Համագումար, որը վերածվեց ասուլիսի

Համագումար, որը վերածվեց ասուլիսի

Դեռ երբեք ՀՀ նախագահն այնպես չէր զարմացրել ՀՀ քաղաքական եւ հասարակական ուժերին, առաջադեմ հանրությանը, ինչպես Երկրապահի համագումարի ժամանակ: Նրա ելույթը եւ հատկապես վերջինիս «հարցուպատասխան» բաժինն ինքնին անակնկալ էին:



 



Սպասվում էր, որ նախագահը ողջույնի կարճ խոսք կասի՝ ԵԿՄ շարքային անդամներին ոգեւորող, որոնք, կարծես, երբեք այնքան հուսալքված եւ աղքատ չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին: Իսկ հետո համագումարի մասնակիցները կզբաղվեն իրենց արդիական հարցերով: Դրանք պետք է որ շատ լինեին, եթե նկատի ունենանք, որ վերջին շրջանում ազատամարտիկների միաժամանակ մի քանի բողոքի շարժում եղավ, բարձրացավ նրանց միտինգային ակտիվությունը: Ոմանք ենթարկվեցին քրեական հետապնդումների եւ այլն:



 



Սակայն իրենց հարցերը քննարկելու ժամանակ երկրապահները չունեցան, քանի որ երկրի նախագահը սեփական մամուլի ասուլիսի վերածեց նրանց համագումարը: Հարցերը նախապես պայմանավորված էին, իսկ հարց տվողները ազատամարտիկներին հոգեհարազատ մարդիկ չէին. Էջմիածնի քաղաքապետը՝ Մանվելի որդի Կարեն Գրիգորյանը, նրա օգնական Մոսոն՝  ԵՊՀ դասախոս Մեսրոպ Մանուկյանը, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, որը Մարտի 1-ի իրադարձություններն աղավաղող սկանդալային դասագրքի հեղինակն է: Իրենց համար անսովոր՝ լրագրողի դերում հայտնված, նրանք վատ ձեւակերպված հարցեր էին տալիս. «ի՞նչ վիճակում է տնտեսությունը», «ո՞րն է արտագաղթի լուծումը», «ո՞րն է գազի պայմանագրի ճակատագիրը»: Միակ պատահական հարցը վերջինն էր, որ տվեց արդարություն փնտրող դպրոցի թոշակառու մի տնօրեն Վարդենիկից. դա դպրոցներում հավաքարարների, պահակների եւ էլեկտրիկների զանգվածային կրճատումների մասին էր, որոնք պատճառաբանվում են աշակերտների թվի նվազմամբ:



 



«Բոլորս պետք է համակերպվենք այն մտքի հետ, որ երբ ժամանակը գալիս է, մենք պետք է գնանք վաստակաշատ հանգստի: Եթե թոշակառու ենք՝ ուրեմն պետք է գնանք մեր թոռներին պահենք, թոշակ ստանանք, որպեսզի մեզ փոխարինեն երիտասարդները, որպեսզի նրանք առանց աշխատանքի չմնան: Սա՛ է իրականությունը, եւ այդ իրականությանը մենք պետք է սթափ հայացքով նայենք». նախագահի այս պատասխանը ոչ մի կապ չուներ հարցի հետ: Մնացած բոլոր հարցերն առնչվում էին ՀՀ տնտեսական իրավիճակին, որից նախագահը, պարզվում է, շատ գոհ է, ինչից միանշանակ հետեւություն է բխում՝ որ Տիգրան Սարգսյանը մնալու է իր տեղում: Իր գոհունակությունը Սերժ Սարգսյանը պատճառաբանում էր Տիգրան Սարգսյանի դասախոսություններից ծանոթ թվերով եւ վերլուծություններով: Օրինակ, կանխատեսված 7 տոկոսի փոխարեն 3,5 տոկոս տնտեսական աճը, որն ունեցանք 2013-ին, նախագահը, ինչպես եւ Տիգրան Սարգսյանը, բացատրում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցմամբ: «Եվ սա սուտ է»,- նույն օրն իր ՖԲ էջում նախագահին հակադարձեց Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով այն, ինչ կրկնել է  բազմիցս՝  որ «2013-ին աշխարհի տնտեսական աճը կազմել է 3 տոկոս (վերջնական թիվը չկա, բայց պարզ է, որ այն 2.9-3.1%-ի արանքում է)։



 



Պրն նախագահ, սա վերջին 15 տարիներին (1998-2013) 7-8-րդ լավ ցուցանիշն է»։ Առհասարակ, նախագահի ելույթից տպավորություն է ստեղծվում, թե նա ընդհանրապես չի հետեւել կուտակայինի, գազի պայմանագրի, եվրոբոնդերի, հարաճուն արտագաղթի թեմայով բորբոքվող կրքերին, ծանոթ չէ քաղաքական եւ հասարակական գործիչների հնչեցրած քննադատություններին եւ փաստարկներին կամ էլ ամեն ինչ անում է վարչապետին այդ պաշտոնում թողնելու, կառավարության խայտառակ աշխատանքն արդարացնելու համար: «Միջին աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում բարձրացել է առաջանցիկ տեմպերով՝ գնաճից ավելի առաջանցիկ տեմպերով»,- ասում է նախագահը, առանց հաշվի առնելու, որ սրա հետ մեկտեղ Հայաստանում չի նվազել աղքատության չափը, եւ, ըստ ՀԲ տվյալների, 2013 թվականին Հայաստանի բնակչության յուրաքանչյուր երրորդ բնակիչ աղքատության գծից ներքեւ է գտնվում:



 



«Մենք այսօր մարդկանց աշխատավարձի 5 տոկոսի չափով նեղություն ենք տալիս, բայց այս տարի հսկայական թվով մարդկանց աշխատավարձեր բարձրացել են... հուլիսի 1-ից բոլոր պետական ծառայողների աշխավարձերը բարձրանալու են 40-80 տոկոսով: Իսկ ի՞նչ է եղել: Հաշվե՛ք, թե բարձրացել է 35 տոկոսով կամ 75 տոկոսով: Մի ակնկալեք այն 5 տոկոսը»,- ասում է նախագահը՝ փորձելով արդարացնել անցումը կուտակային կենսաթոշակի համակարգին, եւ մոռանում է, որ աշխատանք ունեցողների ճնշող մեծամասնությունը զբաղված է ոչ թե պետական, այլ մասնավոր սեկտորում, եւ աշխատավարձի բարձրացումները նրանց հետ կապ չունեն: Թեպետ նրա մի մտքի հետ դժվար է չհամաձայնել: Նախագահը վերջապես խոստովանում է, որ քաղաքական ռեսուրս է ծախսել կենսաթոշակայինի ռեֆորմը, ի հեճուկս ՀՀ բնակչության 80 տոկոսի, առաջ բրթելու համար: «Հո ախմախ չե՞նք, որ այդ վատ բանի վրա ռեսուրս ծախսենք,- ասում է եւ փորձում այս բառն օգտագործելով, ժողովրդի սիրտը մտնել:- Մենք քաղաքական ռեսուրս ենք, չէ՞, ծախսում: Մարդիկ մեզնից դժգոհ են, մենք այդտեղ քաղաքական որեւէ շահ չունենք, որեւէ ռեսուրս ձեռք չենք բերում»: Իրոք, ՀՀԿ-ն սա արել է իր սեփական վարկանիշի հաշվին՝ զրոյից էլ ցածր իջեցնելով այն: «Եթե որեւէ հարցին դեմ է բնակչության 80 տոկոսը, չի նշանակում, որ 20 տոկոսի համար կարող է հարց որոշվել, այն էլ` 30-40 տարվա համար»,- մեկնաբանում է ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:



 



Ըստ էության, անսպասելի խոստովանություն էր նաեւ «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը բանակցություններով, ոչ թե մրցույթով վաճառելու վերաբերյալ բացատրությունը: «Բա որ մրցույթ անցկացնեինք, այդ 20 տոկոսն արժենար 30 մլն, մենք ո՞նց էինք «սաղացնելու» 150 միլիոնով այդ 20 տոկոսը»: Ստացվում է, որ մենք, ճարպիկ առեւտրականի նման, քցե՞լ ենք ռուսներին, որոնց հետ պատրաստվում ենք երկար ճանապարհ գնալ: Նախագահի լեզվով ասած, հիմա սա լա՞վ է, թե՞ վատ:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ