Մելիք Ադամյան՝ Երևանի ամենածուռ ու տխուր փողոցը

Մելիք Ադամյան՝ Երևանի ամենածուռ ու տխուր փողոցը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը, ով անհատապես դեմ է պառլամենտական կառավարմանը, ձգտում սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական Հայաստանը դարձնել խորհրդարանական: Ոչ ոք չի մոռացել ՀՀԿ-ի փաստարկները՝ Հայաստանին պետք է ուժեղ նախագահական ձեռք, մենք պատերազմող երկիր ենք, մեզ պետք է, որ հրամանները կարճ ճանապարհներով տեղ հասնեն, որոշումները կայացվեն արագ և այլն և այլն: Ի՞նչն է փոխվել:



 



Արդյոք Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում է՝ ոչ նախագահ եմ ուզում դառնալ, ոչ վարչապետ, «ինձնից հետո թեկոզ ջրհեղեղ» մտայնությամբ չի՞ առաջնորդվում:



 



Այսօր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցրել է բոլոր այդ կարգի մտավախությունները, բայց առաջացրել է նորերը՝ ոչ այնքան անհիմն: Թեև ակտիվ քաղաքականությունից իր չհեռանալու մասին ակնարկներ էր արել նաև Սերժ Սարգսյանը (ՀՀԿ-ն ազդեցիկ ուժ է, ես կգնամ այնտեղ աշխատելու), բայց այն, ինչ ասաց այսօր Շարմազանովն իր հայտարարությամբ, հավասարազոր էր, ներողություն, դուզ խոսքն էշին ասելուն:



 



«Նրանք, ովքեր ուզում են Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնել, դառնալ վարչապետ կամ նախագահ, պետք է անցնեն Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակով»: Եթե շարունակենք առաջ գնալ Շարմազանովի այս խոսքի տրամաբանությամբ, ապա պիտի ասենք, որ այդ շենքում նստած է լինելու Սերժ Սարգսյանը և հենց նա է նշանակելու վարչապետին կամ նախագահին: Եվ այդպես՝ էլի մի տասը տարի:



 



Որպեսզի Սերժ Սարգսյանն իր համար ապահովի այդ շահեկան դիրքն ու իր մարդկանց նշանակի բարձր պաշտոններում, նրան պետք է ընդամենը դառնալ ԱԺ նախագահ, ինչը անել առանձնապես դժվար չի լինի տոկոս խփող ՀՀԿ-ի պարագայում: Շարմազանովն էլ, ահա, սազն առել՝ ՀՀԿ-ին է գովում, այսօրվանից էստի համեցեք է անում պաշտնի մեռածներին ու թքած ունեն՝ պատերազմ կա՞, թե՞ չկա, Հայաստանին ուժեղ ձեռք պե՞տք է, թե՞ պետք չէ, դե՞մ ես խորհրդարանական կառավարմանը, թե՞ այնքան էլ վատ բան չէ դա, եթե քեզ թույլ է տալիս իշխանությունդ երկարաձգել:



 



Այո, ճիշտ են ասել, որ ամենալավ բանն էլ կարելի է այնպես այլանդակել, որ նայելուց միայն զզվես:



 



Մի հարց տանք ՀՀԿ-ին՝ այսքան տարիների ձևական կոալիցիաները նրանց չե՞ն սովորեցրել, որ աշխատունակ խորհրդարանի հիմքը ընտրությունները չկեղծելն է, որ միայն չկեղծված ընտրություններով է հնարավոր Խորհրդարանում արտացոլել քաղաքական դաշտի իսկական պատկերը:



 



Ավաղ, Շարմազանովի այսօրվա հայտարարությունները հիմք չեն տալիս մտածելու, որ ամեն գնով հաղթելու գնացող ՀՀԿ-ն 2017-ին կապահովի արդար ընտրություններ:



 



Էդիկ Անդրեասյան