Երկրապահներին դահլիճում տեղ չկար, աթոռներն զբաղեցրել էին ՀՀԿ-ական դասալիքները

Երկրապահներին դահլիճում տեղ չկար, աթոռներն զբաղեցրել էին ՀՀԿ-ական դասալիքները

 «Երկրապահ՝ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող… հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան հասարակության ամենահարգարժան ու պահպանված խավը պիտի լինի…»:



Այս խոսքերը ԵԿՄ 10-րդ համագումարում ընթերցեց Երկրապահների միության ղեկավար Մանվել Գրիգորյանը, ով համալիրի դահլիճի պատվավոր աթոռները տրամադրել էր բանակից ու ծառայությունից խուսափած անձանց` հայրենիքի համար կյանքը վտանգած իրական երկրապահներին թողնելով միջանցքում: Շարքային երկրապահների մի հատված, որ եկել էր հեռավոր մարզերից, մնացել էր ոտքի վրա: Նրանք, միջանցքներում խումբ-խումբ կանգնած, սրտնեղում էին, որ հրավիրել են, բայց ներսում նստելու տեղ չկա: Ներսում էին նաեւ իշխանությանը զինվորագրված  պատգամավորները` Շարմազանով, Սամվել Ֆարմանյան, Լեւոն Մարտիրոսյան, Տարոն Մարգարյան, Սամվել Ալեքսանյան եւ այլք: Աթոռները զավթել էին նաեւ ծառայած ու չծառայած թաղապետեր, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ական չինովնիկներ, որոնց տեղեկությունները բանակի ու երկրապահի մասին սահմանափակվում են ֆիլմերով ու մասնակցածների զրույցներով: Իհարկե, դահլիճում առանձնապես արտառոց բան չէր կատարվում, ընդամենը հերթական անգամ ամրագրվեց, որ ԵԿՄ-ն վաղուց հեռացել է իր նախնական բովանդակությունից եւ վերածվել քաղաքական  կառույցի, եւ այս պահին առաքելությունը Սերժ Սարգսյանին ներքին թշնամիներից պաշտպանելու գործառույթն է:



 



Եվ պատահական չէր, որ երկրապահների միջոցառումը Սերժ Սարգսյանը վերածեց քաղաքական միջոցառման ու ասուլիսի՝ հակահարված տալով իր քաղաքական օպոնենտներին: Իսկ հարցուպատասխանը բեմադրվեց Մանվել Գրիգորյանի որդու ու օգնականի եւ մարտիմեկյան պատմության էջերը խեղաթյուրած պատմաբան Էդիկ Մինասյանի մասնակցությամբ: Պաշտոնական կազմից ամենաուրախ մարդը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, ով ամբողջ ժամանակ անբռնազբոս ժպիտով, քթի տակ խնդմնդալով՝ ըմբոշխնում էր բեմադրությունը: Երկրապահների՝ հասարակական կազմակերպություն հանդիսացող միությունը լրիվ կուսակցության վերածվեց, երբ նրա կազմը համալրվեց ՀՀԿ-ական մարզպետներով, Սամվել Ալեքսանյանով, Տարոն Մարգարյանով: Իսկ Լիսկայի` Սուրիկ Խաչատրյանի անդամագրումն ուղղակի անարգանք էր հայոց բանակին ու նրանց, ովքեր կյանքը զոհել են հանուն հայրենիքի:



 



Չէ՞ որ դեռ չի մաքրվել այն արյունը, որն ամիսներ առաջ թափվեց Լիսկայի դռան մոտ, երբ սպանվեց հարգված զինվորական Ավետիք Բուդաղյանը: Կարճ ասած, Համալիրում տեղի ունեցող գործընթացը եւս մեկ անգամ ամրագրեց, որ այս կառույցը  բացարձակ քաղաքական ձեւաչափով է գործում: Իհարկե, անժխտելի է, որ ԵԿՄ-ում կան հազարավոր արժանիներ, որոնց շնորհիվ ունենք ազատագրված Հայաստան, եւ որոնց պարտական է ներկա ու գալիք սերունդը: 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ



[email protected]