Գազի Համաձայնագրի քարը քարին չմնաց, բայց ի՞նչ

Գազի Համաձայնագրի քարը քարին չմնաց, բայց ի՞նչ

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի վավերացման քննարկման եզրափակիչ ելույթներին ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ այս պայմանագիրն ամոթալի է և հակասում է Հայաստանի շահերին։



 



Արծվիկ Մինասյան - Այս պայմանագիրը չի ապահովում Հայաստանի էներգետիկ համակարգի բնականոն առաջընթացը և ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու մինչև 2043 թ-ը Հայաստանն իրավունք չունի որևէ ձևով միջամտել «Գազպրոմին» տրված արտոնություններին։ Սա նշանակում է Հայաստանի Հանրապետության ողջ տնտեսությունը կախվածության մեջ դնել «Գազպրոմից»: 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքի դիմաց 20%-ի վաճառքի գնահատումը չի բխել Հայաստանի շահերից։ Էս ի՞նչ պարտավորություններ եք ստանձնում։ Ամոթ չի՞, վերցնեիք նվեր տայիք՝ ավելի պատվաբեր կլիներ: Հիշեք, որ «Քրեական օրենսգքրում» կա համապատասխան հոդված նման դեպքերի համար:



 



Զարուհի Փոստանջյան- Գործարքը պաշտոնավարման ժամկետը շարունակելու համար էր և վերջ։ Դահլիճում նստած «օլիգարխ պատգամավորներին հիշեցնեմ, որ ՀՀ շուկա արտոնյալ վիճակով «Գազպրոմի» մուտք գործելը ոչ միայն ժողովրդին է վնասելու, այլ նաև իրենց։ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու: 2014-ին պետք է կոմիտե ստեղծել և համախմբվել։ Որովհետև այսպես չենք կարող այլևս: Հայաստանի Հանրապետությունը մնացել է անտեր:






Լևոն Զուրաբյան- ՀՀ Սահմանադրության, բյուջեի մասին օրենքի կոպտագույն խախտումներով կատարված այս գործարքը ծառայել է մեկ նպատակի՝ հետաձգել գազի բարձրացման հետևանքով սոցիալական անխուսափելի դժգոհությունները։ Սա այլ կերպ, քան պետական դավաճանություն անվանել չի կարելի, ուստի յուրաքանչյուր պատգամավոր, որ քվեարկի այս գործարքի օգտին, առաջին հերթին իր վրա է վերցնում պատասխանատվությունը:






Նաիրա Զոհրաբյանը - ԲՀԿ-ն չի մասնակցի այս հանցավոր պայմանագրի քվեարկությանը։ Այս համաձայնագրով ռուսական կողմը ՀՀ կառավարությանն ուղղակի առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ և հայկական կողմը վասալային կարգով ստորագրել է։ ԲՀԿ-ն չի կարող որևէ կերպ մասնակից լինել մի բանի վավերացմանը, որն ուղղակիորեն հարված է ՀՀ-ի ինքնիշխանությանը: Չենք մասնակացելու քվեարկությանը։ Սթափվե՛ք, պատասխանատվության եք ենթարկվելու, բոլո՛րդ, նաև սրան դրոշմը տված դատարանը:



 



Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս հարցով քվեարկությունը տեղի է ունենալու երկուշաբթի, դեկտեմբերի 23-ին, ժամը 12-00-ին: