Քառյակն ու վարչապետը խաղում են պասերով

Քառյակն ու վարչապետը խաղում են պասերով

Քառյակն ու Հովիկ Աբրահամյանը մուկնուկատու են խաղում՝ պարբերաբար «լարվելով» միմյանց հետեւից: Երբ Տիգրան Սարգսյանին իր կաբինետից վտարելուց անմիջապես հետո քառյակը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին էլ սպառնաց կուտակայինի հարցի հետ կապված արտահերթ նիստով, Արգամիչը քափ-քրտինք կտրած շտապեց  «անակնկալ» այցելել հրաշալի քառյակին, ավետիս հայտնել, թե «պատրաստ է լուծում տալ» պարտադիր կուտակային կենսաթոշակային չարաբաստիկ օրենքի վիճահարույց հարցերին:



 



Քառյակը հանդարտվեց, հետաձգեց արտահերթի թեման, բայց վերջին քառօրյային պարզեց, որ խաբվել է, քառյակից հայտարարություններ հնչեցին, որ վարչապետը «դրժել» է խոսքը: Որովհետեւ կառավարության ներկայացրած «փոփոխությունների» նախագիծը բառերից բացի ոչինչ չէր ընդգրկում եւ միայն  պարտադիր վճարներ չկատարելու դեպքում տույժերն է վերացնում մինչեւ սեպտեմբերի 30՝ ՍԴ տված ժամկետը: Հիմա «լարելու» հերթը քառյակինն է, նրանք որոշել են վերջին շանսը տալ Հովիկ Աբրահամյանին՝ իրենց առաջարկները ներկայացնելով ու պահանջելով հստակ դիրքորոշում: Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց, թե միասին պետք է որոշեն, եւ չբացառեց, որ այդ նպատակով այսօր կլինի չորսի հերթական դռնփակ հանդիպումը՝ օրն ու ժամը, սակայն դեռեւս չեն հստակեցրել։ «Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու եւ վերջնական տեսքի են բերվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քառյակի այն առաջարկները, որոնք պետք է ներկայացվեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դրանց բավարարվել կամ չբավարարվելուց է կախված արտահերթ նիստ հրավիրելը»,-ասաց Ս. Մարգարյանը, ում խոսքով, իրենց  առաջարկների հիմնական մեխը պարտադիր բաղադրիչի կասեցումն է: Ըստ ամենայնի, Արգամիչի պատասխանից է կախված քառյակի հետագա ճակատագիրը, որովհետեւ Տիգրան Սարգսյանի հեռացումից հետո սրանց բոլոր հանդիպումներն անպտուղ են դառնում եւ միասնական օրակարգ չեն կարողանում ձեւավորել: Հնարավո՞ր է «մերժումից» հետո քառյակը սկսի պահանջել Արգամիչի հրաժարականը: Մարգարյանը չի ցանկանում խոսել «նման հարցերի» շուրջ եւ հորդորում է սպասել զարգացումներին:



 



Քառյակի հանդիպումների բանագնաց Մարգարյանից  հարցրինք նաեւ, թե մտահոգություններ չունի՞, որ եռյակն իրենցից «բացատրություններ» կպահանջի: Գալուստ Սահակյանի քվեարկությունը դեռ չմարսած, հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն դերակատարում է ստանձնել նոր կառավարությունում: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Յուրի Վարդանյանին փոխարինել է ՀԱՕԿ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը, ով ԲՀԿ քաղխորհրդի անդամ է եւ Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած անձնավորություն: Սակայն Մարգարյանը, ձայնակցելով կուսակիցներին, կրկնեց հին երգը։ «Ես, որքանով տեղյակ եմ, Ղազարյանը դուրս էր եկել կուսակցությունից դեռ վաղուց եւ հիմա հրավեր էր ստացել եւ պատրաստվում էր մեկնել միջազգային կոմիտեում աշխատելու: Հավանաբար, ստացել է այդ առաջարկը պրոֆեսիոնալ ունակությունների շնորհիվ, այնպես որ, ճիշտ չէ նրան մեր կուսակիցը համարել»,- ասաց Մարգարյանը: Երբ հիշեցրինք Հրաչյա Ռոստոմյան նախարարի ժամանակները եւ նկատեցինք, որ հենց նա է այս օրերին Ծառուկյանի «աջ թեւը», չնայած ժամանակին դուրս էր եկել կուսակցությունից, Մարգարյանը փոքր-ինչ խմբագրեց խոսքը. «Դե, ես չեմ ասում անձնական հարաբերություններ են խզել ԲՀԿ ղեկավարի հետ, եւ հետո՝ եթե մենք պորտֆել ստանայինք, մեկով չէինք բավարարվի»: Մարգարյանը վստահեցրեց, թե քառյակում «լիբերալ կանոններ» են գործում, եւ ոչ ոք իրենց նման հարցերում չի մեղադրի:



 



«Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը նշում է, որ ԲՀԿ-ի վարքը քննարկման առարկա չի դառնա: ԱԺ նախագահի ընտրության հարցը քառյակի օրակարգում չի եղել, եւ ընդհանուր որոշում չի կայացվել, ուստի ոչ իշխանական ուժերն ազատ են եղել իրենց որոշման մեջ: Եթե նման ֆունդամենտալ հարցի շուրջ միասնություն չկա, ինչի՞ շուրջ կարող է լինել միասնություն, ընդհանրապես, որո՞նք են քառյակի բուն պահանջները, եւ արդյոք քաղաքական վերջին անցուդարձը չի՞ ապացուցում, որ քառյակ գոյություն չունի: Գոյություն ունի Ծառուկյան Գագիկ, ով իր կուսակցության միջոցով ապահովում է բոլոր քաղաքական ուժերի վրա վերահսկողությունը: Այդ դեպքում ինչո՞ւ հանդուրժել ընդդիմության շարքերում մի կուսակցություն, որը մաս է կազմում կառավարությանը եւ հատուկ արտոնություններ է վայելում՝ հարցրինք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով «հենվեց» ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետի վրա. «Դրա շրջանակից դուրս մեկնաբանություն չեմ ուզում անել: Որեւէ մեկը որեւէ մեկին արտոնություն չի տալիս, քաղաքական գործընթացներ են, գնում են առաջ»: Այսպիսով կարելի է ասել, որ ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ քառյակի միակ թշնամին Տիգրան Սարգսյանն էր, եւ քառյակը հանգիստ կարող է միայն արտահերթ նիստ հրավիրել եւ ԲՀԿ-ին չպարտադրել Արգամիչի հրաժարականի համար պայքար, ինչպես Արմեն Մարտիրոսյանն է ասում՝ «քաղաքական գործընթացներ են, գնում են առաջ», եւ մի օր հաստատ նոր «զոհ» կգտնվի:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]