Թագուհին ինքն էր խնամում անտեր հիվանդներին

Թագուհին ինքն էր խնամում անտեր հիվանդներին

Երեկ «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ պատմաբան Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիտահանրամատչելի նկարազարդ գրքի շնորհանդեսը։ Ապրիլի 7-ը պատահական չէր ընտրված. գիրքը հրաշալի նվեր էր կանանց՝ Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով։ «Հայտնի է, որ  հայագիտության հանրամատչելի քարոզչությունը մեզանում շատ քիչ է արվում, եւ 2009թ. «Զանգակ» հրատարակչության հետ որոշեցինք իրականացնել մի այսպիսի շարք՝ հայագիտական գիտահանրամատչելի ուսումնասիրություններ՝ պատկերազարդ, ալբոմային հրատարակություններ։ Առաջինը հենց 2009թ. տպագրված «10 հայ ականավոր արքաներ» գիրքն էր։ Որից հետո որոշեցինք տասնյակների այդ հետաքրքիր շարքը պահպանել, եւ 2011թ. հրատարակվեց «Արեւմտյան Հայաստանի 10 ուխտավայրերը», որը նվիրվեց մայրաքաղաք Անիի 1050 ամյակին»,- նշեց Մովսիսյանը։



 



Իսկ այս տարի հանրությանը ներկայանալու հերթը հասավ թագուհիներին, որոնք պակաս դերակատարում չեն ունեցել մեր պատմության մեջ, բայց մի տեսակ ստվերում են մնացել, եւ, ինչպես Մովսիսյանը նշեց, հանիրավի անտեսված թեմա է մեր թագուհիների խնդիրը. «Երբ շատերն իմանում էին գրքիս վերնագիրը, հարցնում էին՝ այդ քանի՞ թագուհի կա, որ 10 ականավոր էլ առանձնացրել եք։ Իրականում, անվանապես հայտնի 65 հայոց թագուհի ենք ունեցել, այդ ցանկը ներկայացված է գրքում՝ որպես հավելված։ Մեր պատմության մեջ թագուհիները՝ մեր երկրի առաջին տիկնայք, բացառիկ դերակատարում են ունեցել, նաեւ շատ կարեւոր դիրք պետական կառավարման մեջ»։



 



Մեր թագուհիները հիմնականում դրսեւորվել են բարեգործության ոլորտում, քանի որ երկրի ոսկու հանքերը պատկանում էին արքային, իսկ արծաթի հանքերը՝ թագուհուն, այդ հարստությունը թույլ էր տալիս մեծ ֆոնդ ունենալ եւ այն ուղղել բարեգործության։ «Եզակի թագուհի է եղել Զաբելը, 4 տարեկանում, հոր մահից հետո, հռչակվում է թագուհի եւ ապրում ընդամենը 37 տարի։ Եվ 13-րդ դարի առաջին կեսին, եզակի դեպք է, թագուհին կառուցում է անվճար հիվանդանոց, ինքն էր ֆինանսավորում։ Մատենագիրները գրում են, որ ինքը նաեւ գնում ու խնամում էր անտեր հիվանդներին։ Եվ նա Լեւոն Մեծագործի դուստրն էր, նրա հետ ամուսնանալով՝ դառնում էին թագավոր, այդպիսի դիրք ունենալով՝ հիվանդներ էր խնամում. համաշխարհային պատմության մեջ քանի՞ այսպիսի թագուհի կարող ենք ցույց տալ»,- ընդգծում է պատմաբանը։



 



«10 արքաների» հաջողությունը ոգեւորեց, որպեսզի 2012թ. գիրքը վերահրատարակվի եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Իսկ առաջիկայում, ինչպես Արտակ Մովսիսյանը տեղեկացրեց, ծրագրում են հրատարակել «10 հայկական արքայատոհմեր» գիրքը, որը նաեւ կարող է նպաստել պետական մտածողության զարգացմանը, ինչն առայժմ բացակայում է մեզանում։



 



Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ