Հայկական ընտանիքում կա երկու բացառիկ տաբու թեմա` սեքսը եվ մահը

Հայկական ընտանիքում կա երկու բացառիկ տաբու թեմա` սեքսը եվ մահը

«Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար»։



Ուգ Չենինգ



 



Թե ինչ հիմնական բացթողումներ ունեն հայկական ընտանիքները երեխաների դաստիարակության հարցում, ինչ վախեր, անհանգստություններ ունեն մեր երեխաները, այս եւ մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ։



 



- Անուշ, ի՞նչ տաբուներ կան հայկական ընտանիքներում՝  երեխաներին դաստիարակելու հարցում։






- Այդ առումով հայկական ընտանիքները շատ հետաքրքիր են: Հայկական ընտանիքում կա երկու բացառիկ տաբու թեմա` սեքսը եւ մահը: Այս երկու հարցերի շուրջ ամենաքիչն է խոսվում, եւ այս երկու թեմաների շուրջ ամենաշատ սխալներն են թույլ տրվում: Իհարկե, դրա պատճառը այս թեմաների հուզական ծանրաբեռնվածությունն է գուցե: Ծնողներն իրենք չգիտեն, թե ինչպես իրենց պահեն այս հարաբերությունների, կյանքի այս երեւույթների հետ բախվելիս եւ, հետեւաբար, դժվարանում են խոսել դրանց շուրջ նաեւ երեխաների հետ: Քանի որ այս հարցերը չեն խոսվում, չեն քննարկվում եւ չեն վերլուծվում, արդյունքում ունենում ենք մահվան, հետեւաբար եւ կյանքի, սեռի եւ սեքսի նկատմամբ սխալ մոտեցումներ, սխալ պատկերացումներ, դրանցից բխող հոգեբանական խնդիրներ: Մյուս առավել քիչ հանդիպող, բայց մեծ տարածում ունեցող տաբու է երեխային գովելը: Ծնողների գրեթե մեծ մասը վախենում է երեխային գովել, սակայն ոչ ոք չի վախենում դիտողություն անել: Ես գիտեմ ծնողների, ովքեր ուղղակի սարսափում են դրանից, կարծելով, թե երեխան երեսառած կմեծանա: Այնինչ չափազանց դիտողությունների պարագայում երեխայի բարդույթավորված մեծանալու հեռանկարից քչերն են վախենում: Իհարկե, բոլոր նշածս տաբու թեմաները կարող են վիճելի լինել կոնկրետ դեպքերում, սակայն ես խոսում եմ առավել հաճախ հանդիպողների մասին: Ի դեպ, պետք չէ մոռանալ, որ մենք միայն երեւանյան ծնողավարման մասին չենք խոսում: Մարզերում առավել վառ ենք տեսնում նշածս մոտեցումներն ու խնդիրները:



 



- Սակայն ինֆորմացիայի այս դարաշրջանում, կարծում եմ, որեւէ բան թաքցնելն իմաստ չունի երեխաներից, միեւնույն է՝ այդ ամենը նրանք կողքից լսելու են եւ իմանան։






- Իհարկե, այս հարցերի մասին չխոսելը ոչինչ չի տալիս, հակառակը՝ ավելի է սրում թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ու տագնապը, վախը:



 



- Խոսեցիք մարզերի մասին, քանի որ շատ եք լինում նաեւ մարզերում, խնդրում եմ ասեք, թե այնտեղ ինչպես է վիճակը։ Արդյո՞ք բնության հետ ներդաշնակ երեխաներն ավելի հանգիստ ու խաղաղ չեն մեծանում, քան երեւանաբնակ երեխաները։






- Ներդաշնակության մասին չեմ կարող որեւէ բան ասել, քանի որ մի հարցում դրական մոտեցումները մյուսում լրիվ բացասական են դառնում: Գյուղում շատ ավելի մոտ են երեխաները բնությանը, բակին, խաղին, բայց այնտեղ էլ հաճախ երեխաները մասնակցում են ընտանիքի ծանր գործերին ու հոգսերին՝ միեւնույն ժամանակ զրկվելով բակից ու խաղից: Հաճախ այդ տաբուներն ու սահմանափակումներն ազդում են երեխաների նկատմամբ ճիշտ եւ խնայող վերաբերմունքի վրա: Գյուղում ավելի շատ բան են պահանջում երեխայից, մի քիչ տարիքային առանձնահատկությունների հետ հաշվի չեն նստում: Եթե խոսենք հատուկ կարիքներ ունեցող երեխաների մասին, ապա իրավիճակը շատ ավելի վատ է:



 



- Մարդիկ սկսել են ավելի շա՞տ դիմել հոգեբանի օգնությանը։






- Իհարկե, հիմա ավելի շատ են դիմում, քանի որ հոգեբաններն ու հոգեբանական ծառայություն առաջարկող հաստատություններն էլ ավելացել են: Դրանք ակտիվորեն իրականացնում են հասարակության իրազեկում տարբեր հոգեբանական թեմաների շուրջ: Արդյունքում մարդիկ ծառայության այս տեսակին ավելի ու ավելի են վստահում:



 



- Սակայն հարեւանի հետ սուրճ խմելու «ծեսը» դեռ բավական ակտուալ է...






- Հարեւանի հետ սուրճ խմելու ծեսը լավ ծես է իրականում: Եթե լուրջ խոսենք, ապա դա շատ դեպքերում որոշակի թերապեւտիկ նշանակություն է ունենում, մարդիկ լսում են իրար հոգսերի ու դժվարությունների մասին, սեփականներն են կիսում, եւ այս պրոցեսը դառնում է յուրահատուկ ինքնօգնություն: Այս մեթոդը կարող է օգտակար լինել շատ դեպքերում, առօրյա եւ ամենօրյա խնդիրների պարագայում: Բայց կան իրավիճակներ, երբ մասնագիտական մոտեցում է պահանջվում, քանի որ հարեւանի հետ սուրճ խմելն արդեն չի օգնում: Այս իրավիճակներում ուղղակի պետք է մտածել, որ լուծումը մասնագիտական պիտի լինի, եւ դիմել մասնագետի: Ես համամիտ չեմ նաեւ այն մտքի հետ, որ ամեն խնդրի դեպքում դիմում են հոգեբանին, կամ դա նորմալ է համարվում: Իրականում սա կախվածության եւ անինքնուրույնության ցուցանիշ է: Հոգեբանական աշխատանքը պետք է օգնի մարդուն առավել ինքնուրույն եւ անկախ լինել: Եթե այդ օգնության արդյունքում մարդը հայտնվում է հոգեբաններից կախվածության մեջ, ապա ինքներդ եք հասկանում, որ սա առողջության կամ առաջընթացի հետ ոչ մի կապ չունի:



 



- Եթե վերադառնանք երեխաների թեմային, հիմնական ի՞նչ բացթողումներ եք նկատում ծնողների կողմից երեխաների նկատմամբ։






- Առաջին բացթողումը ներկայիս ծնողների վերաբերմունքում չափազանցված վախերն են: Դրանք բնազդային եւ ծնողական չեն իրականում, այն իմաստով, որ բնական չեն, սերունդը պաշտպանելու վախերից մի քիչ ավելի ուժեղ են ու լղոզված: Այդ վախերը վերագրված են մեր սոցիալական միջավայրի կողմից, խթանվում են զանգվածային մեդիայի միջոցով եւ հանդիսանում են բիզնեսի լուրջ աղբյուր։



 



- Այսինքն՝ ինֆորմացիայի «ավելցուկի» հետ մեկտեղ նաեւ արհեստական վախե՞ր են առաջանում։






- Ինչքան գիտելիքները քիչ են, այնքան իրական բնազդներն են գործում, որոնք անփոխարինելի են։ Իրականում ծնող լինելը սովորելու բան չի, դա զգալու բան է: Իսկ որքան տեղեկությունները շատ են, որքան գլուխը ծանրաբեռնված է, այնքան զգալը դժվար է դառնում:



 



- Բայց մի կողմից էլ լավ կլինի, չէ՞, որ երբ երեխան վախենա, տատիկը բարձի տակ ոչ թե մկրատ դնի, այլ դիմի մասնագետի օգնությանը։






- Ո՞վ ասաց, որ լավ է։ Եթե բարձի տակ մկրատ դնելն օգնում է, ուրեմն թող դնեն։



 



- Հումո՞ր է։






- Չէ, դա եւս հոգեբանական տեխնիկա է, եթե երեխան մտածում է, թե դա իրեն կպաշտպանի, կամ եթե դնեն, էլ չի վախենա, ու վախն անցնում է, ստացվեց, որ հոգեբանական տեխնիկա է, չէ՞։ Եթե երեխու վախն անցնի, ես միայն ուրախ կլինեմ։



 



- Այսօր շատ են տարբեր մանկական զարգացման կենտրոնները։ Արդյո՞ք դրանք հիմնված են դրսի փորձի վրա, եթե այո, արդյունավե՞տ են կիրառվում կամ ծառայում իրենց նպատակին, թե՞ ոչ։






- Մանկական զարգացման կենտրոններից ոչ բոլորն են, որ դրսի փորձն են բերում եւ տեղայնացնում: Դրանցից շատերը հեղինակային ծրագրեր են իրականացնում, մի մասը որոշակի ծաղկաքաղ է անում մեթոդների միջից: Դրանց դրական ու բացասական կողմերի մասին խոսելը մի քիչ դժվար է, քանի որ այդ կենտրոններից յուրաքանչյուրն իր նպատակն ունի եւ, հավանաբար, ծառայում է այդ նպատակին: Կարեւոր է, թե ծնողներն ինչ նպատակներ են իրենց առաջ դնում եւ ինչպիսի չափանիշներով են ընտրություն կատարում: Մեկի համար կարեւոր է մասնագետի որակը, մյուսի համար՝ ժպիտը, երրորդի համար՝ սենյակի մաքրությունը, չորրորդի համար՝ գինը եւ այլն: Ամեն դեպքում, առաջարկի ավելացման եւ պահանջարկի ձեւավորման պարագայում, ժամանակի ընթացքում կկայանան իրական այնպիսի մանկական ծառայություններ եւ կենտրոններ, որոնք կարող են բավարարել տվյալ հասարակության պահանջները: Ծնողները գալիս են, ասում են՝ ես ուզում եմ այսինչ բանը իմ երեխայի հետ: Ու չկայացած կենտրոնը, նորաստեղծ, սկսում է անել այն, ինչ պահանջում են՝ առանց վերլուծելու ու նպատակը քննարկելու:



 



- Մի ցավոտ թեմայի մասին կուզեի խոսենք՝ բաժանություններ, կիսատ ընտանիքներ, ահա այսպիսի ընտանիքներում մեծացող երեխաների հոգեբանության մասին։ Հայաստանում բաժանությունների թիվը բավական մեծացել է։



- Իրականում կան լիքը կիսատ ընտանիքներ, որոնցում տեսականորեն բոլոր բաղկացուցիչ մասերը կան. հայր, մայր, երեխաներ, երբեմն տատիկ, պապիկ: Բայց այս ընտանիքներում կիսատ են ե՛ւ հարաբերությունները, ե՛ւ վերաբերմունքը, եւ մյուս կարեւոր պայմանները լիարժեք մեծանալու եւ ձեւավորվելու համար: Իրականում ամուսնալուծությունների քանակի ավելացումը խոսում է մարդկանց ազնվության եւ համարձակության մասին, կանանց ինքնուրույնության մասին: Երբեմն դեպքեր կան, երբ մարդիկ ուղղակի դժբախտ են լինում ամուսնության մեջ, եւ կիսատ երջանիկն ավելի լավ է, քան լիարժեք դժբախտը: Չնայած ես բացարձակ չեմ անտեսում այն փաստը, որ ամուսնալուծությունը երեխայի համար լուրջ տրավմա է, իր հետքն է թողնում անձի ձեւավորման եւ հետագա ամբողջ կյանքի վրա: Բայց չեմ կարող նաեւ չնկատել, որ նման ազդեցություն ունենում են նաեւ հոր ալկոհոլամոլությունը, մոր նկատմամբ բռնությունը, սառը, անտարբեր վերաբերմունքը եւ այլն: Ամեն դեպքում, երեխաներից շատ բան պետք չէ թաքցնել, երեխան ծնվում է իր ճակատագրով, իր ընտանեկան խնդիրներով, եւ այդ խնդիրները տեսնելով ու դրանք հաղթահարելով է նա հասունանում, ամրանում եւ ձեւավորվում որպես անհատ։



 



 



Աշխեն ՔԵՇԻՇՅԱՆ