Մերկուրովի անվան նկարչական դպրոցն օգնության կարիք ունի

Մերկուրովի անվան նկարչական դպրոցն օգնության կարիք ունի

Մոտ 10 օր առաջ Ազգային ժողովում ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել, որից գոյացած գումարները պետք է ուղղվեին Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի վերակառուցմանը։ Ցուցահանդեսին ներկայացված էր մոտ 30 նկարչի 40-50 աշխատանք, բայց, պարզվում է, ԱԺ պատգամավորների ճաշակին հասու չի եղել ներկայացված արվեստը, եւ մի քանի օր տեւած ցուցահանդեսի արդյունքում ընդամենը 3 նկար է վաճառվել։



 



Մենք կապվեցինք Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն Սամվել Գալստյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է դպրոցում, եւ ԱԺ-ում կազմակերպված ցուցահանդեսից գոյացած գումարները հնարավորություն կտա՞ն ինչ-որ կերպ հոգալ դպրոցի կարիքները։ Մեզ հետ զրույցում Գալստյանը նշեց. քանի որ դա «Շիրակ» հայրենակցական միության կազմակերպած միջոցառումն է, ապա դժվարանում է ասել, թե ինչ նպատակի համար կծառայի այդ գումարը։ Միայն հիշեց, որ սրանից առաջ էլ մի ցուցահանդես բացվեց Նկարիչների միությունում, այն ժամանակ էլ 3 աշխատանք վաճառվեց. «Վարչության նախագահը եկավ Գյումրի, մենք ներկայացրինք մեր խնդիրները, որ ունենք նյութատեխնիկական բազայի հարց, իրենք ասեցին, որ վարչության նիստ կանեն ու կտեսնեն, եթե հարմար է այդ գումարներով մեզ օգնել, տեղյակ կպահեն, բայց դեռ ոչ մեկը, ոչ մյուսը մինչեւ հիմա չի եղել, բայց դա իրենց խնդիրն է, թե ինչպես են իրենք նախատեսել այդ գումարներով մեզ օգնել, ես չեմ կարող ասել»։ Այնուամենայնիվ, Գալստյանը նշեց, որ տեղյակ է ցուցահանդեսների արդյունքներից, եթե առաջին՝ Նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսի արդյունքում ընդհանուր գումարը կազմել էր 700 հազար դրամ, ապա ԱԺ-ում կազմակերպված 2-րդ ցուցահանդեսի արդյունքում՝ 5-6 հազար դոլարի չափ. «Գումարը մեզ պետք չէ, դա ավելորդ քաշքշուկների բան պետք է լինի, ավելի լավ է մենք ներկայացնենք, թե մեզ ինչ է պետք, իրենք էլ օգնեն։ Իսկ մեզ համար ցանկալի կլինի, որ օգնությունը լինի նյութատեխնիկական մասով, այսինքն՝ մոլբերտի, ներկերի, քանդակների տեսքով՝ ուսուցողական պրոցեսն ավելի լիարժեք կազմակերպելու համար»։ Սամվել Գալստյանի դիտարկմամբ, ցուցահանդես-վաճառքի պատկերն իսկապես տխուր է։ Նա հիշեց, որ ամիսներ առաջ 150 լավագույն աշխատանքներով Երեւանում ցուցահանդես բացեցին, բայց մի հոգի աշխատանք գնեց, այն էլ իրենց նախկին աշակերտը, մինչդեռ ինչո՞ւ պիտի այսպես լիներ, որ 93-ամյա դպրոցն օգնություն ստանալու ակնկալիքով ուրիշի ձեռքին նայեր։



 



Տնօրենը պատմեց, որ դպրոցի շենքային պայմաններն էլ շատ վատն են, եւ իրենք, առաջնային, շենքի հարցն են դրել, որի խնդրով հիմա քաղաքապետարանն է զբաղվում։ Դպրոցն այսօր 60 աշակերտ ունի, որը, ըստ տնօրենի, նույնիսկ շատ է իրենց պայմանների համար, որովհետեւ աշակերտները ոչ մասնագիտական դասարաններում են պարապում, եւ անգամ իր տան կահույքից բերել է դպրոց, պայմանական դասարան կոչվող սենյակը կիսել 2 մասի, որ գոնե տարբեր դասարանների տպավորություն ստեղծվի։ Դասարաններն էլ դասարան չեն, դրանցից մեկը ծառայում է եւ որպես տնօրենի սենյակ, եւ ուսուցչանոց, եւ քանդակի արվեստանոց. «Մի խոսքով, պայմանները շատ վատ են»։ Գալստյանը հիշեց, որ դպրոցն այս օրին հասավ երկրաշարժից հետո, սկզբում ժամանակավոր տնակներում էին աշխատում՝ այգու մեջ, դրանից հետո դպրոցը տեղափոխվեց գրադարան ու մինչեւ հիմա Թումանյանի անվան մանկական գրադարանի շենքում է գործում։ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրենի խոսքերով, 93-ամյա պատմություն ունեցող դպրոցը հեղինակավոր է եղել ու կա մինչեւ հիմա, ամբողջ Հայաստանի տարածքով նկարիչների 70-80 տոկոսն այս դպրոցի շրջանավարտներ են եղել, որոնց մեջ են եղել Մինաս Ավետիսյանը, Հակոբ Անանիկյանը, դպրոցում դասավանդել է նաեւ Հակոբ Հակոբյանը։ Մնում է, որ պատկան մարմինները գիտակցեն դա։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]