Ովքեր փոխանցել են, լավ են արել, ովքեր չեն փոխանցել՝ էլի լավ են արել

Ովքեր փոխանցել են, լավ են արել, ովքեր չեն փոխանցել՝ էլի լավ են արել

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր կառավարության ներկայացրած «Կենսաթոշակային պահումները չվճարելու դիմաց տուգանքների դադարեցման մասին» օրինագիծը: Սա այն նախագիծն է, որն այդքան «մեծ հույսեր» էր ներշնչել, եւ քառյակն անհամբեր սպասում էր, որ այս նախագիծը կհամապատասխանի իրենց ներկայացրած նախագծին: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն այս հարցում հուսադրող խոստումներ էր տվել, մինչդեռ երեկվա քննարկումները ցույց տվեցին, որ կառավարության նախագիծը, որն ըստ էության ոչ մի դրական փոփոխություն չէր պարունակում, չի տալիս մի շարք հարցերի պատասխաններ: Ըստ այդմ` այս նախագիծը խիստ անորոշ է ու անհասկանալի: Փաստորեն, կառավարությունն էլի «թոզ է փչում» ժողովրդի աչքին:



 



Որպես նախագծի հիմնական զեկուցող հանդես եկող հին-նոր նախարար Արտեմ Ասատրյանին պատգամավորները մի շարք հարցեր ուղղեցին, բայց այդպես էլ հստակ պատասխաններ չստացան: Մասնավորապես, շարունակվելո՞ւ են պահումները, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս է լուծվելու մինչ այժմ կատարված պահումների հարցը: Արտեմ Ասատրյանը, սակայն, բավարարվեց պատասխանելով, թե կառավարությունն անում է առաջին քայլը, մինչեւ խնդիրներն ամբողջական լուծում ստանան, իսկ ամբողջական լուծումը կլինի սեպտեմբերի 30-ից հետո` ամբողջական փաթեթով:



 



«Խնդիրն այն է, որ ՍԴ որոշումը մեկը մի կերպ է մեկնաբանում, ես` մի կերպ, երրորդ անձը` այլ կերպ: Ես ներկայացնում եմ այն խնդիրները, որի ներքո մենք առաջարկում ենք լուծել այդ խնդիրները` բոլորի հետ միասին, ձեզ հետ քննարկելով, բայց ժամանակ եւ աշխատանք է պետք այդ ամբողջական խնդիրները լուծելու համար: Գանձումները եղել են գործող օրենքի շրջանակներում, եւ ՍԴ-ն տրամադրել է ժամկետ, որ մենք լուծումներ տանք: Բազմաթիվ հարգված իրավաբաններ, փորձագետներ, կառավարությունը, դիրքորոշում են ներկայացրել, մյուս կողմից` հասարակության շերտերը ներկայացնում են իրենց դիրքորոշումը, բայց իրավակիրառ մարմինը, ի վերջո, կառավարությունն է»,- ասաց նախարարը:  



 



Իսկ երբ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե վերադարձվելո՞ւ են այն գումարները, որոնք մարդկանց կամքին հակառակ փոխանցվել են ֆոնդերին, Ասատրյանն ասաց, որ ինքը համաձայն չէ պատգամավորի հնչեցրած գնահատականին, թե դրանք բռնագանձված գումարներ են՝ դրանք պարտադիր վճարներ են: «ՍԴ որոշման մասին եթե խոսում ենք, պետք է նկատի ունենանք, որ որոշմամբ ամրագրվեց սեփականության իրավունքի հետ կապված հարցը, ու եթե համակարգին ենք նայում, հստակ ամրագրում եմ՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը դրույթները պետք է ունենան լուծումներ: Քանի դեռ ՍԴ կողմից օրենքը հակասահմանադրական չէ, այն սահմանադրական է»,- ասաց նա:



 



Այնուհետեւ «բլեֆը» շարունակեց առաջ տանել ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ ՍԴ որոշումից հետո հանրությունն սկսեց հարցադրումներ անել` պարտադիր կուտակայինը պահե՞լ, թե՞ չպահել, փոխանցե՞լ, թե՞ չփոխանցել: «Մենք էլ չգիտենք, թե ինչ անենք, բայց, որպեսզի քաղաքացիների նկատմամբ ունենանք հավասար վերաբերմունք, պետք է ունենանք այլ ելման կետ, այսինքն` չվճարելու համար տույժ-տուգանքները կասեցնել ու թողնել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա, մինչեւ սեպտեմբերի 30-ը, մինչեւ նոր օրենքի նախագծի մշակումը»: Նրա կարծիքով՝ ՍԴ ապրիլի 2-ի հայտնի որոշումից հետո հանրությունը բաժանվել է 2 մասի, մի մասը կարծում է, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է հենց ապրիլի 2-ից սկսած, իսկ մյուս մասը՝ սեպտեմբերի 30-ից: Ըստ նրա, հիմա որ որոշումն էլ ընդունվի, վերջնական չի լինի, եւ հանրության մեջ աժիոտաժ կլինի, հետեւաբար, կառավարությունը որոշում է տալ հետեւյալ լուծումը՝ տույժերից ու տուգանքներից ազատել վճարումներ չկատարողներին:



 



«Տույժ չենք գանձում, ով հաշվել է, թող հաշվի, ով չէ, թող մնա իր որոշմանը, մինչեւ կլինի վերջնական որոշում»,- ասաց նա եւ ավելի ուշ մի փոքր նյարդային կերպով դիմելով դահլիճից իրեն հարց հնչեցնող ընդդիմադիր պատգամավորներին, ավելացրեց. «Երբ Սահմանադրական դատարանի անդամը նստում է հեռուստացույցի մոտ, 10 րոպե ասում է մի բան, մյուս 10 րոպեն` մեկ այլ բան, ինձանի՞ց եք ուզում պատասխան ստանալ»: Խոսքը վերաբերում էր Ֆելիքս Թոխյանին, ով ՍԴ որոշման օրն իրարամերժ հայտարարություններ արեց եթերից:



Իսկ երբ Հրանտ Բագրատյանը փորձեց ճշտել, թե, ի վերջո, ինչ պետք է անի ժողովուրդը, Հակոբյանն ավելի նյարդայնացավ. «Բայց ես շատ պարզ եւ հայերեն ասացի՝ ովքեր հաշվել ու փոխանցել են, լավ են արել, ովքեր չեն հաշվել ու չեն փոխանցել, լավ են արել, ովքեր հաշվել են, բայց չեն փոխանցել, էլի լավ են արել, հայերե՞ն չեմ ասել, պարոն Բագրատյան»:



Այստեղ հումոր անելու առիթը բաց չթողեց ԱԺ նորանշանակ նախագահ Գալուստ Սահակյանը. «Մենք բոլորս, ստացվում է, լավ ենք արել կամ լավ չենք արել»:



Կառավարության հարցուպատասխանից առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով կուտակայինի հետ կապված լրագրողների հարցին, ասաց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հետ կապված բոլոր հարցերին կառավարությունը պետք է հիմնավոր պատասխան տա, եւ կրկին հիշեցրեց, որ դրա համար իրենք ժամանակ են խնդրել, քաղաքական ուժերին են դիմել, որ իրենք ներկայացուցիչներ տան, միասին աշխատեն եւ պատասխան տան ՀՀ քաղաքացիներին: Հիշեցրեց, որ ինքն արդեն արել է առաջին քայլը՝ ԱԺ վավերացմանը ներկայացնելով նախագիծ, որով կասեցվում են տույժերն ու տուգանքները: «Մնացած հարցերի շուրջ մենք պետք է հիմնավոր, Սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ նախագիծ ներկայացնենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք չէ շտապել, իսկ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցված է, մնացածն էլ հստակ կլինի միայն որոշման կայացումից հետո: Երբ ավելի ուշ պատգամավոր Վահան Բաբայանը նորից պնդեց՝ պարտադիր բաղադրիչը հանվելո՞ւ է, թե՞ ոչ, Աբրահամյանն ասաց. «Դե, Դուք ուզում եք, որ ես ուղիղ պատասխանեմ, բայց ես չեմ կարող այս պահին ուղիղ պատասխանել, բայց ես ասել եմ, որ դե ֆակտո` այո, հանվելու է: Եվ դա, կարծում եմ, հերիք է, որ ՀՀ վարչապետը նման հայտարարություն է անում»:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ