Չի շտապում գեղարվեստական ղեկավար նշանակել

Չի շտապում գեղարվեստական  ղեկավար նշանակել

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կամաց-կամաց մտնում է աշխատանքային հուն. նորանշանակ տնօրենը, բլոկնոտն ու գրիչը ձեռքին, տնօրենի նախկին ԺՊ-ի ուղեկցությամբ շրջում է թատրոնում եւ ծանոթանում թատրոնի խոհանոցին՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Օրեր առաջ իր ներկայությամբ թատրոնը պատվել էր նաեւ մշակույթի նախարարը, ով համերգի կեսից տնօրենի ուղեկցությամբ եկել ու հեռացել էր։ Անդրանիկ Արզումանյանի նշանակումից հետո հաճախացել են նաեւ Գեղամ Գրիգորյանի այցերն օպերային թատրոն։



 



Ճիշտ է, օպերային երգիչը թատրոնում ձեւակերպված է որպես թատրոնի խորհրդատու եւ նախկինում էլ գալիս էր օպերային թատրոն, ինչը, սակայն, հազվադեպ բնույթ էր կրում։ Իսկ վերջին 2 շաբաթների ընթացքում նրան ամեն օր տեսնում են թատրոնում, հավանաբար, նախկինում իր խորհուրդների կարիքն այնքան շատ չէր զգացվում, ինչքան հիմա, կամ էլ ակնկալիքներն արդեն այլ են։ Թեպետ Գրիգորյանի մերձավորները նրան շատ են ուզում տեսնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնում (տնօրենի մրցույթի նախօրեին անգամ ստորագրահավաք կազմակերպեցին՝ ուղղված նախագահին, գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերականգնելու եւ Գեղամ Գրիգորյանին այդ պաշտոնում նշանակելու համար), դրանից բացի, նորանշանակ տնօրենն էլ տարբեր զրույցներում մի քանի անգամ նշել ու կարեւորել է այդ հաստիքի առկայությունը թատրոնում, բայց, ասում են, դեռ չի շտապում գեղարվեստական ղեկավարի ընտրության եւ նշանակման հարցում։ Գաղտնիք չէ, որ այդ պաշտոնում օպերային թատրոնի որոշակի շրջանակներ էլ ուզում են տեսնել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, ում համար նույնպես ստորագրահավաք էին արել։ Այս պարագայում երկու քարի արանքում հայտնված նորանշանակ տնօրենի վիճակը հեռու է երանելի լինելուց։ Օպերային թատրոնում սպասողական վիճակ է նաեւ մեկ այլ առումով, ստեղծագործական կոլեկտիվը սպասում է նախարարությունից ուղարկվելիք փաթեթին, որտեղ ներկայացված է լինելու թատրոնի ռեպերտուարը, դերասանների ծանրաբեռնվածության գրաֆիկը, ինչպես նաեւ, ըստ որակավորման, ներկայացված է լինելու օպերային երգիչների աշխատավարձերի սանդղակը, ասենք՝ ա) կլասի մեներգիչների աշխատավարձը սահմանել 200 հազար դրամի չափով։ Բայց խնդիրն այն է, որ մեներգիչներին ա) եւ բ) կլասի բաժանելուց առաջ պետք է ատեստացիա արվի, ինչը դեռ չի արվել ու հայտնի էլ չէ՝ կարվի, թե ոչ։  



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



sona.adamyan@hraparak.am