Օպերայի տնօրենը լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Օպերայի տնօրենը լեգիտի՞մ է, թե՞ ոչ

Նախօրեին միանգամից երկու լրատվամիջոցում (armnews tv, newsbook.am) տեղեկություն հայտնվեց այն մասին, որ օպերային թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմում-հայտը տնօրենի պաշտոնի համար մի քանի օր ուշացումով է ներկայացրել, հետեւաբար, դրանով խախտել է կարգը եւ ոչ լեգիտիմ ձեւով դարձել տնօրեն։ Նշված լրատվամիջոցներում գրված էր նաեւ, որ հայտը ուշ ներկայացնելու տեղեկությունը չեն թաքցրել նաեւ մշակույթի նախարարությունում։



 



Երեկ զանգահարեցինք մշակույթի նախարարություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ իրենք նման պաշտոնական ինֆորմացիա չեն տրամադրել, ավելին՝ իրենք էլ են հետաքրքրվել, թե նախարարությունից ով է նման ինֆորմացիա տվել, պարզվել է՝ մասնակիցներից մեկն է ասել դա լրագրողին։ «Բոլոր փաստաթղթերը բացառապես ընդունվել են ժամկետներում, ո՞նց կարող է 5 օր հետո փաստաթուղթ ընդունվել, ինչո՞ւ պետք է բացառություններ արվեն»,- պատասխանեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այնուամենայնիվ, պաշտոնական գրություն ուղարկեցինք նախարարություն՝ խնդրելով ներկայացնել Անդրանիկ Արզումանյանի հայտի ընդունման օրը: «Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 9 դիմում, հետեւյալ հերթականությամբ. Երվանդ Երկանյանը հայտը ներկայացրել է  ս. թ. մարտի 11-ին` N 1 անձնական գործ, Արման Ծատուրյանը՝ ս. թ. մարտի 12-ին՝ N 2 անձնական գործ, Անդրանիկ Արզումանյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 3 անձնական գործ, Տիգրան Դավթյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 4 անձնական գործ, Գեղամ Մելիքսեթյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 5 անձնական գործ, Բարսեղ Թումանյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 6 անձնական գործ, Արթուր Շահնազարյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 7 անձնական գործ,  Գագիկ Մանասյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 8 անձնական գործ, Ռուբեն Տերտերյանը՝ ս. թ. մարտի 14-ին՝ N 9 անձնական գործ»,- նշված էր նախարարության պատասխանում։ Հիշեցնենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետն էր մարտի 15-ը, իսկ Անդրանիկ Արզումանյանն իր դիմումը, ըստ նախարարության գրության, ներկայացրել է մարտի 14-ին, այսինքն՝ ժամկետի մեջ։  



 



Բնական է, որ նախարարության պաշտոնական պատասխանն այսպիսին պետք է լիներ։ Բայց մի բան փաստ է, որ այս պատմությունն արժանի դաս եղավ մշակույթի նախարարությանը, ով, չնայած օրենքով սահմանված ընտրության բաց կարգին, մրցույթի ողջ գործընթացը փակ անցկացրեց ու տնօրենի պաշտոնին հավակնող հայտատուների անունները մինչեւ վերջ չհրապարակեց, մինչդեռ եթե հրապարակեր, այս աղմուկն ու անվստահությունն էլ չէին լինի։ Ու հիմա ինչքան էլ նախարարությունը հակառակում փորձի համոզել, միեւնույն է՝ դրանով եւս մեկ անգամ վարկաբեկեց թե իրեն, թե օպերային թատրոնը եւ թե նորանշանակ տնօրենին։



 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆԻ



[email protected]