Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել միջնորդներին. Շավարշ Քոչարյան

Բաքուն փորձում է շանտաժի ենթարկել միջնորդներին. Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի դեմ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի վերջին քննադատությունը «Բաքվի հերթական փորձն է շանտաժի ենթարկել համանախագահներին և ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորումը խոչընդոտելու իր  պատասխանատվությունը նրանց վրա բարդել»: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ News.am-ի խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները:



 



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալն ընդգծել է, որ «Ադրբեջանը շարունակական քննադատությունների է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին՝ ապարդյուն փորձելով վերջիններիս աջակցությունը կորզել իր ապակառուցողական դիրքորոշմանը»։



 



Հիշեցնենք, որ երեկ APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Արազ Ազիմովը քննադատել է Ուորլիքին՝ հնարավոր համարելով, որ Բաքուն Մինսկի խմբի համանախագահությունից ետ կանչի նրան։