Ի՞նչ է ակնարկում Աշոտյանը

Ի՞նչ է ակնարկում Աշոտյանը

Խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի քննարկումների եւ ընթացող բանակցությունների մասին կառավարության նիստից հետո ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր. «Որքանով տեղյակ եմ, դեռեւս միասնականություն ոչ իշխանական խորհրդարանական ուժերի միջեւ չկա…



 



Հասկանալի չէ, թե ինչ շահեր են հետապնդում, ակնհայտ է, որ եթե անգամ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը նույնպես ձեւավորելու են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Եթե ուզում են իշխանության ներսում ինչ-որ խնդիրներ լուծել, դա ուրիշ բան, եթե այդպես է, ապա ցավալի է, քանի որ ընդհանրապես չունենք ընդդիմություն… Կարող է մեջները կան քաղաքական ուժեր, որոնք ուզում են վերադառնալ կոալիցիա, բայց Տիգրան Սարգսյանի անհատական կերպա՞րն է նրանց խոչընդոտում…»:



 



 



Ըստ էության, ժամանակակից ՀՀԿ քաղաքական հարցադրումների «ծանր հրետանին» փորձում է կառավարության հրաժարականի հարցը դիտարկել ոչ թե ԲՀԿ նախանշած «երկրում ստեղծված ծանր վիճակի պատասխանատուն կառավարությունն է, ուստիեւ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա» սցենարի տիրույթում, այլ շատ ավելի խորքային ճգնաժամի համատեքստում: Բնականաբար, Արմեն Աշոտյանը, լինելով ՀՀԿ փոխնախագահը եւ իշխանության առանցքային քաղաքական դեմքերից մեկը, չի կարող հրապարակային քննարկման առարկա դարձնել «օլիգարխիկ դավադրության» հարցը: Բավական է նշել միայն այն հանգամանքը, որ հայաստանյան օլիգարխիան բավականին շահեկան պայմաններում տեղակայված է հենց իշխանության տարբեր օղակներում, էլ չխոսենք ՀՀԿ շարքերի մասին:



 



1998-ի իշխանափոխությունից հետո տարեցտարի ավելի հզորացած օլիգարխիային 2008-ից հետո էլ առանձնապես չեն նեղացրել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ներկայիս ներքաղաքական գործընթացները ոչ թե կուսակցական կամ իշխանություն-ընդդիմություն դասական պայքարի, այլ շատ ավելի խորքային պայքարի տրամաբանություն ունեն: Անկասկած, ընդդիմությանն իր առանցքի շուրջ միավորելու հավակնություններ ունեցող ԲՀԿ-ում հասկանում են, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը երկրի համար ոչ մի արմատական հարց չի լուծելու, քանզի չի փոխվելու ներկա իշխանության ոչ ռազմավարությունը, ոչ էլ քաղաքական ու տնտեսական կոնցեպտուալ մարտավարությունը: Ասել կուզի՝ «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվի»: Այլ հարց է, որ գործող վարչապետի անձը, փաստացիորեն, խոչընդոտ է  Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ ՀՀԿ-ում Քոչարյանի ունեցած «հինգերորդ շարասյան» հետագա ծրագրերի համար:



 



Հանրապետական այլ վարչապետի պարագայում խաղի տրամաբանությունը, իշխանության վերաձեւակերպման, իրավահաջորդության, կոալիցիա կազմելու եւ վերարտադրության հնարավոր պատկերը կտրուկ փոխվում են, հատկապես, որ ՀՀԿ-ում վարչապետացուների պակաս չի զգացվում: Սա չափազանց նուրբ հարց է, ուստիեւ Աշոտյանն առայժմ միայն ակնարկում է: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը, առժամանակ չցանկանալով դետոնացնել քաղաքական դաշտն ու վանել օլիգարխիային, սպասում է հակառակորդ ճամբարի քայլերի հստակեցմանը, ինչը թույլ կտա ավելի շահավետ պայմաններում իրականացնել սեփական ծրագրերը: Միեւնույն ժամանակ, գործընթացները գնալով ավելի են սրում իրավիճակն ու հիմնական ֆինանսաքաղաքական խմբերի շրջանում լարվածություն առաջացնում: Հայկական օլիգարխիան ունի շատ կարեւոր առանձնահատկություն՝ զուրկ է գաղափարախոսական ու քաղաքական հոսանքների մասին պատկերացումներից: Հնարավորինս շատ փող աշխատելու ցանկություն ունեցող եւ այդ պատճառով քաղաքական գործընթացներում հայտնված օլիգարխիան կանխատեսելիություն է փնտրում, իսկ սպասվող «տիտանների ճակատամարտն» ստիպելու է նրանց կողմնորոշվել:



 



Այդ առումով կարելի է կանխատեսել, որ 2014-ը քաղաքական իմաստով լինելու է դիրքերի ճշգրտման, հնարավորությունների փորձարկման, համախոհների «ինվենտարիզացիայի» եւ ճամբարների հստակեցման տարի: 



 



Գառնիկ  ԳԱԼՍՏՅԱՆ