Մելիք-Ադամյան փողոցը կշրջանցե՞ն

Մելիք-Ադամյան փողոցը  կշրջանցե՞ն

 Երեկ, ժամը 16-ին ԲՀԿ-ն նիստ է արել, որը նվիրված է եղել կառավարության ծրագրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցին, սակայն վերջնական որոշում չի կայացվել, եւ ԲՀԿ-ականները միայն իրենց տեսակետներն են հայտնել։ «Մի բան հստակ է, որ ազատ քվեարկություն, միանշանակ, չի լինելու, եւ ԲՀԿ-ն միասնական դիրքորոշում է հայտնելու, առաջիկա օրերին նորից կհավաքվենք եւ կորոշենք»,- երեկ մեր լրագրողին նիստից հետո փոխանցել է Ռուստամ Գասպարյանը: «Հնարավո՞ր է «կողմ» քվեարկեք՝ շանս տալով նոր կառավարությանն աշխատել» մեր հարցին Գասպարյանն այսպես է պատասխանել. «Ճիշտն ասած, այդպիսի ելույթներ չհնչեցին պատգամավորների կողմից»:



 



«Իսկ գուցե ձեռնպա՞հ». ԲՀԿ-ականը հորդորել է սպասել: Այսինքն՝ ԲՀԿ-ն կարող է անգամ «դե՞մ» քվեարկել։ «Կգա օրը՝ կիմանաք»: Ավելի ուշ ԲՀԿ լրատվականը հաղորդագրություն տարածեց. «Նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ  ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը: ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթներն ուժի մեջ են, եւ որեւէ  փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։



 



ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ եւս արձանագրել է, որ իր արժանապատվության եւ կուսակցության հեղինակության հաշվին որեւէ զիջում եւ հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաեւ հնչեցրել է  համոզմունք, որ առաջիկա   համապետական ընտրություններում   հաղթանակն  այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»: