Թբիլիսիում բացվել է Րաֆֆու հուշատախտակը

Թբիլիսիում բացվել է Րաֆֆու հուշատախտակը

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայ մեծանուն գրող, վիպասան հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի է ունեցել նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:



 



ՀՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով կարևորել է հայ մեծ վիպասանի հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնել վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:



 



Բարձր գնահատանքի խոսքով հանդես են եկել Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:



 



Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի և հայ մշակութային ու հասարակական գործիչներ: