Պայքար` վասն մշակույթի նախարարի աթոռի

Պայքար` վասն  մշակույթի նախարարի աթոռի

Որքան էլ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում կառավարությանը, այս օրերին առնվազն հետաքրքրությամբ է հետեւում կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին լուրերին:  Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ հեռացողների ցուցակը կգլխավորի Հասմիկ Պողոսյանը: Այդ դեպքում տիկնոջ հիշողության մեջ Բրյուսելն այսուհետ կզուգորդվի իրեն նախարարուհու կարգավիճակով վերջին անգամ տեսած թանկ ու սիրելի քաղաքի հետ: Կարծիք կա, թե նա արդեն իսկ իրերն է հավաքում բազմամյա կաբինետից: Նաեւ, որ շատ էլ վշտացած չէ եւ պատրաստվում է երկար ժամանակով ռելաքսի մեկնել Իտալիա, որտեղ արդեն վաղուց հաստատվել է որդին, եւ որտեղ առանձնատուն է գնել, հավանաբար` լումա առ լումա հավաքելով իր նախարարական աշխատավարձը (կամ էլ՝ հայ մշակույթի հաշվին):   



 



Ազգային ժողովի մեր աղբյուրների փոխանցմամբ`  մշակույթի նախարարի հեռանալուն սրտի դողով սպասում էին հատկապես երեք պատգամավորուհիներ, որոնք իրենց զգում են մշակույթի հետ մի ուրիշ ձեւի ամենակապվածը: Նրանցից երկուսն իրենց թեկնածությունը լոբբինգ են անում  գրականամերձ տիրույթներում, քանի որ ուղնուծուծով հայուհիները «գրելու» հայկական «խասյաթ» ունեն` համարյա «գրող» են եւ ակնկալում են գրողների գրավոր ու բանավոր միջնորդագիրը` ուղղված Սերժ Սարգսյանին: 



  



Ասում են` արդեն քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում-արթնանում նաեւ Շուշան Պետրոսյանը. նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել: Իհարկե, նման հավակնության համար նա մի քանի հիմքեր ունի: Պատահական չէ, որ ՀՀԿ-ական տիկինն ինքն իրեն գտել է  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում: Ի վերջո, արվեստագետների տոհմից է: Հիշեցնենք նաեւ, որ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի լինելու հետ միասին նաեւ նկարիչ-դիզայներ է: Չիմացողների համար հիշեցնեմ, որ Շուշանը նաեւ ակադեմիկոս է` Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (բնության եւ հասարակության մեջ նման բան էլ կա, բա՜):



Միգուցե Շուշանը մի բան գիտե՞ր, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հասմիկ Պողոսյանին հունից հանած հարց տվեց, թե ինչ սկզբունքով են Օպերայի տնօրեն ընտրելու, երբ պաշտոնապես հայտ ներկայացրած  9 թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել ծրագիր, իսկ Հասմիկ Պողոսյանն էլ նրան կոպտել էր, մեղադրելով հասարակությանն ապակողմնորոշելու մեջ: Ավելի ուշ, պարզաբանելով միջադեպը, Շուշանն ասել էր. «Ես շուշանավարի եմ այդ հարցը տվել նախարարին»:  



 



 Հիմա նա անցել է «շուշանավարի» Սերժ Սարգսյանին հուշելուն, որ իրեն մշակույթի նախարար նշանակի. ստորագրահավաք է նախաձեռնել, որպեսզի ծանրակշիռ անուններով դիմումը դնի հայ մշակույթը Շուշան Պետրոսյանի երգերի մակարդակով իմացող Սերժ Սարգսյանի սեղանին: Տեղեկություններ կան, որ նման մշակույթի նախարար ունենալու միտքը դուր է եկել մշակույթի որոշ գործիչների եւ աստղերի, այդ թվում` երկար տարիներ գլխավոր մրցակից համարվող Նունե Եսայանին, որի հետ հաշտվեց 2008-ի մարտի 1-ի մասով համախոհ լինելու եւ Սերժ Սարգսյանին կրծքով պաշտպանելու ֆոնին:  



  Եթե կան մարդիկ, որոնք անլուրջ կհամարեն Շուշան Պետրոսյանին նախարարուհու պաշտոն տալու միտքը, պետք է հիշեցնենք, որ նրան համամասնական ցուցակով  պառլամենտ տանելու գաղափարը ոչ պակաս զվարճալի եւ ոչ պակաս իրական է:



 



ՀԳ. Բայց այս պաշտոնի համար մեկ այլ կռվող էլ կա՝ իհարկե, սա այն դեպքում, եթե ԲՀԿ-ն մտնի Ազգային համաձայնության կառավարության մեջ: Խոսքը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի մասին է, ով մշակույթի նախարարի տեղի վրա վաղուցվանից աչք ունի, իսկ մշակույթի հետ էլ, սերտ ու վաղեմի կապեր:



  



Աստղիկ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ