Այս էլ որերորդ մարտի 1-ն է` յուրաքանչյուրն իր մարտի 1-ն է սգում

Այս էլ որերորդ մարտի 1-ն է` յուրաքանչյուրն իր մարտի 1-ն է սգում

 



Մտովի փորձում եմ վերհիշել մարտիմեկյան իրադարձությունները: Հին վերքերը վերաթարմացնելու միտք չունեմ, որովհետև այդ վերքերը մինչ այսօր էլ բաց են ու ցավոտ: Խոսելու եմ ոչ թե այդ ցավոտ իրադարձությունների, այլ ավելի կարևոր մի բանի մասին, որը չգիտես ինչու, անտեսվում է: Դա միասնական պայքարի, համերաշխության ոգին է, որն իր զոհերը տվեց ու ցավոք ամփոփվեց այդքանով: Մարտի 1-ի զոհերը պահանջ ունեին: Որքանո՞վ համատեղ բարձրացվեց այդ պահանջը, չոր ցախի պես ճտճտալով բոցկլտաց ու հանգավ: Ու՞ր են քաղաքական այն ուժերը, ովքեր կոկորդ էին պատռում, ոգևորում ժողովրդին: Որևէ մեկի անկեղծությանը չեմ ուզում կասկածել, բայց մի բան կասեմ. քաղաքական այդ ուժերը ոչ թե Լևոնից հեռացան, այլ՝ ժողովրդից: Ինչու՞ ժողովրդից: Որովհետև այսօր նրանցից ոչ մեկը ժողովրդի ինչ որ հատված չի ներկայացնում: Ուշ ուշով հետևում եմ. ոչ մեկի շուրջ համախմբում չեմ նկատում: Ոչ մեկ ասելով նկատի ունեմ քաղաքական այն ուժերին, ովքեր ՀԱԿ-ից առանձնանալով, առավել ընդդիմադիր կեցվածք էին ընդունել: Հո ասելով, խոսելով չի՞, ողջունելի կլիներ, եթե նրանցից մեկը հանրության ինչ որ հատվածի համախմբում արձանագրեր: Ու այս էլ որերորդ մարտի 1-ն է, յուրաքանչյուրն իր մարտի 1-ն է սգում, մեկը մեկից խռով, ծաղիկներ են տանում զոհերի համար, պահակային հերթապահություն սահմանում, որ ի՞նչ… Որ ասեն՝ ժողովրդի հե՞տ ենք: Որ իրենց  անհաշտությունն ու անհամաձայնությունն ընդգծե՞ն Առաջին նախագահի հանդեպ, որ ասեն՝ մենք ավելի՞ լավն ենք: Ողջունում եմ, բայց նորից եմ կրկնում, հո ասելով չի՞… Այդ տրոհումը ի վնաս ժողովրդի է, ինչպիսի շղարշ էլ օգտագործվի, այդ տրոհումը ի վնաս զոհերի է, որոնց արյունը գին չունեցավ, այդ տրոհումը կամա թե ակամա ծառայում է գոյատևող ուժերի շարունակական ընթացքը: Եթե կարող եք հակառակն ապացուցել, շնորհակալ կլինեմ: Այնպիսի տպավորություն ունեմ, որ ինչքան բարձր են գոռում, ասես այնքան մեծ գին են ուզում իշխանությունից ու սակարկում են դրա շուրջ: Մարտի մեկի զոհերի արյունն իր գիննէ ուզում, որը վեհ է ամեն ինչից: Պետք է կարողանալ գնահատել այն, պետք է սրբացնել այն, որովհետև բուն պայքարի նպատակը, ինչ էլ որ ասեն,  սուրբ է եղել: Մարդիկ պայքարի են ելել, որովհետև հավատացել են քաղաքական այն ուժերին, որոնք առաջնորդել են նրանց: Ու այդ կրակն այսօր էլ կա, կա՛ ու ավելի ուժգին: Կրակը կա, բայց հավատը չկա, որովհետև պայքարը չսրբագործվեց մարտի 1-ի արյամբ: Եվ այսօր, երբ մարտի մեկի հանրահավաքին էլի սայլը տարբեր ուղղություններով են քաշում, հիասթափվում ես՝ այդ ո՜նց  կոտրեցին շարժման մեջքն ու շարունակում են կոտրել: Եվ կուզեի, որ այդքան խոսելու փոխարեն՝ ՀԱԿ-ից պոկված քաղաքական ուժերը սեփական ուժերով իրենք հանրահավաք անեին ու տեսնեին քանի հոգի է համախմբվում իրենց շուրջը: Տեսնեին ու հաթաթա տային, տեսնեին ու ավելի բարձր գոռային: Եթե ՀԱԿ-ից պոկված քաղաքական բեկորները չմասնակցեն մարտի 1-ի հանրահավաքին, ինձ այլևս ոչ մի բան չի համոզի, որ նրանք նույն բանի համար են պայքարում: Ինչ պատճառ էլ հորինեն: Թող քաղաքական դաշտում իրար գզվռտեն, բայց զոհերի, համատեղ անցած իրենց ճանապարհի հանդեպ դրսևորեն տարրական հարգանք:



 



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ