Գարուն , ամառ աշուն, ձմեռ հավաքածու

Գարուն , ամառ աշուն, ձմեռ հավաքածու

Հին շորի նման, որ սիրում ես ու չես կարողանում բաժանվել: Մեր կառավարությանն էլ այդպես ձևավորվեց: Շորի թևը կտրեցին, ամառային դարձրին ու ասացին՝ 2006-ի ամառային մոդա: Շալվարը կտրեցին, փողքից բլուզ կարեցին, ասացին՝ նոր տեսականի: Ուշադրություն չդարձրին որակին, չմտածեցին՝ բա սա մի քսան տարի անխնա օգտագործվել է, թելերն արդեն դուրս են եկել, էլ հալ չունի, ո՞նց ենք նորի տեղ սաղացնում: Հայաստան աշխարհին հրամցրին նոր տեսականի՝  գարուն , ամառ աշուն, ձմեռ հավաքածուով: Ու երբ ցուցադրեցին, մարդիկ զարմացան՝ մոդա՜ն անցել է, 20 տարի առաջվա շորերն են:



Ասում էին՝ ամեն ինչ նոր է լինելու, փոփոխություններն ակնհայտ են լինելու: Հովիկին վարչապետ կարգեցին, չհասկացանք՝ Հովիկի նորը ո՞րն է: Հին-հին այնպիսի կադրեր պեղեցին,  որ ժամանակին լավ  բանեցվել էին ու ասացին՝ նոր են: Գլխի չենք ընկնում՝ երկու ամենահին հավաքածուների՝ Գագոների նորը ո՞րն է: Կամ Գալուստի, Գալուստի՛



նորը ո՞րն է: Որտեղի՞ց գտան Երվանդին: Բա որ Երվանդը նոր է, հի՞նը որն է: Թվարկել հնարավոր չէ: Նարեկի, Նարեկի՛ նորը ո՞րն է: Կարեն Ճշմարիտյանին ո՞վ է մոռացել: Ամառ, ձմեռ կրում էինք:



Գինին որ գինի է,  քացախ է դառնում, պճպճում, մարդու աչքը հանում: Որտեղի՞ց այդքան հին քացախ գտան ու բերեցին նորից կապեցին ժողովրդի ջանին: Հետո էլ ասում են՝ ինչու՞ եք աչքներդ տրորում: Մի՞թե լավը չեք տեսնում: Չյոռնի Գագոն էլ լրագրողների հարցին պատասխանում է՝ ես նորանշանակ նախարար եմ, ինձ հարցեր մի տվեք հնի մասին: Բա որ դուք նորն եք, հինը ո՞րն է:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ