Հիշողություններ վարքագրության մասին

Հիշողություններ վարքագրության մասին

Խանջյան փողոցի վրա տաքսի եմ վերցնում, վարորդին խնդրում եմ.



- Գնանք Քանաքեռի հիվանդանոց:



- Էդ ո՞րն ա:



- Միքայելյան հիվանդանոց՝ Քանաքեռում:



- Հա, պարզ ա, ի՞նչ կա:



Չգիտեմ վարորդին ինչ պատասխանեմ, ասեմ, որ հայրս հիվա՞նդ է, ասեմ, որ ի զորո՞ւ չեմ պատասխանելու, թե՞ ընդհանրապես ինչ կա կամ ինչ կարող է լինել, ասեմ, որ իր ի՞նչ գործն է, որ նման հարց է տալիս: Հետո մտածում եմ՝ գուցե մարդկայնորեն անհանգստանում է, մտածում է. եթե հաճախորդը հիվանդանոց է գնում, ուրեմն դժբախտություն է պատահել, ու ինքն անպայման պիտի հարցնի դժբախտության մասին, եւ այդ հարցը սփոփանքի պես մի բան է, տխուր մտքերը ժամանակավորապես ցրելու միջոց:



- Հայրս իրեն լավ չէր զգում, տարել են Քանաքեռի հիվանդանոց:



- Քանի՞ տարեկան ա:



- Հիսունյոթ:



- Վտանգավոր տարիք ա, վաթսունի շեմն անցավ՝ մինչեւ իննսուն կձգի, տենց ա, ես էլ լավ չեմ:



Չգիտեմ ինչպես մեկնաբանել՝ «ձգելու» «մարդկային տարիքի», «իր լավ չլինելու» մասին:



Վարորդը քշում է ու հայելու մեջ անընդհատ ինձ փնտրում:



- Ինչի՞ դեմը չնստեցիր:



- Էստեղ ավելի հարմար եմ ինձ զգում:



Աշխատում եմ հայելու մեջ չերեւալ, որ դեմքիս որեւէ բեկոր խոսելու առիթ չտա նրան:



Տաքսին կանգնում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դարպասի մոտ:



 - Առողջություն, Ասծով, Ասծով,- համարյա բղավում է վարորդը:



- Շնորհակալ եմ:



Հիվանդանոց եմ մտնում, ընդունարանում հարցնում եմ սրտանոթային բաժանմունքի տեղը:



- Ո՞ւմ եք ուզում:



- Հայրիկիս էստեղ են բերել, ուզում եմ իր մոտ գնալ:



- Որտե՞ղ:



- Սրտանոթային բաժանմունք:



- Անուն-ազգանունը:



Ասում եմ:



- Տենց անուն-ազգանունով հիվանդ չունենք:



- Շատ լավ, իսկ Քանաքեռում կա՞ սրտաբանական մեկ ուրիշ կենտրոն:



- Եսիմ, երեւի կա, Օնկոլոգիայի մոտերքը:



Դուրս եմ գալիս, նորից տաքսի եմ վերցնում:



- Գնանք Օնկոլոգիայի կենտրոն:



Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտից Օնկոլոգիայի կենտրոն շատ մոտ է:



Տաքսու վարորդի հետ երկխոսելու հնարավորությունը մեռնում է:



Իջնում եմ, քայլում Օնկոլոգիայի կենտրոնի գլխավոր մասնաշենք:



Կապույտ խալաթով բուժքույր եմ տեսնում.



- Կներեք, էստեղ սրտաբանական բաժանմունք կամ կենտրոն կա՞:



- Չգիտեմ, ուրիշին հարցրու:



Մտնում եմ ընդունարան, մոտենում մի ուրիշ բուժքրոջ, նորից հարցնում:



- Ի՞նչ իմանամ, ես ի՞նչ իմանամ:



Դուրս եմ գալիս, կանգնում շենքի առջեւ: Երկրորդ հարկի մի պատուհանից երիտասարդ բուժքույր է նայում: Դիմում եմ նրան:



- Կներեք, էստեղ սրտաբանական բաժանմունք կամ կենտրոն կա՞:



Ուշադիր նայում է, նայում ու հանկարծ ափը սեղմելով բերանին՝ քրքջում է, հետո փախչում: Քայլում եմ հիվանդանոցի ետեւամաս: Բուժքրոջ քրքջոցը դեռ լսվում է: Մտածում եմ՝ տեսնես ինչո՞ւ քրքջաց, երեւի դեմքիս անիմաստ արտահայտությունից ազդվեց, բայց դիմելաձեւս, խնդրանքս հստակ էր, զուսպ:



Դիմացս սքանչելի այգի է բացվում: Լսվում է ծառերի տերեւների ու կանաչ խոտի քնքուշ սոսափյունը: Երկհարկանի շենք եմ տեսնում, սանդուղքների մոտ մարդ է նստած: Մոտենում եմ, հարցնում նրան:



- Կներես, սրտաբանականի տեղը չգիտեմ, սա ճառագայթի մասնաշենքն է, դուրս արի փողոց, էնտեղ հարցրու՝ կասեն:



Ժպտում է բարի աչքերով ու ավելացնում.



- Բայց տարեց մարդուց կհարցնես:



- Շնորհակալություն:



Քայլում եմ դեպի փողոց ու մտածում՝ «ինչո՞ւ տարեց մարդ, ինչո՞ւ էդպես ասեց»:



Կանգնում եմ փողոցի մայթին, սպասում:



Մթերային խանութի ետնամասից շագանակագույն վերնաշապիկով պապիկ է դուրս գալիս ու դանդաղ քայլքով առաջանում:



Մոտենում եմ նրան:



- Բարեւ ձեզ:



- Հազար բարի:



- Ես սրտաբանականն եմ փնտրում, կարո՞ղ է տեղն իմանաք:



- Շատ լավ, հիմա ուշադիր ինձ լսի: Փողոցով քայլում ես մինչեւ լուսացույց, տեսնո՞ւմ ես:



- Տեսնում եմ:



- Ապրես, երբ հասնես դրան, թեքվի ձախ ու մի քանի մետր քայլի, դեղնավուն երկհարկանի շենքը սրտաբանականն է:



Գլխով եմ անում, ուզում եմ շնորհակալություն հայտնել, չի ստացվում:



- Արի, ես քեզ կուղեկցեմ:



Քայլում ենք կողք կողքի:



Պապիկը լուռ է:



Ինձ ոչինչ չի հարցնում:



Երբ տեղ ենք հասնում, սեղմում է ձեռքս:



- Ցտեսություն:



Ես երկար նայում եմ նրա ետեւից:



Սա էր օրվա իմ հիշատակարանը:



 



Արամ ՊԱՉՅԱՆ