Ազգային գրադարանի շենքում ամեն ինչ լավ է

Ազգային գրադարանի շենքում ամեն ինչ լավ է

 Այն բանից հետո, երբ 2008-11թթ. ընթացքում Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ կատարված չարաշահումների մասով քրեական գործ հարուցվեց, քանի որ պետական բյուջեից 700 միլիոն դրամ ծախսելուց հետո շենքը կիսավեր վիճակում էր հանձնվել, Ազգային գրադարանի շենքը, կարելի է ասել, երկրորդ անգամ վերանորոգվեց։



Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանին վերանորոգման արդյունքն ինչ-որ չափով գոհացնում է, քանի որ շենքում արդեն ջեռուցում կա, թերությունները շտկվել են, կաթսայատունն աշխատում է. «Մինիմում ծրագիրը կատարվել է՝ շենքը հանձնվեց, տերյանական դուռը բացվեց, վարձակալության տրված տարածքներից բոլորը դուրս եկան, սպասարկումն արագացել է, ընթերցողներն էլ գոհ են»։ Թե ինչքան գումար ծախսվեց 2-րդ շինարարության վրա, տնօրենը չգիտի, ասում է միայն, որ գրադարանը, որպես այդպիսին, ֆինանսական ծախսեր չի արել, միայն իրենց հաշվին փայտե մեծ դռներն են վերանորոգել։



Չնայած կրկնակի վերանորոգմանը, այնուամենայնիվ, նոր մասնաշենքում տեղ-տեղ նկատելի էին թեթեւ ճաքեր, ինչը տնօրենը բացատրեց նրանով, որ շենքը կառուցված է հին տեխնոլոգիաներով՝ փայտից, բաղդադից, բացակայում են երկաթե կոնստրուկցիաները, հետեւապես, դրանք վտանգավոր ճաքեր չեն, եւ շենքն այսօր նորմալ վիճակում է։



Գրադարանի տնօրենը նշեց, որ «բոդի բիլդինգի» համար վարձակալության տրված տարածքում շուտով գրատպության թանգարան կլինի, որի համար ձեռք են բերել 50-ականների երկու գրամեքենա եւ փորձում են տարածքը հարմարեցնել նաեւ  հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Թանգարանը կլինի Ազգային գրադարանի ենթակառույցներից մեկը եւ, հավանաբար, «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում էլ կբացի դռներն այցելուների առաջ։



Թե ինչպես հաջողվեց մի քանի վարձակալողներից կրկին հետ ստանալ շենքի տարածքները, տնօրենը դա բացատրում է նախեւառաջ կառավարության, նախարարության եւ  նախագահականից եկող վերաբերմունքով։  



Նոր թամանյանական մասնաշենքում այսօր արդեն տեղակայված է գրադարանի ադմինիստրացիան, 7 տարի փակ վիճակում գտնվող արվեստի եւ գրականության նորաբաց բաժինը՝ իր ընթերցասրահով, հանդիպումների դահլիճը, 110 հոգու համար նախատեսված ընթերցասրահը, համակարգչային կենտրոնը, որը գրադարանը նվեր է ստացել Հայաստան համահայկական հիմնադրամից։ 



 



Տիգրան Զարգարյանի խոսքերով, թվայնացման գործընթացն արդեն սկսվել է գրադարանում, մոտավոր հաշվարկներով՝ Ազգային գրադարանում կա 7 մլն հայատառ տպագիր էջ՝ գիրք, թերթ, ամսագիր, որի թվայնացումը մինչեւ 2020-ը կհասցնեն ավարտել. «Այս պահի դրությամբ 1 մլն տպագիր էջ արդեն թվայնացված է եւ կայքում մեծ այցելություններ ունի։ Մատչելիության սկզբունքով մենք ամեն ինչ կայքում դնում ենք, ինչը նշանակում է, որ դուք կարող եք կարդալ եւ ներբեռնել ձեր համակարգչում։ Որ ասում են՝ չեն կարդում, սուտ են ասում, աշխարհի բոլոր ծայրերից մտնում-կարդում են, եթե կարդալու բան ենք տալիս՝ լավ էլ կարդում են, դիտումները շատ բարձր են։ Հիմա մենք մի մեծ մասշտաբային նախագիծ ենք սկսել՝ ողջ հայ պարբերական մամուլը մատենագիտական նկարագրություն ենք անում, բոլոր համարները թվայնացնում եւ համացանցում ենք դնում։ Այդպես «Արմենիա», «Ալիք» թերթերը հիմա հասանելի են»։



 



Թե գրականության թվայնացման արդյունքում գրադարանն իր ընթերցողների քանի տոկոսն է կորցրել, տնօրենը նշում է, որ վաղ է ասել, քանի որ հանրության մեծ մասը դեռ այդքան քանակի համակարգիչներ չունի, բացի դրանից, ավագ սերունդը համակարգչին չի տիրապետում եւ գերադասում է թղթային տարբերակով աշխատել. «Չեմ կարծում, որ թվայնացումն ընթերցողների թվի վրա ազդի, որովհետեւ գրադարանները, բացի գրադարան լինելուց, նաեւ սոցիալական վայրեր են, որտեղ հավաքվում եւ քննարկում են»:



Ազգային գրադարանն ունի մոտ 340 աշխատող, ովքեր միջինը ստանում են 65-70 հազար դրամ աշխատավարձ, գրադարանի տնօրենը հույս է հայտնում, որ հուլիսի 1-ից աշխատավարձերի 40 տոկոս բարձրացումն ինչ-որ կերպ կբարելավի նրանց սոցիալական վիճակը։



 



Հիշելով մի քանի տարի առաջ գրադարանից գողացված հազվագյուտ գրքերի փաստը, Զարգարյանը նշեց, որ հիմա փոխել է հաշվառման մեխանիզմը, մատյանային համակարգը, պատասխանատվությունն է մեծացվել, նկարահանող սարքեր են տեղադրվել, որպեսզի գրադարանից բացառվեն գողության դեպքերը։   



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]