Ծիծաղելի չէ՞ այս ամենը

Ծիծաղելի չէ՞ այս ամենը

Մաքսային միության երեք աքսակալները՝ Պուտինը, Լուկաշենկոն և Նազարբաևը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ Հայաստանին ՄՄ կամ Եվրասիական միություն ընդունելու հարցում: Հայաստանը նրանցից առնվազն երկուսին՝ Բելառուսին և Ղազախստանին, պետք չէ իր ղարաբաղյան խնդրով, քարեդարյա տնտեսությամբ, անվճարունակ, փոքրիկ շուկայով և խրոնիկ աղքատությամբ:



 



Իսկ ՄՄ օրենքներով, եթե նրա անդամներից գոնե մեկը դեմ է որևէ հարցի, ապա այդ հարցը հանվում է կամ տանում են վերաձևակերպելու,՝ մինչև բոլորի կողմից ընդունելի դառնալը:



 



Մենք պետք ենք միայն Ռուսաստանին, և ժամանակն է, որ Ռուսաստանը մեզ վերջնականապես ասի՝ ինչքա՞ն ենք պետք մենք իրեն՝ որպես ստրատեգիական գործընկեր: Արդյոք արժե՞նք այնքան, որ հանուն մեզ Պուտինը գնա Բելառուսի կամ Ղազախստանի վրա ճնշումներ բանեցնելու, թե՞ Պուտինը վերջնականապես կհաշտվի Հայաստանի խնդիրներն իր խնդիրները համարելու մտքի հետ և խաչ կքաշի Հայաստանը ՄՄ մտցնելու գաղափարի վրա:



 



Լուկաշենկոն հայտարարում է, որ Եվրասիական միություն ձևավորելու համար 10 տարի է պետք: Նազարբաևն էլ իր կողմից առաջ է տանում թուրք-ադրբեջանական ալյանսի շահը՝ դիմադրելով Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, որպեսզի հանկարծ Հայաստանը Ղարաբաղի հետ չմիանա այդ միությանը: Իսկ այս ամենից առաջ, բնականաբար ոչ առանց Մոսկվայի ազդանշանի, Հայաստանն ազդարարում է, որ գնում է ՄՄ: Այս կապակցությամբ նույնիսկ գիրք է տպագրվում՝ «Հայաստանը Մաքսային միությունում…» վերնագրով, այդ գրքի շնորհանդեսին մասնակցում է ՀՀ նախագահը՝ կարծես ասելով՝ այդպես էլ կա: Սակայն, մենք տեսնում ենք, որ պատերազմ է սկսվում Ուկրաինայում՝ ՄՄ-ի մեկ այլ պոտենցիալ հաճախորդ Յանուկովիչի երկրում, ինչպես նաև Սերժ Սարգսյանին են կանգնեցնում փաստի առջև՝ թույլ չտալով մտնել ոչ ՄՄ, ոչ էլ Եվրասիական միություն: Ի դեպ՝ Ուկրաինայի խնդիրը շատ ավելի պարզ է: Ուկրաինայի դեպքում՝ ԵՄ-ն նրան ընդունել է իր տնտեսական տարածքի մեջ, քայլեր է ձեռնարկում Ուկրաինան ընդգրկելու ԵՄ կազմ, իսկ Հայաստանի պարագայում դա էլ չկա: Հայաստանի պարտությունը եռակի է դառնում՝ ոչ ԵՄ, ոչ ՄՄ, ոչ էլ՝ Եվրասիական միություն: Ստացվումէ՝ խոսում էինք «և, և»-ից, անցանք «կամ-կամ»-ի և հասանք «ոչ, ոչ, ոչ»-ի:



 



Բնական հարց է ծագում՝ բա ի՞նչ ենք անելու:



 



«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հույս ունի, որ Ռուսաստանը շուտով մեզ հետ այնպիսի պայմանագիր կստորագրի, որին կնախանձեն այդ լուկաշենկոներն ու նազարբաևվները: Մոգական է...  Հետաքրքիր է, թե այդ ինչ է ստորագրվելու մեր իրավահավասար երկրների միջև, որը չվնասի մի կողմից ՄՄ-ին, իսկ մյուս կողմից էլ՝ ՄՄ-ի հետ ոչ մի կապ չունեցող Հայաստանին: Իսկ գուցե Արամ Կարապետյանը, պարզապես, փորձում է այդ կերպ մեղմացնե՞լ գործող իշխանության եռակի պարտությունը, որպեսզի այն շատ ցավոտ չլինի մի քանի ամսվա մեջ մեզ տարբեր տեղեր տարած, բայց այդպես էլ ոչ մի տեղ չհասցրած Սերժ Սարգսյանի համար:



 



Չգիտեմ՝ ճի՞շտ է վարվում, արդյոք, Արամ Կարապետյանը, թե՞ ոչ, բայց մի իշխանություն, որ ակնհայտ ձախողումներ է գրանցում բոլոր հնարավոր ուղղություններով, պարտավոր է հեռանալ՝ ցավո՞տ լինի դա, թե՞ ոչ: Մինչդեռ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանի անունից հիմա էլ հայտարարում է, որ Հայաստանը ոչ թե ԵՄ, ՄՄ կամ Եվրասիական միություն է գնում, այլ ՄԱՓ՝ Մելիք Ադամյան փողոց:



 



Ծիծաղելի չէ՞ այս ամենը  



 



Էդիկ Անդրեասյան