Սպարապետի եղբայրը գոհ է իշխանությունից

Սպարապետի  եղբայրը գոհ է իշխանությունից

Սպարապետի եղբայր Արմեն Սարգսյանը, ով ԵԿՄ վարչության անդամ է, ներկա էր ԵԿՄ համագումարին, իսկ մյուս եղբայրը՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը՝ ԵԿՄ անդամ, ներկա չէր: Արդյոք այսօրվա ԵԿՄ-ն շարունակո՞ւմ է Վազգեն Սարգսյանի թողած ավանդույթը, արժեքները:



«Բոլորը, ովքեր որ ճանաչել են Վազգեն Սարգսյանին, սիրում եւ հարգում են Վազգենին, համենայնդեպս վստահ եմ, որ երբ որ լինում են Եռաբլուրում, Վազգեն Սարգսյանի կողքին, նրանք ամբողջովին ազնիվ են»,- մեր թղթակցին պատասխանել է Արմեն Սարգսյանը:



Հարցին, թե իշխանության վերաբերմունքն ազատամարտիկների նկատմամբ միանշանակ չէ, շատերը  սոցիալապես վատ վիճակում են, եւ իշխանությունն անտարբեր է նրանց նկատմամբ, առավել եւս, որ այսօրվա հույսը դարձյալ իրենք են եւ ոչ թե ծառայությունից խուսափած կարիերիստները, նա իր անհամաձայնությունն է հայտնել այդ կապակցությամբ: «Ես համաձայն չեմ, որ այսօր իշխանություններն ուշադրություն չեն դարձնում մարդկանց, որոնք նեղ վիճակում են, իշխանությունն ազատամարտիկներից յուրաքանչյուրի համար պատրաստ է ամեն ինչ անելու, այլ հարց է, թե որին ինչքանով է հասնում, որին ինչքանով են կարողանում օգտակար լինել»: Հիշեցնենք, որ ԵԿՄ համագումարում ազատամարտիկների բողոքն իրենց սոցիալական վիճակից բանակի գերագույն հրամանատարը որակեց որպես «նվնվոց»: