Հայաստանի գույները փոքր են, մենակ, տխուր ու դժգոհ միմյանցից

Հայաստանի գույները փոքր են,  մենակ, տխուր ու դժգոհ միմյանցից

Հարցազրույց նկարիչ-աբստրակցիոնիստ Գարիկ Կարապետյանի հետ



 



-Գարիկ, նախ ուզում եմ մի քիչ պատմես (որպես նախաբան), թե ինչ ծրագրեր ունես, ինչու ես հիմա Հայաստանում, ցուցահանդես լինելո՞ւ է, թե՞ ոչ։






- Արագած լեռան գեղատեսիլ վայրերից մեկում գտնվող իմ արվեստանոցում ստեղծագործում եմ եւ աշխատանքներս հիմնականում ցուցադրում Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում հնարավոր է այսպես ապրել։ Բոլորս գիտենք, որ մոլորակի վրա կան բնակավայրեր, որոնք կենտրոնական դեր ունեն եւ լի են մեծ իրադարձություններով։ Ես հաճախ  լինում եմ այդ վայրերում եւ ցուցահանդեսներով մասնակից լինում այդ պրոցեսներին, միեւնույն ժամանակ, իմ ազատությունն ինձ թույլ է տալիս ժամանակավորապես հեռու մնալ այդ չափից դուրս հագեցած կյանքից եւ հայտնվել մի հրաշալի «դատարկ» տարածության մեջ։ Այս ազատությունն ինձ համար չափազանց կարեւոր է։ Հիմա Հայաստանում եմ, աշխատում եմ եւ պատրաստվում սպասվող ցուցահանդեսին՝ Եվրոպայում։ Հայաստանում նույնպես մասնակցում եմ ցուցահանդեսների, վերջինը ԱԱ արվեստի աճուրդի կենտրոնի նորաբաց ցուցահանդեսն էր՝ «Հայկական աբստրակտ արվեստ» խորագրի ներքո, որը կշարունակվի մինչեւ փետրվարի վերջ։



 



- Ինչո՞ւ ստեղծագործել Հայաստանում եւ ներկայացվել դրսում…






- Արվեստն ամենուր է եւ հասանելի է, սակայն այն սահմանները, որոնք մենք համառորեն ֆիքսում ենք եւ փորձում դրանով նշել մեր տեղը մոլորակի վրա՝ կապելով դա մեր ինքնության, մշակույթի եւ ազգային արժեքների պահպանման հետ, հետագայում կաշկանդում է մեզ՝ սահմանափակելով մեր տեսողությունը եւ հնարավորությունները։ Իրականում մեր հայ լինելու ինքնությունը, մշակույթը մարդկության շատ ավելի խորը շերտերի հետ է առնչվում, քան մենք պատկերացնում ենք։ Եվ մենք կարիք չունենք փակվելու մեր մեջ։ Ճիշտ հակառակը՝ պետք է բաց լինենք եւ ներքաշված համամարդկային պրոբլեմների մեջ։ Հենց այդ ազատության մեջ կարող ենք լիարժեք դրսեւորել մեր հնարավորությունները։ Այս է պատճառը, որ ստեղծագործել Հայաստանում՝ չի նշանակում, որ հենց Հայաստանում էլ պետք է ցուցադրվի այդ արվեստը։



 



- Որպես նկարիչ-աբստրակցիոնիստ,  ամեն անգամ երբ դրսից ես գալիս ու ինքնաթիռից իջնում, եթե առաջարկեին դատարկ թղթի վրա քո ներկապնակից երեք գույն ընտրել, ո՞րը կբնորոշեր այս անգամ տեսած քո Հայաստանը, ի՞նչ գույներ կընտրեիր։






-  Եթե փորձեմ գույներով ներկայացնել իմ տպավորությունը, պետք է ասեմ, որ ոչ թե 3, այլ չափից դուրս շատ գույներ կան, այնքան շատ, ինչքան որ կհերիքի մարդկային երեւակայությունը, իսկ դա շատ վատ է։ Այդ գույները, սովորաբար, չեն էլ խառնվում եւ միավորվում, քանի որ չկա մեկ ամբողջական եւ հստակ գույն-պատկեր ստեղծելու գաղափար, եւ վախենում են կորցնել իրենց անձնական տարածքները, այդպիսով մնում են մենակ, փոքր, տխուր եւ դժգոհ իրենց կողքի գույներից։ Իսկ եթե, այնուամենայնիվ, խառնվում են նեղ անձնական նպատակներից ելնելով, լղոզվում են ու ավելի վատ վիճակում հայտնվում։ Ահա այդպիսի մի ներկապնակ եմ պատկերացնում Հայաստանը։ Ես կուզեի, որ երկու գույն լիներ՝ սեւ եւ ճերմակ։ Սա ցույց կտար, որ այս տարածության մեջ, որտեղ մենք ամեն օր վերստեղծում ենք մեր հայրենիքը, կա հստակություն, մեծ նպատակ եւ իսկական ջանքեր են համախմբված այն իրականացնելու համար։ Մեծ գաղափարները շատ կոնկրետ են, գույնզգույն չեն ու ոչ էլ լղոզված գույների ամբողջություն են, այլ միավորված գույների հստակ պատկերներ են։



 



- Ես հիշում եմ, որ Սեւի եւ Քիքիի հետ համատեղ ցուցահանդեսներ էիր ունենում, այս միավորումն ի՞նչ է տալիս ստեղծագործող մարդուն։



- Արվեստագետները ժամանակ առ ժամանակ սիրում են խմբեր կազմել եւ ներկայանալ միասին։ Հաճախ դա անհրաժեշտ է եւ ոգեւորում է։ Ինքս էլ մասնակցում եմ աբստրակցիոնիստների խմբակային տարբեր ցուցահանդեսների։ Արվեստը համընդհանուր ջանքերով է ստեղծվում։ Տարբեր սերունդների արվեստագետների փորձությունները եւ գիտելիքները փոխանցվում են միմյանց, եւ այդպես է ստեղծվում իսկական ընկերությունն արվեստագետների միջեւ, բայց պետք է հիշել, որ կա եւս մի շատ կարեւոր պահ արվեստում. երբ դու մենակ ես աշխատում, դա ստեղծագործողի անհատական մեծ պատասխանատվությունն է գործի նկատմամբ։ Արվեստը ոչ միայն «արվեստային» խնդիրներին է վերաբերում, այլ հենց մեր մարդ լինելուն։ Արվեստն իմաստավորում է մեր գոյությունը։



 



- Գարիկ, հաճախ լինելով դրսում, կարող ես «դրսի աչքով» նկատել մեր ներսն ու... ի՞նչ ես կարծում, բացի մեր սոցիալ-տնտեսական հոգսերից, ի՞նչ ընդհանրություններ եւ տարբերություններ ունենք մենք Եվրոպայում ապրող մարդկանց հետ:






- Համացանցն ինչքան մոտեցնում է մարդկանց եւ հնարավորություն տալիս լինել ինֆորմացված, այնքան մարդիկ մեկուսանում են եւ նախընտրում շփվել միայն համացանցով։ Դա, իհարկե, հրաշալի հնարավորություն է ինֆորմացիայի արագ փոխանակման համար։ Բայց դա իսկական շփում չի եւ երբեք չի փոխարինի այն զրույցներին, որոնք մարդիկ ունենում են միմյանց հանդիպելով, որովհետեւ մի դեպքում դա ուղղակի խոսքերի փոխանակում է, իսկ մյուս դեպքում կա մարդկանց ամբողջական ներկայությունը։ Դրանք շատ տարբեր վիճակներ են։ Միշտ, երբ մի նոր միջոց է հայտնվում մեր կյանքում, այն արագ փորձում է բոլոր ֆունկցիաները վերցնել իր վրա, բայց հետագայում նրան մնում է այն, ինչն իրենն էր իրականում։ Այս մեկուսացումը երկար չի տեւի, որովհետեւ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մարդը կարիք ունի իսկական շփման, եւ այս բոլոր հրաշալի նորությունները հենց դրա համար են, որ մենք կարեւորը տարբերենք ոչ կարեւորից ու գնահատենք ճշմարիտ արժեքները, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Մարդիկ ըստ էության նույնն են եւ Եվրոպայում, եւ մեզ մոտ, եւ մոլորակի ամեն կետում, պարզապես մոտեցումներն են տարբեր, եւ դա կապված է կրթության հետ։ Եթե որեւէ բարեկեցիկ Ա կետից Բ կետ գնալու համար ինստիտուցիոնալ վերլուծությունների արդյունքում են գտնում ամենաարդյունավետ եւ կարճ ճանապարհը, ապա մեզ մոտ հաճախ խաշի սեղանի շուրջ նստած՝ իրար կեղծ գովեստի կենացներ շռայլելու ճղճիմ մթնոլորտում են որոշումներ կայացնում։ Դե, արդյունքներն էլ արդեն դժվար չի կանխատեսել։



 



- Ասում ես՝ կարեւորենք ճիշտ արժեքները։ Հետեւելով հայաստանյան կյանքին, քայլելով փողոցում, միացնելով հեռուստացույցը, ի՞նչ ես նկատում, ի՞նչ արժեքային համակարգում ենք մենք այսօր։






- Բանն այն է, որ ուղղակի չկա արժեքային համակարգ։ Ցավոք, մենք շատ հեշտությամբ ենք կորցնում այն արժեքները, որոնք դարերի ընթացքում են ստեղծվել։ Նույնիսկ սովետական փակ ռեժիմի ժամանակ մենք կարողացանք ստեղծել բարձր արժեքներ եւ ունեինք առողջ մտածող հասարակություն, որը կարողացավ հաղթահարել այդ ծանր ժամանակները, երբ պատերազմ էր եւ համարյա ամբողջովին փլուզված տնտեսություն։ Դրանից հետո կարծես հանգստացանք եւ այլեւս ոչինչ չարեցինք ու չօգտագործեցինք մեր հզոր ներուժը։ Հիմա շատ դժվար է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ուղղորդվում մեր հասարակությունը։ Մենք ուղղակի մերժեցինք այդ արժեքները եւ չստեղծեցինք ուրիշ՝ ավելի բարձր արժեքներ։ Հիմա մեր արժեքային համակարգը պատահականություն է ու հարմարվողականություն։



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ