ԲՀԿ-ի վերջին շա՞նսը

ԲՀԿ-ի վերջին շա՞նսը

Ինչպե՞ս է ԲՀԿ-ն պատրաստվում քվեարկել կառավարության ծրագրին, որն ԱԺ կուղարկվի մայիսի 12-ին եւ կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում՝ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ նոր վարչապետը կշարունակի հին ծրագրերը։ «Բնականաբար, կքննարկենք եւ կհայտարարենք»,- ասաց Ստեփան Մարգարյանը: Եթե հին ծրագիրն է լինելու, ինչի մասին Սերժ Սարգսյանն է հայտարարել, էլ ի՞նչ են քննարկելու։ «Եթե հինն է լինելու, ի՞նչ  իմաստ ունի, ո՞նց կարող են հին ծրագիր բերել, եկեք բերեն, հետո խոսենք»:



Փոխարենը, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով, բացարձակ կարեւոր չէ կառավարության ներկայացրած ծրագրի բովանդակությունը. «Տառերի եւ բառերի մեջ չէ խնդիրը, այլ կառավարման համակարգի: Եթե ոսկե տառերով այդ ծրագրում գրեն, որ լավ-լավ բաներ են անելու, միեւնույն է՝ չենք հավատում, որովհետեւ, կառավարության կազմը տեսնելով, արդեն ակնհայտ է, որ ոչ մի բարեփոխում չի լինի: Տիգրան Սարգսյանն էլ երկու անգամ ծրագիր բերեց, որտեղ գրված չէր, որ մարդիկ պետք է ավելի աղքատանան, փոքր ու միջին բիզնեսն անկում ապրի, մոնոպոլիաները մեծացնեն եւ այլն, եւ այլն»: «Ժառանգությունը» «դեմ» է այդ ծրագրին: Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կառավարության ծրագիրը «վերջին քննությունն» է լինելու ԲՀԿ-ի համար, եթե «դեմ» չքվեարկի, հնարավո՞ր է այդ օրը ճակատագրական լինի քառյակի համար, եւ իրենց շարքերից դուրս հրավիրեն «դասալիքներին»։ «Քաղաքականության մեջ ճակատագրական շատ քիչ բան է լինում:



 



Ցանկացած պարագայում քաղաքական պրոցեսները միշտ շարունակություն են ունենում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հիշեցնելով, որ «եթե»-ներով հարցերին չի պատասխանում: