած գազի համաձայնագրի քննարկման ժամանակ: Երանի միայն այդքանն ասած լիներ:



 



Հենց իմացել է, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը, Էլ ոչ ընդդիմադիր է հարցրել, ոչ նախկին կոալիցիոն գործընկեր: «Ես գիտեմ, որ լեզուն ոսկոր չունի, բայց մարդուն, լեզվից բացի, Աստված նաեւ ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվի: Երբ մարդու ուղեղը հիվանդ է ու սիստեմատիկ չի գործում, ուրեմն խոսքն անհեթեթ է: Մեր ժամանակները ծնել են նման փանջունիներ: Դավաճան, չգիտեմ` ինչ… Տո դու էդ ի՞նչ ես դառել, մեկ էլ տեսնում ես` հիստերիայի մեջ են մտնում, սա հիվանդանոց ու հոգեբուժարան չի: Խոսքի մի ապտակը բավական է, որ դուք փոշիանաք: Դեմ ե՞ք, ասեք` դեմ եմ: Չեմ վախեցնում, չափներդ ճանաչեք, հլը ձեր ուժը նայեք ու ձեր տվայտանքներին նայեք: Չեք ուզում, մի քվեարկեք»,- ասել է Գրիգորիչը:



 



Վերջում էլ, թե՝ «Ժողովրդի մոտ դոշ եք ծեծում, որ առանց ժողովրդի չեք կարող ապրել: Զուսպ եղեք, եթե ուզում եք օժանդակած լինեք, ոչ միայն դուք մի ոգևորվեք, ժողովրդին մի մոլորեցրեք: Ժողովուրդը պետք է գազ ստանա: Ընդամենը վաճառքի խնդիր է, վաճառել ենք ռուսական կողմին, էս երկու ամիս է` ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ: Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և չեմ գայթակղվի...»:



 



Քֆուր-քյաֆարը հանած՝ Գրիգորիչի խոսքում մի բարակ տեղ կա, որը, մեր մեջ ասած՝ իրոք քրեական հարց կարող է առաջացնել: Ի՞նչ է նշանակում՝  ընդամենը վաճառքի խնդիր է, վաճառել ենք ռուսական կողմին: Ներողություն, բայց մի՞թե վաճառելուց առաջ չպիտի հարցնեիք՝ վաճառե՞մ, թե՞ չվաճառեմ: Կամ էլ՝ այդ ի՞նչ առևտուր եք արել, որ 300 միլիոն էլ տակ եք տվել:



 



Գալուստ Գրիգորիչ, կարելի է մտածել, ներողություն, հորդ մալն ես վաճառել՝ առանց մեզ տեղյակ պահելու:



 



Էդ.Ա.