Էստրադային և ջազային քոլեջի տնօրենին նշանակեցին

Էստրադային և ջազային քոլեջի տնօրենին նշանակեցին

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջն արդեն տնօրեն ունի, դա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քոլեջի դասախոս Լեւոն Սահակյանն է՝ Ռոբերտ Ամիրխանյանի մտերիմն ու հովանավորյալը։ Շաբաթներ առաջ արդեն գրել էինք քոլեջում ստեղծված իրավիճակի մասին, մասնավորապես այն, որ վերջին 3 տարիներին քոլեջը 3 ԺՊ փոխեց, վերջին ԺՊ-ն՝ Լեւոն Սահակյանը, նշանակվեց փետրվարի 1-ին, ում նշանակումից հետո, սակայն, քոլեջի 27 դասախոսներ իրենց ստորագրություններով նամակ էին ուղղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` նշելով, որ քոլեջի տնօրենի պաշտոնում պատկերացնում են տնօրենի նախկին ԺՊ-ին՝ Հասմիկ Մանասյանին։ Բայց, ինչպես արդեն երեւում է, դա ոչ մի ազդեցություն չէր ունեցել, որովհետեւ կանխորոշված սցենարը թույլ չէր տվել Լեւոն Սահակյանից բացի որեւէ այլ մեկին առաջադրվել այդ պաշտոնում։ Մրցույթն ըստ էության տեղի էր ունեցել նշանակման պայմաններում, առանց մրցակիցների։ Ինչպես տեղեկացանք մեր աղբյուրներից, խորհրդի 11 անդամներից 4-5 հոգի բացակայել են, որոնց թվում է եղել նաեւ Ռուբեն Մաթեւոսյանը, բայց դա չի խանգարել, որ մրցույթը կայանա խորհրդի նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի գլխավորությամբ։



 



Քոլեջի նորանշանակ տնօրեն Լեւոն Սահակյանը հերքեց, որ խորհրդի անդամներից 4-5 հոգի բացակայել են, դա եղել է միայն Ռուբեն Մաթեւոսյանը, այն էլ՝ հարգելի պատճառով։ «Բոլորը տեղում են եղել, բացի Ռուբեն Մաթեւոսյանից»,- նշեց նա՝ հավելելով, որ, կանոնադրության համաձայն, անգամ 2/3-ի ներկայության դեպքում օրինական է համարվում նիստեր անցկացնելը։



 



Սահակյանը, անդրադառնալով իր եւ Ամիրխանյանի հետ հարաբերություններին, նշեց, որ ինքն Ամիրխանյանի հովանավորյալը չէ. «Ես վաղուց այս քոլեջի 17-18 տարվա աշխատող եմ, եւ Ամիրխանյանն էլ առաջին օրը չի, որ ինձ ճանաչում է, եւ քոլեջում էլ ինձ առաջին օրը չեն ճանաչում, Ամիրխանյանն ընդամենը, որպես քոլեջի հիմնադիր, տարբերակ է առաջարկել, թե ով կարող է լինել քոլեջի տնօրեն, ում կարելի է վստահել, այդտեղ ուրիշ խնդիր չի եղել»։ Այդ դեպքում ինչի՞ հետ էր կապված այն հանգամանքը, որ քոլեջի դասախոսական կազմի մեծ մասը դեմ էր իր թեկնածությանը. ըստ Սահակյանի, էլի չափազանցրել են՝ «1-2 հոգի մարդ է եղել», ովքեր կազմակերպել են դա։ Այն դիտարկմանը, թե նամակը՝ 27 հոգու  ստորագրությամբ, անձամբ եմ տեսել, նորանշանակ տնօրենը միանգամից խոսքը փոխեց եւ ասաց, որ այդ 27 հոգին միայն դասախոսներ չեն եղել, այլ տարբեր աշխատողներ, նույնիսկ հավաքարար. «Ուղղակի այն ժամանակ ինֆորմացիան թերի է եղել, եւ իրենց չեն ասել, որ կան թեկնածուների այլ տարբերակներ, եղել է ընդամենը մեկի հարցը, որ ասել են՝ ուզում ենք նա մնա (նկատի ունի Հասմիկ Մանասյանին), բայց չեն իմացել, որ կա մեկ ուրիշը, ով կարող է լինել» (նկատի ունի իրեն)։



 



Նորանշանակ տնօրենը մեզ հետ զրույցում անընդհատ հավաստիացնում էր, որ Ամիրխանյանը երբեք չի փորձել խառնվել քոլեջի հարցերին, առավել եւս հիմա՝ իր ժամանակ, «որովհետեւ եթե ինքը վստահում է մարդու, որ այստեղ ամեն ինչ կարգին կլինի, երբեւէ չի խոսում ու չի խառնվում ոչ մի բանի, ինքն այդ կարգի մարդ չի՝ ասեմ ձեզ, ինքն էս քոլեջի համար պատրաստ է անելու ամեն ինչ, որովհետեւ իր երեխու պես փայփայել է տարիներ շարունակ՝ 35 տարին քիչ չի ամեն դեպքում։ Երբ մարդը տեսնում է, որ ամեն ինչ գնում է կործանման, դուք իր փոխարեն լինեիք, նույն բանը չէի՞ք անի»։ Այսինքն նորմա՞լ է, երբ գործուն միջամտություն է ցուցաբերում տնօրենի նշանակման հարցում։ «Ինքը միջամտություն չի ցուցաբերում, նորից եմ ասում՝ ինքը, որպես հիմնադիր, իրավունք չունե՞ր իր թեկնածությունն (նկատի ունի՝ իր թեկնածուին) առաջադրելու»։



 



Լեւոն Սահակյանի խոսքերով, իր հարաբերությունները նորմալ են կոլեկտիվի հետ, ավելին՝ եկել շնորհավորել են իրեն։ Վերջինիս դիտարկմամբ, դեռ ժամանակավոր պաշտոնակատար լինելու ժամանակ քոլեջը ներքին խնդիրներ ուներ՝ «պարտքեր-մարտքեր», հիմա արդեն զբաղված է այդ հարցերը լուծելով։ «Ինձ համար բուռն աշխատանքային վիճակ է, եւ հիմա ամեն ինչ անում եմ, որ քոլեջն այդ վիճակից հանեմ»,- նշեց Սահակյանը՝ վստահեցնելով, որ դա իրեն կհաջողվի։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]