Սպիտակ տունը խոստացել է տրամադրել հայ որբերի գործած գորգը

Սպիտակ տունը խոստացել է տրամադրել հայ որբերի գործած գորգը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է կոնգրեսական Ադամ Շիֆին և սենատոր Էդ Մարքիին, որ Սպիտակ տունը կտրամադրի հայ որբերի գործած գորգը այս տարվա աշնանը նախատեսված միջոցառման ժամանակ հանրային ցուցադրության համար՝  Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հղումով տողեկացնում է Ազատությունը



 



Սպիտակ տան այդ հայտարարությունը ողջունել են թե՛ Շիֆը և թե՛ Մարքին, որոնք կոնգրեսական մի խումբ գործընկերների հետ միասին գորգը տրամադրելու խնդրագիր էին հղել, երբ Սպիտակ տունը հրաժարվել էր թույլ տալ դրա ցուցադրությունը 2013 թվականի դեկտեմբերին Սմիթսոնյան ինստիտուտում ծրագրված միջոցառման ժամանակ:



 



Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իր հերթին, ողջունել է կոնգրեսականների ջանքերը և ընդգծել, որ այժմ պետք է աչալուրջ լինել՝ ապահովելու, որպեսզի գորգի ցուցադրությունը իրոք տեղի ունենա:



 



Այս գորգը գործվել է ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների կողմից Լիբանանի Ղազին մանկատանը: Ցեղասպանությունից փրկված մանուկներին օժանդակում էր Ամերիկյան օգնության կոմիտեն Մերձավոր Արևելքում, և որպես երախտագիտություն՝ 1925 թվականին հայ որբերը իրենց գործած գորգը նվիրել են Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին:



 



ՆԿԱՐՈՒՄ՝ ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է հայ որբերի գործած գորգի վրա, 4-ը դեկտեմբերի, 1925թ