Երբ արվեստագետները զվարճացնելով են զբաղված, երկիրը գնում է դեպի անդունդը

Երբ արվեստագետները զվարճացնելով են զբաղված, երկիրը գնում է դեպի անդունդը

Շուրջ 30 տարի է, ինչ ազգային-հայրենասիրական երգերով հայաստանյան եւ սփյուռքի բեմին է ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը: Հավատարիմ արմատներին եւ ազգային ոգուն` վաստակաշատ երգիչը երբեւէ չի դավաճանել ազգային երգը եւ շարունակում է ակտիվ համերգային գործունեությամբ հաճույք պատճառել իր հավատարիմ երկրպագուների մեծ բանակին աշխարհի տարբեր երկրներում:



 



- Պարոն Իսպիրյան, արմատնե՞րն են պատճառը, որ Դուք հենց այս ոճի երգեր եք կատարում:






- Այո… եղեռնազարկ եղած ժողովրդի զավակ եմ... Եղեռնից տուժածների մեջ իմ հարազատներից էլ են եղել, որոնք գաղթել են Տարոն աշխարհից: Եվ մանկուց եղել է այդ սերն ազգային-հայրենասիրական երգերի հանդեպ:



 



- Ինչպե՞ս եք ընտրում երգերը, որ կատարում եք, համագործակցո՞ւմ եք երիտասարդ ստեղծագործողների հետ:






- Այդ երգերը մեր ժողովրդի սեփականությունն են, մեր երգն է, մեր վերքը, մեր քաջությունը: Բայց նաեւ համագործակցում եմ մի քանի ստեղծագործողների հետ, այսպես ասած` նոր օրերի աշուղների, ովքեր ունեն հայրենասիրական ոգի: Բայց մեծամասամբ երգում եմ իմ եւ հայրիկիս ստեղծագործած երգերը:



 



- Իսկ ո՞ւմ եք կրթում Ձեր երգերով, եւ արդյոք նպատակ չկա՞ հիմնելու մի կրթօջախ, որտեղ կուսուցանեք երիտասարդներին:






- Մեր ժողովուրդը մի խոսք ունի. «Կաթի հետ մտել է, արյան հետ կգնա»: Եվ սրանք պատահական բառեր չեն: Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր կարող են լավ կատարել ազգային երգերը, իրենք ինձ գտնում են, եւ ես էլ ճանապարհ եմ ցույց տալիս իրենց: Չէ՞ որ արդեն 50 տարեկան եմ, եւս 10, 15 տարի երգեցի, իսկ հետո… որպեսզի թերի չմնա մեր գործը, եւ քանի որ մեր իղձերի կատարումը երգով եմ տեսնում, պետք է ազգային երգը փոխանցեմ գալիք սերնդին: Բացի այդ, կա Աղասին Իսպիրյան, Արաբոն` տղաս, երկուսն էլ իմ տղաներն են, որոնց փոխանցում եմ հայ երգը, իրենք էլ՝ մյուսներին, այսպես հաղորդակից ենք դարձնում այդ երգերին: Բայց այդ երգերն ամեն մեկը չի կարող երգել, կարող են կատարել, բայց դա հոգով երգել չի նշանակի, պետք է ներքուստ զգալ: Իսկ դպրոց ունենալու ցանկություն, իհարկե, կա, եւ կարծում եմ` դա հաջորդ տարի կիրականանա: Մշակույթի նախարարության հետ քննարկել ենք հարցը, եւ այն դրական արձագանք է ստացել:



 



- Շատերն ասում են, թե երիտասարդությունը չի լսում ազգային երաժշտություն, հեռացած է դրանից:






- Այդպես չի… այսօր մենք երիտասարդության մի ամբողջ բանակ ունենք, որը հետեւում է մեզ, եւ մարզերի, եւ մայրաքաղաքի, հատկապես եղեռնազարկ եղած ընտանիքների թոռներ ու ծոռներ, որոնց մանկուց փոխանցվել են այդ երգերը: Վառ ապացույցն այն է, որ 2011 թվականին ունեցանք մեր առաջին մեծ մենահամերգը` Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, որտեղ շուրջ 13 հազար հանդիսատես էր ներկա, մեծ մասամբ` երիտասարդություն: Հաջորդն անցած տարվա մարտի 16-ին տեղի ունեցավ, եւ էլի նույնքան մարդ եկավ ու քաջալերեց մեզ: Պարզապես կարծում եմ, որ այսօրվա քարոզչական ուղղությունն է, որ շեղում է, թե չէ այդ անթեղ կրակը մեր ժողովրդի մեջ կա: Խնդիրն այն է, որ եթերով ավելի շատ հնչում է ռաբիսը, ինչը զարմանալի է, քանի որ ավելի շատ ազգայինը պետք է քարոզվի: Այսօր, ճիշտ է` ունենք ազատագրված Արցախ, բայց ոչ ամրագրված, ունենք Ջավախքի խնդիր, Նախիջեւանի, Գանձակի, ի վերջո` Արեւմտյան Հայաստանի խնդիր: Ուզում եմ մեջբերել հռոմեացի մի գիտնականի խոսքերը, որ ասում է. «Երբ որեւէ երկրի արվեստագետները զվարճացնելով են զբաղված, այդ երկիրը գնում է դեպի անդունդը»: Գուցե կոպիտ օրինակ է, բայց կարծում եմ` շատ դիպուկ ու ճշմարիտ այս օրերի համար:



 



- Երբեւէ չե՞ք հոգնում կամ հիասթափվում…






- Ոչ, ես շարունակելու եմ աշխատել ու ապագան կերտել իմ ուժերով: Ես չպիտի սպասեմ, թե ով է ինձ կանչելու որեւէ հեռուստաընկերությունում կամ միջոցառմանը երգելու, ես իմ գործը պետք է անեմ:



 



- Իսկ ե՞րբ կլինի հաջորդ մենահամերգը:






- Կարծում եմ` մայիսի 28-ին, եւ արդեն աշխատանքները տարվում են: Նախատեսում եմ, որ համերգը լինի Հանրապետության հրապարակում:



 



- Փոքր շուկա ունեցող երկրում, ինչպիսին մերն է, դժվար չէ՞ ստեղծագործելը, չէ՞ որ երգարվեստը մեծ ներդրումներ է պահանջում:






- Սա իմ ուղեգիծն է, ես ուրիշ ճանապարհ չունեմ, եթե ընտրել եմ այս ուղին, ուրեմն պետք է հաղթահարեմ բոլոր դժվարությունները: Ես կատարում եմ այն երգերը, որոնք մնայուն են, հարատեւում են դարեր շարունակ: Զինյալ պայքարի ժամանակ ունեինք աշուղներ` Գեւորգ Չաուշ, Առյուծ Ավագ, Քեռի եւ այլք, որոնք երգեր ստեղծեցին, եւ հետագայում էլ, Արցախի պատերազմի ժամանակ, զինվորներն այդ երգերով էին գնում մարտի դաշտ: Այսինքն` դրանք մեռնող երգեր չեն, մեռնող է ռաբիսը, որ պրոպագանդվում է: Աչքերիդ մեռնեմ, ունքերիդ մեռնեմ… սրանք ժամանակավոր, մի ամսվա երգեր են: Չգիտես ինչու, դրա անունը դրել են շոու-բիզնես, բայց շոու-բիզնեսը հայ ժողովրդի հետ բացարձակապես կապ չունի, դա եվրոպական, ամերիկյան փողոցային երգ-երաժշտությունն է, որն այսօր բերել-կպցրել են մեր ժողովրդին: 



 



- Երկար տարիներ ապրել եք Միացյալ Նահանգներում: Այնտեղ է՞լ էիք երգում:






- Այո, 20 տարի ապրել եմ ԱՄՆ-ում եւ այնտեղ էլ շարունակել եմ երգել: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում եմ:



- 2015 թվականին լրանում է Եղեռնի 100-ամյա տարելիցը: Որպես ազգային երգերի վառ ներկայացուցիչ, մեծ ջատագով՝ արդյոք նախատեսո՞ւմ եք որեւէ ծրագիր:



- Իհարկե, ունեմ մտքեր ու ծրագրեր, որոնք կփորձեմ իմ կողմնակիցների հետ միասին իրագործել: Արաբոյի եւ Աղասու օգնությամբ պատրաստում ենք ծրագիր` նվիրված Եղեռնի 100-ամյակին: Թե ինչ կերպ դա կարվի, ցույց կտա ժամանակը:



 



- Ինչպիսի՞ն էր Ձեզ համար անցնող տարին, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014 թվականից:






- Բավականին լի տարի էր. հյուրախաղեր ունեցա աշխարհի շատ երկրներում: Այսօր Սփյուռքն այդ պակասն ունի ազգայինի, բայց Սփյուռքի ականջները ողողված են հայրենասիրական երգերով, որովհետեւ իրենք եղեռնազարկ եղած ընտանիքների հետնորդներ են, եւ իրենց մեջ դա կա, իսկ Ռուսաստանում գտնվող հայերը դրա պահանջը շատ ավելի ունեն: Եվ դա է, թերեւս, պատճառը, որ Ռուսաստանում ձուլվող հայերն ավելի շատ են, քան մյուս երկրներում: Հաջորդ տարվա համար արդեն ունեմ հրավերներ, զանգեր տարբեր երկրներից` Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական երկրներ: Կուզեի նաեւ համերգ ունենալ Դուբայում:



 



- Կա՞ մի տեղ, որտեղ դեռ չեք երգել, բայց շատ կուզեիք:






- Շատ եմ ուզում Արեւմտյան Հայաստանում ելույթ ունենալ` Մուշ քաղաքում, քանի որ մենք մշեցի ենք, եւ հայացնել այնտեղի թրքացած ու քրդացած հայերին, քանի որ քարոզչական աշխատանքի առումով ինչ որ մշակույթն է անում, ոչինչ չի կարող անել: Կարծում եմ` այս նպատակը վաղ թե ուշ ի կատար կածվի: Շատ կարեւոր է, որ Սփյուռքում մոտ մնան ազգային երգին, քանի որ ազգը մշակույթով է կենդանի: Եվ դրսի հայերն իրենց զավակների ականջներն ինչքան կկարողանան` թող ողողեն ազգային եւ հայրենասիրական երգերով:



 



Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ