Էդվարդ Նալբանդյանը Իրանի Նախագահին է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը

Էդվարդ Նալբանդյանը Իրանի Նախագահին է փոխանցել Հայաստան այցելելու հրավերը

Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թեհրան:



 



Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:



 



Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասել է, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել, և կա երկուստեք ցանկություն՝ առավել ընդլայնելու համագործակցությունը։



 



Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին:



 



Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկել բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։