Արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ Հադրութում

Արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ Հադրութում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ երեկ Հադրութում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը:



 



Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում նախ` միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:



 



Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները:



 



Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը իր ամփոփիչ խոսքում ուշադրություն է հրավիրել խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նա հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ: