Աֆրիկյանների տան պայքարը շարունակվում է

Աֆրիկյանների տան պայքարը շարունակվում է

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբը» եւ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունները Երեւանի Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի պահպանման համար ստորագրահավաք են սկսել։ «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանի խոսքով, քաղաքապետարանը «Բարեկարգ Երեւան» կարգախոսի քողի տակ վերացնում է պատմամշակութային հուշարձանները։ «Օրեր առաջ շենքի դիմացի չորս առողջ ծառերը բարբարոսաբար սղոցել են, որպեսզի սկսեն «ապամոնտաժման» գործողությունները»,-ասաց Ղազարյանը։ Հիշեցնենք, որ Աֆրիկյանների տունը կառուցվել է 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին։ Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։



 



Այն կառավարության 2004թ. որոշմամբ ընդգրկվել է Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Կառավարության մեկ այլ որոշմամբ, Աֆրիկյանների շենքը պետք է ապամոնտաժվի՝ մեկ այլ վայրում վերակառուցվելու նպատակով: Ներկայում Աֆրիկյանների շենքը պատկանում է «Millennium Construction»  ընկերությանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, ցանկանում է այստեղ հյուրանոց կառուցել: Նախաձեռնության անդամները քաղաքային իշխանություններին կոչ են անում քննարկում կազմակերպել համապատասխան մասնագետների ներկայությամբ՝ ներգրավելով շենքի սեփականատիրոջը, եւ հանրության շահերից բխող լուծում գտնել:



 



Գրիգոր Ղազարյանի խոսքով, քաղաքային իշխանություններին, մշակույթի եւ քաղաքաշինության նախարարություններին ու շենքի կառուցապատողին պետք է պարտադրեն, որպեսզի վերջիններս հարգեն հայ ազգին պատկանող պատմամշակութային այս բացառիկ կոթողը։ «Շենքն աստիճանաբար քանդում են։ Մի ամիս առաջ այն ամբողջովին այլ տեսք ուներ, իսկ այսօր աստիճանները չկան, առաստաղի մի հատվածը քանդել են»,-ասաց նախաձեռնության անդամը՝ նշելով, որ նախընտրելի է, որ Աֆրիկյանների շենքը տուրիստական կենտրոն դառնա Երեւանում, քանի որ այդ տարիքի շենք քաղաքում մի քանի հատ է մնացել, եւ ցանկացած տարբերակով պետք է պահպանել ոչնչացումից: «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանի համոզմամբ էլ, այս շենքը քանդում է կառավարությունը։ «Ոչ քաղաքապետարանն է հետեւում այս գերակա շահն իրականացնելուն, ոչ կառավարությունն է դրանով զբաղված»,- ասաց Բաղդասարյանը։ Նրա համոզմամբ, պետք է բանակցություններ անցկացվեն շենքի սեփականատերերի հետ, եւ լինի նոր նախագիծ, որը կընդգրկի այս շենքը հետագա կառույցի կազմի մեջ, այսինքն` հուշարձանը կմնա իր տեղում։ «Չեմ հավատում, որ քար առ քար տեղափոխվելուց հետո Աֆրիկյանների շենքը կպահպանի իր ճարտարապետական արժեքը։ Քանի դեռ ուշ չէ, հնարավոր է շենքը վերականգնել»: Նրանք կառուցապատող «Millennium Construction» ընկերությունից պահանջում են պահպանել հուշարձանը:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ